Այն, ինչ սկսվեց որպես համարձակ գաղափար Լոռու սարերում, այսօր դարձել է ողջ Հայաստանում գյուղական համայնքների զարգացման մոդել։
2018թ.-ի մայիսի 27-ին Դեբեդ գյուղում բացվեցին առաջին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի դռները՝ նշանավորելով նոր ժամանակաշրջանի սկիզբ Հայաստանի գյուղաբնակ երիտասարդների կրթության ոլորտում։
Յոթ տարի անց ՍՄԱՐԹ-ը պարզապես կենտրոն չէ, այն պատմություն է՝ վերափոխման մասին։
Տեսլական, որ սկիզբ առավ նորարարությունից
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ն ի սկզբանե պարզապես կրթական կենտրոն լինելու նպատակ չուներ։ Ինչպես նշել է ՔՈԱՖ-ի հիմնադիր դոկտոր Գարո Արմենը․
«Մեր տեսլականը միշտ էլ եղել է գյուղական համայնքներում առկա խնդիրները նորարարությամբ ու արագությամբ լուծելը՝ համահունչ փոփոխվող աշխարհի պահանջներին։ ՍՄԱՐԹ-ը մեր հավատն է առ այն, որ յուրաքանչյուր երեխա, անկախ ծննդավայրից, արժանի է ժամանակակից գիտելիքների ու ներշնչանքի հասանելություն ունենալու»։
Այդ տեսլականը մարմնավորվեց ժամանակակից, նորարար միջավայրում՝ հիմնված չորս առանցքային ուղղության վրա՝
- Նորարարություն և ստեղծարարություն
- Լեզուներ և հաղորդակցություն
- Ձեռնարկատիրություն և տնտեսական զարգացում
- Քաղաքացիական ակտիվություն և ինքնաճանաչում
Այսօր Լոռու շուրջ 30 համայնքների մոտ 2000 ուսանող ամեն շաբաթ մասնակցում է ՍՄԱՐԹ-ի ծրագրերին՝ բացահայտելով իր կարողությունները, զարգացնելով հմտություններ և ստանալով մասնագիտական աջակցություն մենթորների կողմից։
Սկսած նախադպրոցական տարիքից մինչև շրջանավարտների կարիերայի զարգացման ծրագրեր՝ ՔՈԱՖ-ը թևեր է տալիս գյուղաբնակ երիտասարդներին, որ իրենք որոշեն՝ ինչ է իրենց համար հաջողությունը՝ միջազգային ասպարեզում մրցակցե՞լը, թե իրենց համայնքները զարգացնելը։
Ի՞նչ է տալիս ՍՄԱՐԹ կենտրոնը երիտասարդներին
Ինչպես ասում է Անին, ով առաջին իսկ օրից ՍՄԱՐԹ-ի ուսանող է եղել․
«ՍՄԱՐԹ կենտրոնը մեզ միայն դասեր չտվեց։ Այն մեզ նպատակ տվեց, ընկերներ ու հավատ, որ մենք կարող ենք ինչ-որ մեկը դառնալ և մի կարևոր բան անել»։
Ռոբոտաշինությունից մինչև արվեստ, անգլերենից մինչև մեդիագրագիտություն, գյուղատնտեսությունից մինչև ինքաճանաչում՝ ՍՄԱՐԹ-ը կրթելուց բացի շատ ավելին է անում․ այն օգնում է ուսանողներին ճանաչել իրենց ու իրենց ապագան։
Ամենաթարմ նվաճումները. ձեռքբերումներ բոլոր ուղղություններով
Այս տարվա հոբելյանը համընկել է մի քանի կարևոր զարգացումների հետ՝
Նոր ավտոբուսներ
Բարերար Ջեք Յուրեջյանի աջակցությամբ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնն ունի նոր ավտոբուսներ, որոնք ամեն շաբաթ տեղափոխում են ավելի քան 2000 ուսանողի։ Ուստի, հեռավորությունն այլևս խոչընդոտ չէ կրթության համար։
Արևային վահանակներ՝ կայուն զարգացման համար
Վերջերս տեղադրված արևային վահանակներն արդեն ապահովում են կենտրոնի էլեկտրաէներգիան՝ ՔՈԱՖ-ի կայունության և բնապահպանական կրթության տեսլականի շրջանակում։
Լավանդայի արտեր՝ նոր հորիզոններ բացելու համար
ՍՄԱՐԹ-ի տարածքում տնկված լավանդայի արտերը շուտով կծառայեն որպես ուսումնափորձարարական միջավայր, իսկ հետագայում կդառնան մեր ծրագրերը սնող եկամտի ռեսուրս։
Դասասենյակից դուրս
ՍՄԱՐԹ կենտրոնի ազդեցությունը շատ ավելի լայն է, քան միայն կրթական ծրագրերը։ ՍՄԱՐԹամեջ միջոցառումների միջոցով աշակերտները հանդիպում են ներշնչող մարդկանց՝ արվեստագետներից ու գիտնականներից մինչև շախմատի գրոսմայստեր Լևոն Արոնյանին, ով հիշեցրեց, որ տաղանդը կարևոր է, բայց ամեն բան կախված է վճռականությունից։
Կենտրոնը նաև տնտեսական զարգացման հանգույց է։ Կից գտնվող Կոնցեպտ հյուրանոցն ու համագումարների կենտրոնը՝ որպես ՔՈԱՖ-ի սոցիալական ձեռնարկություններ, ստեղծում են աշխատատեղեր, հյուրընկալում միջազգային ու տեղական միջոցառումներ և նպաստում են Լոռու՝ որպես զբոսաշրջային ու նորարարական ուղղության ճանաչմանը։
Ի՞նչ է սպասվում առջևում
ՍՄԱՐԹ-ը միշտ ապագայի մասին է։ Նշելով ՍՄԱՐԹ-ի 7 ամյակը՝ մենք ոչ միայն հետհայաց ենք գցում, այլև շարունակում ենք նայել դեպի ապագա։
Երկրորդ ՍՄԱՐԹ կենտրոնը արդեն կառուցվում է Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում։ Այն մեկնարկել է իր գործունեությունը արդեն իսկ լիարժեք գործող Երեխայի և ընտանիքի կենտրոնով, որը ծառայում է հարյուրավոր ընտանիքների։ ՍՄԱՐԹ կենտրոնի մասնաշենքն էլ այժմ ակտիվ կառուցապատման փուլում է։
ՔՈԱՖ-ը նախատեսում է կառուցել ևս երկու ՍՄԱՐԹ կենտրոն Սյունիքի մարզի Գորիս և Կապան քաղաքներում Եվրոպական միության աջակցությամբ։ Դրանք ևս հիմնվելու են Լոռիում արդեն իսկ հաջողված մոդելի վրա, որ միավորում է կրթությունը, ընտանեկան ծառայությունները, համայնքային առողջապահությունը, աշխատատեղերի ստեղծումն ու մշակութային վերածնունդը։
Մենք կենտրոններ չենք բացում, մենք կառուցում ենք ապագան։
Եկե՛ք միասին կերտենք հաջորդ 7 տարիները
Աջակցե՛ք ՔՈԱՖ ՍՄԱՐԹ նախաձեռնություններին և օգնե՛ք, որ նորարարությունը, ներշնչանքն ու հնարավորությունները հասնեն Հայաստանի ամեն համայնք։