ՔՈԱՖ-ի երկրորդ ՍՄԱՐԹ ավանի առաջին կառույցը՝ Յուրեջյանի անվան Երեխայի և ընտանիքի կենտրոնը, լոգոպեդի, հոգեբանի, սոցիալական աշխատողի և վաղ մանկան զարգացման ծառայություններ է առաջարկում Արմավիրի 15 համայնքի տարբեր տարիքային խմբերի երեխաներին ու նրանց ծնողներին։ Բացի այդ կենտրոնում պարբերաբար իրականացվում են մասնագիտական աճին ուղղված իրադարձություններ երեխաների հետ աշխատող մասնագետների համար։ Այսպիսով կենտրոնն ընդհանուր առմամբ սպասարկում է ավելի քան 500 մարդու։
Մյասնիկյան գյուղի Յուրեջյանի անվան Երեխայի և ընտանիքի կենտրոնը եզակի է իր ռեսուրսային կենտրոնով։ Դրա նպատակն է փորձի փոխանակման համագործակցային և երեխայակենտրոն մշակույթ ստեղծել, որի արդյունքում Արմավիրի համայնքների մասնագետները (այդ թվում՝ դպրոցների, մանկապարտեզների մանկավարժներ, լոգոպեդներ, հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, տեղական կառավարման ներկայացուցիչներ) կտիրապետեն ժամանակակից գործիքակազմերի ու մեթոդների երեխայի հետ աշխատելիս։
Ռեսուրսային կենտրոններ․ բարելավելով երեխային շրջապատող միջավայրը
Ռեսուրսային կենտրոնի աշխատանքը հիմնված է հինգ սկզբունքի վրա՝ ներառականություն, համագործակցություն, արժանապատվություն, իրավունքահեն մոտեցում և շարունակական ուսուցում։ Ճկուն և համայնքին համապատասխանեցված մոդելով կենտրոնը մասնակիցներին տալիս է ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև գործնական հմտություններ, իրական դեպքերի քննարկումներ, գործընկերային ուսուցում և ապագայում՝ իրենց իսկ համայնքներում փոքր նախագծերի իրականացման հնարավորություն։
Մասնակիցները՝ ներառյալ հարակից գյուղերի հանրակրթական դպրոցների ուսուցիչներ, նախադպրոցական մանկավարժներ, հոգեբաններ ու սոցիալական աշխատողներ, մասնակցում են փորձագետների կողմից անցկացվող դասընթացների, որտեղ կարևորվում են․
- Միջոլորտային թիմային աշխատանքը
- Ծնողների հետ համագործակցության ռազմավարությունները
- Վարքային և հուզական զարգացումը
- Տարաձայնությունների հաղթահարումն ու դիմակայունությունը
- Մասնագիտական ինքնադրսևորումը և բարեկեցությունը
Ավելի քան 300 մասնագետի կարողությունների հզորացում՝ 6 ամսում, 20 դասընթացի միջոցով
Միայն այս տարվա առաջին կիսամյակում ՔՈԱՖ-ի ռեսուրսային կենտրոնն անցկացրել է 20 փոխակերպող դասընթաց՝ հարյուրավոր մանկավարժների, խնամակալների և հոգեկան առողջության ոլորտի մասնագետների համար։ Ահա որոշ կարևոր դրվագներ․
Դիմակայունության ձևավորում
20-ից ավելի դեռահաս մասնակցել է «Դիմակայունությունը սկսվում է ինձնից» վեց հանդիպումից բաղկացած դասընթացին, որտեղ կիրառվել են արտ-թերապիա և ինտերակտիվ վարժություններ՝ օգնելու դեռահասներին կառավարել սթրեսը, զարգացնել հուզական ինտելեկտը և ինքնավստահությամբ հաղթահարել կյանքի մարտահրավերները։
«Իմ սիրտն ու ուղեղը ընկերներ են» դասընթացի ընթացքում ութ և իննամյա երեխաներն ուսումնասիրել են ինքնագիտակցումը, կարեկցանքը և տարաձայնությունների լուծման տարբերակները՝ զարգացնելով իրենց սոցիալական հմտությունները։
Ծնողների և նախադպրոցական մանկավարժների կարողությունների զարգացում
Ծնողներն ու վաղ մանկան զարգացման մասնագետները մասնակցել են մի շարք գործնական դասընթացների, այդ թվում՝
- «Երեք տարեկանի ճգնաժամը», որն օգնեց ծնողներին ավելի լավ պատկերացնել երեխաների զարգացման այս բարդ փուլը։
- «Բարև, դպրոց», որը նախադպրոցական միջավայրից դեպի դպրոց անցնցում փոխադրվելու քայլերի մասին էր։
- «Ծնողավարման ոճեր. խի՞ստ, փափո՞ւկ, թե՞ հավասարակշռված», որի հիմքում մտածված դաստիարակության խրախոսումն էր։
Ընդլայնելով ազդեցությունը, հզորացնելով հոգեբաններին
Տեղի մասնագետների կարողությունների զարգացումը թույլ է տալիս ռեսուրսային կենտրոնին ընդլայնել ՔՈԱՖ-ի ազդեցությունը։ Կենտրոնի բացումից ի վեր անցկացվել են խորացված վերապատրաստման դասընթացներ դպրոցական հոգեբանների համար, որոնք ընդգրկում էին հետևյալ թեմաները․
- Դեռահասի և ծնողի փոխհարաբերություններ
- Դեռահասների խորհրդատվության արտ-թերապիայի միջոցով
- Երեխաների հուզական ինքնակարգավորում
- Սթրեսի կառավարում և ինքնախնամք մասնագետների համար
Հատկանշական էր նաև «Դիմակայունության բարձրացում՝ դպրոցական հոգեբանների համար» դասընթացը, որը 11 մասնագետի զինեց գործնական մեթոդներով՝ երեխաների ու ընտանիքների հետ աշխատանքի համար, մասնավորապես՝ տրավմայի և դժվարությունների հաղթահարման համատեքստում։ Այդ գործիքներն այժմ ակտիվորեն կիրառվում են Արմավիրի գյուղական համայնքների դպրոցներում։
Կատարելագործելով սոցիալական աշխատանքը Արմավիրում
Ռեսուրսային կենտրոնում սոցիալական աշխատողները (և ապագա մասնագետները) ձեռք են բերել նոր մոտեցումներ, ինչպիսիք են՝
- Ընտանիքի կառուցվածքային վերլուծություն
- Գնահատումը սոցիալական աշխատանքում (էթիկա, գործիքակազմ, գործընկերային ուսուցում իրական դեպքերի հիման վրա)
Այս դասընթացների արդյունքում մասնագետները հնարավորություն ունեցան զարգացնելու ընտանիքների հետ համապարփակ, հարգալից և երեխայակենտրոն աշխատելու ունակությունը:
Աջակցելով լոգոպեդներին և ընտանիքներին
Հոգեբանության ու սոցիալական աշխատանքի թեմաներից զատ, մեր ռեսուրսային կենտրոնը կազմակերպել է նաև խոսքի զարգացման վերաբերյալ դասընթացներ։ Դրանք նախատեսված են եղել ինչպես գործող լոգոպեդների, հատուկ մանկավարժների, այնպես էլ ծնողների, դասվարների և մանկապարտեզների դաստիարակների համար։ Դասընթացների արդյունքում նրանք ձեռք են բերել անհրաժեշտ գիտելիքներ երեխաների հաղորդակցման կարիքներն ավելի լավ հասկանալու և համապատասխան աջակցություն ցուցաբերելու համար։ Թեմաները ներառում էին․
- Խոսքի զարգացման փուլերը և մասնագիտական աջակցության դիմելու ժամանակը
- Երեխաների էքսպրեսիվ և իմպրեսիվ խոսքի խթանման ռազմավարություններ
- Ոչ ադապտիվ վարքի նվազեցման միջամտություններ
Այս դասընթացները նպաստում են ավելի գիտակից համայնքի ձևավորմանը, որտեղ ինչպես մասնագետները, այնպես էլ ընտանիքները հնարավորություն են ստանում ճանաչելու և արձագանքելու երեխաների զարգացման կարիքներին խնամքով, վստահությամբ ու համագործակցությամբ:
Ապագայի մոդել՝ Հայաստանի համար
Մյասնիկյանի ռեսուրս կենտրոնի հատկանշական առավելություններից է տեղի մասնագետների և համայնքի հզորացումը: Յուրաքանչյուր դասընթաց ուղղված է ոչ միայն ուսուցմանը, այլև ամուր կապերի ստեղծմանը, միջոլորտային համագործակցության խրախուսմանը և սեփական լուծումների ներդրմանը:
Դասընթացավարները կիրառում են «Մտածի՛ր, մասնակցի՛ր, զարգացրո՛ւ, գործի՛ր» 4 քայլից բաղկացած մեթոդը առաջնորդելով մասնակիցներին տեսությունից դեպի համայնքային նախաձեռնություններ։ Յուրաքանչյուր մասնակից խրախուսվում է իր ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները վերադարձնել դպրոց, բուժհաստատություն և/կամ համայնք՝ իրագործելով տեղական փոքր ծրագրեր։
Դեպի ապագա
Աշխատանքները դեռ նոր են սկսվում։ Առաջիկա դասընթացների ընթացքում մենք կշարունակենք անդրադառնալ խոսքի զարգացմանը, հատուկ կրթության կարիքներին և ներառականության ռազմավարություններին։ Դասընթացներից յուրաքանչյուրը ծառայում է մեկ ընդհանուր նպատակի՝ դիմակայուն, իրազեկ և համախմբված համայնքի ձևավորմանը, որտեղ յուրաքանչյուր երեխա ստանում է համապատասխան աջակցություն։
Այս տեսլականն այսօր իրականություն է՝ ՔՈԱՖ-ի երկարամյա բարերար Ջեք Յուրեջյանի շնորհիվ, որի աջակցությամբ կառուցվել է Արմավիրի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի առաջին բաղադրիչ հանդիսացող Երեխայի և ընտանիքի կենտրոնը։
Եթե ուզում եք միանալ ռեսուրս կենտրոնի առաքելությանը՝ հզորացնելու երեխաների ապագան ձևավորող մանկավարժներին, խնամակալներին ու մասնագետներին, ապա սիրով սպասում ենք ձեր աջակցությանը՝ ընդլայնելու մեր ազդեցությունը։