Ժամանակին հայտնի վանաձորյան Clocker խմբում նա բաս կիթառ է նվագել, բանակում՝ տրոմբոն, իսկ այսօր Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնումում ձայնային ձևավորում է դասավանդում։
Երաժիշտ Սևադա Հովհաննիսյանը պատմում է, որ ՍՄԱՐԹ-ի մասին շատ է լսել իր ընկերներից, ովքեր նախկինում աշխատել են կենտրոնում։
«Երբ մեր խումբը ցրվեց, սկսեցի աշխատանք փնտրել, ու աչքովս ընկավ ձայնային ձևավորման ծրագրավարի հաստիքը։ Քանի որ մեր վոկալիստը շատ էր ուզում ՍՄԱՐԹ-ում դասավանդել, իրեն ուղարկեցի հայտարարությունը։ Արդյունքում նա տեղափոխվեց ԱՄՆ և խորհուրդ տվեց՝ ես դիմեմ»,- ասում է նա։
Սևադան մինչև ՍՄԱՐԹ-ում հայտնվելը երեխաների հետ աշխատելու փորձ ուներ։ Կարճ ժամանակ երաժշտական դպրոցում է դասավանդել ու կիթառի անհատական դասեր տվել։
«Ուսանողների հետ աշխատանքում ամենաշատը միասին ստեղծագործելու գործընթացն է դուրս գալիս, մանավանդ, երբ խումբը հետաքրքրված ու մոտիվացված է լինում»,- անկեղծանում է ծրագրավարն ու հավելում, որ ՍՄԱՐԹ-ը գյուղաբնակ երեխաների համար նախ և առաջ բացահայտումների, 21-դարի հմտությունների ու գիտելիք ստանալու տեղ է։
Այս ընթացքում Սևադան հասցրել է աշխատել 38 խմբի հետ։ Ստեղծել են ձայնային ձևավորման ամենատարբեր պրոդուկտներ. սկսած աուդիոգրքերից մինչև ՍՄԱՐԹ-ի ու Օձունի եկեղեցու մասին պատմող աուդիոգիդեր (ՍՄԱՐԹ-ի դեպքում «կույր» աուդիոգիդ), ավարտած տարբեր ֆիլմերի, վիդեոների, անիմացիաների հնչյունավորմամբ ու ձայնային ձևավորման մասին Kahoot-ով (ուսուցողական խաղեր ստեղծելու հարթակ)։
«Չգիտեմ՝ քանի հոգի է որպես մասնագիտություն դիտարկում ձայնային ձևավորումը, բայց նրանց հետագա նախագծերում հստակ երևում է, որ տիրապետում են ձայնի հետ աշխատելու հմտություններին»,- գոհունակ ժպիտով ասում է Սևադան։
«Մեկ, մեկ։ Լսվու՞մ է»։ Ձայնադարանի համար ամենատարբեր ձայների հավաքագրման գործընթացը մեկ նկարում։
Դատելով երկուսի դեմքից՝ ձայնային միքսը Սևադան հավանել է։
Խորհուրդ է տրվում նման ձայների ձայնագրման փորձերն անել դրա համար նախատեսված սենյակում ու Սևադայի ղեկավարությամբ։
Մեծ հաշվով, ուսանողները «Գարաժ բենդ» ծրագրով խաղում են ձայների հետ ու ստանում նոր ձայն։
Ձայնային ձևավորման խմբերը հաճախ են համագործակցում տարբեր ծրագրերի ուսանողների հետ, որի արդյունքում ստեղծվում են անիմացիաներ, աուդիոգրքեր, ռադիոներկայացումներ և այլն։
Ձայն են ստանում, բառիս բուն իմաստով, ձեռքի տակ եղած ամեն ինչից։ Այս անգամ «ձայնագրվելու հերթը» դաշնամուրի երկաթե աթոռինն է։
Ուշադրություն, հանելուկ։ Ի՞նչ կապ ունի Սևադան վանաձորյան հայտնի «Լավ էլի»-ի խմբի ու այս պաստառների հետ։ Պատասխանը գրեք սոցցանցերի մեկնաբանություններում։
«Երաժշտական մարզավիճակը» պահելու համար Սևադան ընկերների հետ տարածք է վարձել, որտեղ ազատ ժամանակ նվագում է։
Փաստորեն, բաս կիթառ նվագելու համար գործի են դրվում նաև ոտքերը։
Հանգստայան օրերին Սևադան սիրում է քաղաքում հեծանիվ վարել, նվագել ու գիրք կարդալ։