Հինգ տարի առաջ Լոռու մարզի Աքորի համայնքից Նանե Սիմոնյանին հաջողվեց «Աքորի-ՍՄԱՐԹ գնացքը» ցատկել վերջին վարկյանին՝ ընդունելության հայտը փակվելուց ընդամենը մի օր առաջ։
«Այնպես է ստացվել, որ առաջին ընդունելության մասին չեմ իմացել, ու շատ էի տխրել։ Հաջորդը բաց թողնել չէի կարող։ Երբ եկա կենտրոն, տպավորություն էր, որ իսկական հեքիաթում եմ հայտնվել»,- ասում է արդեն վետերան ՍՄԱՐԹացին։ Դա 13-ամյա Նանեի՝ իր փոքրիկ գյուղից դուրս առաջին ինքնուրույն ճամփորդությունն էր դեպի ՍՄԱՐԹ ու մեծ աշխարհ։
ՍՄԱՐԹ ուղուց Նանեի համար ամենահոգեհարզատը նկարչությունն ու ֆինանսներն են։ Առաջինը հոբբի է, իսկ երկրորդը՝ “nothing personal, just business”։
Սեփական գումար վաստակել նա սկսեց 12 տարեկանում ազնվամորի հավաքելով։
«Շատ արագ հասկացա, որ ինձ դուր չի գալիս վարձի դիմաց աշխատել, սկսեցի մտածել՝ ինքնուրույն ի՞նչ պրոդուկտ կարող եմ ստեղծել։ Այդպես Զատկին սկսեցի դեկորատիվ նախշազարդ ձվեր սարքել ու վաճառել, հետո հուլունքով անվանական թևնոցներին անցա, հասցրեցի մի քիչ բլոգինգով զբաղվել, ապա «Բնության համը» ուրցի թեյի բրենդը ստեղծեցի։ Վերջին ներդրումս թռչնաբուծության մեջ էր, բայց շուտով հասկացա, որ հավերը շատ ձու ածելու իմ հույսերը չարդարացրեցին, նվիրեցի մամային։ Բոլոր նախաձեռնություններս էլ եկամտաբեր են եղել, ամեն մեկը իր չափով»,- մեղմ ժպիտով ու հպարտությամբ պատմում է երիտասարդ ձեռներեցն ու հավելում, որ այս նախաձեռնությունները սկսելու ու առաջ տանելու հարցում իրեն մեծապես օգնել են ՍՄԱՐԹ-ի ֆինանսներ ծրագրի ժամանակ ստացած գիտելիքները։
Նոր բիզնես գաղափարներին զուգահեռ Նանեն Ալավերդիի պետական քոլեջում խոհարարություն է սովորում։
«Շատ եմ ուզում այս տարի ՔՈԱՖ-ի կրթաթոշակի ծրագրում ընդգրկվել և ընդունվել «Երեմյան խոհարարական ակադեմիան»։ Քանի որ շատ եմ կապված իմ գյուղին, մտադիր եմ վերադառնալ ու մեր քոլեջում դասավանդել. արդեն հրավեր ունեմ»,- ասում է Նանեն, ով երազում է նաև Լոռիում սեփական ռեստորան բացելու մասին։
Նա պատրաստ է տարբեր բնակավայրերում աշխատել, բայց մի պայմանով՝ միշտ քնի ու վեր կենա իր գյուղում՝ Աքորիում։
Գյուղական դիմանկար(«Ավելուկներով աղջիկը»)։
Խոհանոցում ստեղծագործելու սերը դարձավ մասնագիտություն, որում հմտանալու համար Նանեն փորձարկում է տարբեր դերեր. խոհարարի օգնականից մինչև մատուցող։
Գյուղի կյանքը Նանեի սրտով է։ Նա սիրով է տնային կենդանիներին ու տնամերձ այգին խնամում։
ՍՄԱՐԹ ամառ 2023-ի արկածների հովանավոր ՈՄԱ (ողջ մնալու արվեստ)։
Երաժշտական գործիքները Նանեի ՍՄԱՐԹ ուղու վերջին կանգառն է։ Բոնուսի հնարավորության դեպքում ագրոտեխնոլոգիան կընտրի։
Նկարչության մեջ Նանեին ամենից շատ դուր է գալիս ազատությունը. «դու ես, մատիտն ու թուղթը։ Կարող ես անել՝ ինչ ուզում ես»:
Ամառային ծրագրի շրջանակում ՍՄԱՐԹացիները քննարկում ու քարտեզագրում են ապագա քաղաքներ ու մասնագիտություններ։
Նանեն խոստովանում է, որ ՍՄԱՐԹ-ի շնորհիվ ինքը կարողացել է հաղթահարել մի շարք դժվարություններ, որոնցից մեկը հանրային ելույթ ունենալու վախն է։