ՔՈ ԴԵՐԸ
Եթե դու փորձառու ինժեներ ես, տիրապետում ես ինժեներական համակարգերի նախագծման և տեխնիկական սպասարկման աշխատանքների կառավարման նրբություններին, ունես վերլուծական մտածողություն, թիմ ղեկավարելու հմտություններ և ցանկանում ես քո մասնագիտական փորձն ու գիտելիքը ներդնել զարգացող և կարևոր առաքելություն իրականացնող կառույցում, ապա ՔՈԱՖ-ի (Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ) Տեխնիկական սպասարկման համակարգերի գլխավոր ինժեների պաշտոնը հենց քեզ համար է։ Ավելի մանրամասն՝
ՔՈ ԹԻՄԸ
Դու կմիանաս ՔՈԱՖ Ենթակառուցվածքների թիմին և կաշխատես Ենթակառուցվածքների դեպարտամենտի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ։ Քո աշխատանքը առանցքային դեր ունի՝ կապ ապահովելով տեխնիկական սպասարկման ընթացիկ աշխատանքների և կենտրոնների ինժեներական համակարգերի զարգացման գործընթացների միջև։
Սպասարկման կառավարում և համակարգում (50%)
- Ղեկավարել ՔՈԱՖ-ի ենթակայության տակ գտնվող բոլոր շենքերի և կենտրոնների տեխնիկական սպասարկման ինժեներների աշխատանքը՝ ապահովելով ինժեներական համակարգերի անխափան, արդյունավետ և անվտանգ աշխատանքը (անկախ գտնվելու վայրից)։
- Կոորդինացնել և վերահսկել սպասարկման ծառայություններ մատուցող կապալառու կազմակերպությունների աշխատանքը՝ ապահովելով պայմանագրային պարտավորությունների պատշաճ և ժամանակին իրականացումը։
- Վերահսկել բոլոր ինժեներական համակարգերի պլանային սպասարկման, արտակարգ արձագանքման և վերանորոգման աշխատանքները, ներառյալ՝
- ջրամատակարարման (սառը/տաք), ոռոգման, ջրահեռացման համակարգերը,
- ջեռուցման, հովացման և օդափոխության համակարգերը,
- բարձր և ցածր լարման էլեկտրամատակարարման ենթահամակարգերը (ներառյալ ենթակայաններ, գեներատորներ),
- հակահրդեհային և ազդանշանային համակարգերը,
- գազատարները, վերելակները, ծխատարները, դռները և պատուհանները և այլն։
- Կազմել և ներկայացնել տարեկան բյուջեներ՝ սպասարկման, վերանորոգման և արտակարգ իրավիճակների արձագանքման նպատակներով։
- Կազմել եռամսյակային հաշվետվություններ՝ պլանավորված և փաստացի իրականացված աշխատանքների վերաբերյալ։
- Պարբերաբար այցելել ՔՈԱՖ կենտրոններ՝ գնահատելու համակարգերի վիճակը, աշխատակազմի աշխատանքը և ներկայացնելու բարելավման առաջարկներ։
Խորհրդատվություն, տեխնիկական ստուգումներ և մասնակցություն նախագծման փուլերին (35%)
- Մասնակցել նոր շենքերի նախագծման փուլերին՝ ներգրավվելով տեխնիկական առաջադրանքների մշակման և տեխնիկական խորհրդատվության տրամադրման գործընթացներում՝ ապահովելով համակարգերի համապատասխանությունը ՔՈԱՖ-ի ստանդարտներին։
- Վերահսկել շինարարական աշխատանքների ընթացքում ինժեներական համակարգերի իրականացման գործընթացը՝ տրամադրելով մասնագիտական կարծիք և բարելավման առաջարկություններ։
- Ղեկավարել շինարարությունների ավարտին իրականացվող ինժեներական համակարգերի ընդունման գործընթացը՝ ապահովելով կատարողական գծագրերի, սխեմաների, սերտիֆիկատների և շահագործման համար անհրաժեշտ բոլոր բանավոր և գրավոր հրահանգների ու փաստաթղթերի ամբողջական ստացումը։
- Տրամադրել տեխնիկական խորհրդատվություն՝ սարքավորումների տեխնիկական բնութագրերի, համապատասխանության և շուկայի վերլուծության վերաբերյալ։
- Զեկուցել անմիջական ղեկավարին սպասարկման աշխատանքների ընթացքի, պլանների և առկա խնդիրների վերաբերյալ։
Բարելավման համակարգեր և մատակարարում (15%)
- Պլանավորել և ապահովել պահեստամասերի, գործիքների և նյութերի ժամանակին մատակարարումը՝ ինչպես ընթացիկ, այնպես էլ արտակարգ սպասարկման նպատակներով՝ համագործակցելով գնումների մասնագետների հետ և տրամադրելով հստակ տեխնիկական բնութագրեր։
- Հետևել ինժեներական համակարգերի կառավարման ծրագրերի թարմացմանը՝ նպաստելով դրանց արդյունավետության բարձրացմանը և շահագործման ժամկետի երկարացմանը։
ԴՈՒ
Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․
ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ
- Ինժեներական համակարգերի նախագծման կամ տեխնիկական սպասարկման աշխատանքների խորքային գիտելիքների և պրակտիկ հմտությունների, քանի որ ունես համապատասխան բարձրագույն կրթություն և նվազագույնը 10 տարվա համապատասխան աշխատանքային փորձ։
- Պրակտիկ գիտելիքների ջեռուցման, հովացման, օդափոխության, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, հակահրդեհային և նմանատիպ համակարգերի կառավարման հարցերում։
- Autocad ծրագրին՝ գծագրեր կարդալու և ձևափոխելու մակարդակով։ Revit MEP-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- Հայերենին՝ բանավոր և գրավոր։ Անգլերենի տեխնիկական բառապաշարի իմացությունը պարտադիր է։ Ռուսերենի իմացությունը՝ ցանկալի։
ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ
- Ղեկավարել բազմաբնույթ թիմերի և կապալառուների աշխատանքը։
- Կազմել տեխնիկական առաջադրանքներ, վերլուծել շինհրապարակի կարիքները և ապահովել տեխնիկական համապատասխանությունը։
- Արագ կողմնորոշվել խնդիրների դեպքում, գտնել արդյունավետ լուծումներ և գնահատել ռիսկերը։
- Աշխատել Google Workspace գործիքներով և տեխնիկական փաստաթղթերի հետ։
ԴՈՒ ԼԻՆԵՍ
- Պատրաստ ներդնել քո փորձը ՔՈԱՖ-ի կայուն և ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծման գործում։
- Պատրաստ աշխատել թիմային միջավայրում և գործընկերներին ուղղորդել իրենց մասնագիտական աճի ճանապարհին։
- Հաշվետու, նախաձեռնող և վստահելի մասնագետ։
ՄԵՆՔ
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:
2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ կրկնօրինակվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։
ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
- Կյանք փոխող աշխատանքային փորձ,
- Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
- Մրցակցային աշխատավարձ,
- Մասնագիտական աճի հնարավորություններ,
- Անվճար անգլերենի դասընթացներ՝ ըստ կարիքի,
- Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը՝ 2025թ․ հունիսի 22-ի օրվա ավարտն է։
Կազմակերպությունն ամենօրյա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։