Լեռնագոգը Հայաստանի Արմավիրի մարզի փոքր, բայց մեծ նվաճումներ ունեցող գյուղ է։ Հիմնականում արևածաղկի դաշտերով ու գյուղատնտեսական առօրյայով հայտնի այս գյուղում 2012թ․-ին ՔՈԱՖ-ն առաջին անգամ հիմնեց ժամանակակից ստեղծագործարան։
Ուսումնական տարվա մեկնարկից մեկ ամիս անց գյուղը դեռ փորձում է ետևում թողնել ամառը։ Հնձած դաշտերի եզրով դեռ վարում են տրակտորները, ընկուզենիներն էլ բաց են թողնում իրենց վերջին տերևները։ Դպրոց գնալիս 15-ամյա Դավիթը անցնում է եկեղեցու, փոքրիկ այգու ու այն լռության միջով, որը սովորաբար ուղեկցում է իրեն։ Նույն ճանապարհն է, ինչ ամեն օր, բայց այսօրը փոքր-ինչ տարբերվում է։ Նա առաջադրվել է որպես դպրոցի աշակերտական խորհրդի մշակույթի նախարար, ու մի ձեռքին իր ելույթի տեքստն է, մյուսին` ինքնավստահության անհրաժեշտ չափաբաժինը։
Քաղաքացիների նոր սերունդը
Ավելին, քան արտադպրոցական միջոցառում
Լեռնագոգի միջոցառումը շատ ավելի մեծ նախաձեռնության մասնիկ է։ ՔՈԱՖ-ի քաղաքացիական կրթության ծրագիրը շուրջ 15 տարի իրականացվում է Հայաստանի 30-ից ավելի գյուղերում։ 2025թ․-ին աշակերտական խորհուրդ գործել է Արմավիրի մարզի 8 գյուղերում՝ Հացիկ, Մյասնիկյան, Դալարիկ, Լեռնագոգ, Աղավնատուն, Լենուղի, Նալբանդյան և Շենիկ։
Ծրագիրը սերմանում է մտածողության փոփոխություն, ուսանողի մեջ փորձում «արթնացնել» քաղաքացուն, ինչպես նաև անտարբերությունը փոխարինել նախաձեռնողականությամբ, իսկ պասիվությունը՝ մասնակցությամբ։
«Թող իրենք անեն»-ից մինչև «Մենք ենք ընտրում»
«Նախկինում ընդունված էր «Թող այս երեխան լինի՝ ինքը դրանից լավ է» մոտեցումը»,- բացատրում է ՔՈԱՖ-ի կրթական և շրջանավարտների ծրագրերի ղեկավար Շուշանիկ Բոյաջյանը՝ խոսելով, թե ինչպիսին էր առաջ թեկնածուների ընտրությունը դպրոցներում։
«Մենք սովորեցնում ենք նրանց, թե ինչ է նշանակում իրականում ընտրել՝ քննադատաբար մտածել, վարել քարոզարշավ և հավատալ, որ իրենց ձայնը կարևոր է։ Հիմա նրանք առաջադրում են թեկնածուներ և քվեարկում ըստ արժանիքների»։
Իրական ընտրություն՝ իրական դասերով
Յուրաքանչյուր ուսումնական տարի սկսվում է լիածավալ ժողովրդավարական ընտրություններով։ Ուսանողները առաջադրում են թեկնածուներ, վարում քարոզարշավներ և գաղտնի քվեարկության մասնակցում։ ՔՈԱՖ-ն ապահովում է գործընթացի արդարությունը և, որ առավել կարևոր է, դրա կրթական նշանակությունը։
Աշակերտները ստանձնում են նախագահների, գանձապահների, քարտուղարների, ինչպես նաև կրթության, մշակույթի և առողջապահության նախարարների դերեր։ Ամենակարևոր դասը, որ նրանք ստանում են, այն է, որ կարող են կարևոր ձայն ունենալ իրենց դպրոցի և համայնքի ձևավորման մեջ։
Քվեարկությունից մինչև տեսլական․ ինչպես է ծրագիրն իրականացվում
Սովորում ենք գործելով
Երբ ընտրություններն ավարտվում են, սկսվում է իրական աշխատանքը։ Յոթից 12-րդ դասարանների աշակերտները ձևավորում են խորհուրդներ և ՔՈԱՖ-ի աջակցությամբ սկսում առաջնորդության ու նախագծային աշխատանքի միամյա ճանապարհը։
Յուրաքանչյուր շաբաթ խորհրդի անդամները մասնակցում են հետևյալ թեմաներով ինտերակտիվ դասընթացների․
- Առաջնորդություն և քաղաքացիական պատասխանատվություն
- Նախագծերի պլանավորում և թիմային աշխատանք
- Համայնքի կարիքների գնահատում
- Որոշումների կայացում և արդյունավետ հաղորդակցություն
Մտքից մինչև իրականացում
Նրանք մտագրոհ են անում, քննարկում, հետազոտում․․․ Հարցնում են իրենց համադասարանցիներին՝ ինչը փոփոխության կարիք ունի, իսկ հետո կազմում են ծրագիր այն իրականություն դարձնելու համար։ Որոշ գաղափարներ սկսվում են փոքր քայլերից՝ դասասենյակի վերանորոգում կամ հիգիենայի վերաբերյալ իրազեկման օրվա կազմակերպում։ Իսկ որոշ նախաձեռնություններ էլ վերածվում են խոշոր նախագծերի, որոնց ազդեցությունը դուրս է գալիս դպրոցական պատերի սահմաններից։
Առաջնորդություն՝ փորձի միջոցով
ՔՈԱՖ-ի մոդելը յուրահատուկ է նրանով, որ աշակերտներին պարզապես չեն հրավիրում մասնակցելու՝ նրանց պատրաստում են առաջնորդելու։ Նրանք ուսումնասիրում են հրապարակային խոսք, բյուջեի կառավարում, թիմային փոխհարաբերությունների կարգավորում և իրենց աշխատանքի ազդեցության գնահատում։
Եվ այդ ճանապարհին նրանք բացահայտում են մի կարևոր ճշմարտություն, որը շատ գյուղաբնակ պատանիներ հաճախ չեն լսել՝ «քո ձայնն այստեղ կարևոր է»։
Ինչ են ստեղծում ուսանողները
2024թ․-ին ՔՈԱՖ-ի աջակցությամբ չորս դպրոցների աշակերտական խորհուրդներն իրականացրին նախագծեր, որոնք ցույց տվեցին, թե որքան հեռու կարող է հասնել լավ գաղափարը՝ մի փոքր աջակցության շնորհիվ։
Սարդարապատը՝ քարտեզի վրա
Սարդարապատի աշակերտական խորհուրդը ստեղծեց ինտերակտիվ կայքէջ՝ Արմավիրի զբոսաշրջությունը խթանելու նպատակով։ Հարթակն օգնում է այցելուներին կողմնորոշվել տեղի տեսարժան վայրերում, թանգարաններում, ռեստորաններում, քայլարշավային արահետներում և գինու գործարաններում՝ ամենը ներկայացված հարմար և հեշտ կիրառելի քարտեզի վրա։
«Մենք հասկացանք, որ նույնիսկ հարակից գյուղերի բնակիչները չգիտեն, թե որքան շատ բան կարող է առաջարկել Արմավիրը, ու մենք ուզեցինք դա փոխել,»- նշում է աշակերտներից մեկը։
Նորապատն ու իր մարդիկ
Նորապատում աշակերտները տեսախցիկներն ուղղեցին իրենց համայնքի մարդկանց վրա։ «Նորապատի նշանակալի մարդիկ» տեսաշարն ընդգրկում է հացթուխների, արվեստագետների, երաժիշտների և առօրյա հերոսների պատմություններ, որոնք համայնքի ոգին են։
«Նրանք մարդիկ են, ում ամեն օր տեսնում ենք, բայց իրականում չենք նկատում,»- նշում է աշակերտներից մեկը։ «Հիմա բոլորը տեսնում են, թե որքան կարևոր են նրանք»։
Երվանդաշատ․ սովորելն ու խաղը միասին
Երվանդաշատի աշակերտական խորհուրդը մշակեց «Իմաստիկ» խաղը՝ ինտերակտիվ վիկտորինա, որը նախատեսված է փափուկ հմտություններ, ժողովրդավարություն և մեդիագրագիտություն սովորեցնելու համար։ Խաղը փորձության է ենթարկում՝ տարբերելու կեղծ նորությունները, ստուգելու ֆինանսական գրագիտությունը և հանձնելու ամփոփիչ «ժողովրդավարության քննություն»։
Մինչև խաղը ներկայացնելն այն խաղացինք մեր փոքրիկ քույր-եղբայրների հետ։ Նրանք չկարողացան կտրվել խաղից,- ծիծաղելով պատմեց թիմի մի անդամ։
Խաղալ «Իմաստիկ»
Բագարան․ բացատրելով՝ ինչ է խորհուրդը
Բագարանում աշակերտական խորհուրդը որոշեց օգնել մյուս աշակերտներին հասկանալ, թե ինչպես են աշխատում խորհուրդները և ինչու են դրանք կարևոր։ Իրենց տեսաշարում նրանք մանրամասն բացատրում են ամեն ինչ՝ ընտրությունների կազմակերպումից մինչև ուսուցիչների ու ծնողների հետ համագործակցություն՝ իրական փոփոխություններ կատարելու համար։
Ծրագիր, որ մտածելակերպ է փոխում
Աշակերտական խորհուրդների ծրագիրը ՔՈԱՖ-ի քաղաքացիական կրթության մոդելի մի մասն է՝ ի թիվս հետևյալ ծրագրերի՝
- Բանավեճի ակումբ
- Մասնագիտական կողմնորոշում
- Սոցիալ-ֆինանսական կրթություն
Միասին այս բոլոր բաղադրիչները նպատակ ունեն ոչ միայն ձևավորել գիտելիք, այլև սերմանել նախաձեռնողականություն և փափուկ հմտությունների մի ամբողջ շարք։
Գյուղաբնակ երիտասարդների համար, որոնք հաճախ որոշում կայացնելու գործընթացներում ներգրավված չեն եղել, մտածողության փոփոխությունն իսկապես վերափոխող ուժ ունի։
Նրանք տարին սկսում են որպես աշակերտներ ու մինչև տարեվերջ դառնում առաջնորդներ, խնդիր լուծողներ և իրենց համայնքի զարգացմանը նպաստող դերակատարներ։
«Նրանք ոչ միայն դպրոցական միջոցառումներ են կազմակերպում, այլև հասկանում են՝ ինչ է պատկանելության զգացումն ու փոփոխության նախաձեռնող ուժ լինելը»,- նշում է Շուշանը։
Ծրագրի կարևորությունը
Շատ գյուղական համայնքներում ուսանողները մեծանում են՝ զգալով, որ կարևոր որոշումները կայացվում են այլուր՝ իրենցից հեռու։ ՔՈԱՖ-ի աշակերտական խորհուրդները նրանց ցույց են տալիս, որ առաջնորդությունը կարող է և պետք է սկսի դասասենյակից, որտեղ ապագայի առաջնորդները ամենից շատն են ժամանակ անցկացնում։
Հետևեք և աջակցեք ՔՈԱՖ-ի քաղաքացիական կրթության նախաձեռնություններին, քանի որ մենք շարունակում ենք նպաստել մի սերնդի ձևավորմանը, որն ըմբռնում է ժողովրդավարության արժեքը, հանդես է գալիս որպես պատասխանատու քաղաքացի և հավատում է իր կարողությանը՝ ձևավորելու իրեն շրջապատող աշխարհը։