Նորակառույց շենք, մարզադաշտ ու ժամանակակից լուծումներ. ՔՈԱՖ-ը վերակառուցել է Դեբեդի միջնակարգ դպրոցի շենքը։

Սեպտեմբերի 12-ին Լոռու Դեբեդ գյուղում պաշտոնապես բացվեցին տեղի միջնակարգ դպրոցի նոր շենքի դռները։ Դպրոցն ամբողջությամբ կառուցվել է ՔՈԱՖ-ի կողմից՝ բարերարներ Հարություն և Սյուզան Մանգոյանների հովանավորությամբ։

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը, ՔՈԱՖ-ի բարերարներ, ՔՈԱՖ հիմնադիր, նախագահ Գարո Արմենը և հիմնադրամի  գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը։

Համայնքի բնակիչների, ուսուցիչների ու աշակերտների հետ նրանք ազդարարեցին Դեբեդում կրթական նոր հնարավորությունների մեկնարկը։

Բարձր սեյսմակայունությամբ նորակառույց դպրոցը կարող է ապահովել ավելի քան 190 աշակերտի ուսումնառությունը, ներկայումս, սակայն, այնտեղ սովորում է 116 աշակերտ։ Դպրոցը ներառում է լուսավոր ու գունեղ դասասենյակներ, մասնագիտացված լաբորատորիաներ և ինտերակտիվ սենյակներ, որոնք միտված են ոչ միայն գիտելիքի արդյունավետ յուրացմանը, այլև աշակերտների ստեղծարար ներուժի բացահայտմանը։

Հարմարավետ դասասենյակներից բացի, երեխաները կարող են վայելել նաև դպրոցի նոր մարզադաշտը, խաղահրապարակը ու հարակից բարեկարգ տարածքը, որը ծառայում է նաև համայնքին։

Մինչ դպրոցի նոր շենքի կառուցումը, դասապրոցեսը ժամանակավորապես կազմակերպվում էր Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում։ Այժմ արդեն աշակերտներն ու դպրոցի անձնակազմը ուսումնական նոր տարին դիմավորում են մի շենքում, որը կառուցվել է հոգատարությամբ, պատասխանատվությամբ ու փայլուն ապագայի սպասումով։

Նոր դպրոցը պաշտոնապես հանձնվել է ՀՀ Կառավարությանը՝ դառնալով համայնքի կրթական առաջընթացի նոր խորհրդանիշ։