Առափի գյուղից (Շիրակի մարզ) ՔՈԱՖ-ի անգլերենի «Աքսես» ծրագրի ուսանող Նարեկ Սարոյանը վերջերս հաղթանակով վերադարձել է ԱՄՆ-ից, որտեղ First Robotics Competition ռոբոտաշինության հեղինակավոր մրցույթում թիմով Հայաստանն էին ներկայացնում։ Կհարցնեք՝ ի՞նչ կապ ունեն անգլերենն ու ռոբոտաշինությունը։ Ի պատասխան, վերաձևակերպելով հայտնի ֆիլմում Ազատ Շերենցի մարմնավորած կերպարի ռեպլիկը, կատակով կասենք՝ «Աքսեսը չլիներ, Նարեկը ԱՄՆ գնացողը չէր»։

««Արմաթ» ինժեներական լաբորատորիաների 15 հազար ուսանողներից եմ ընտրվել. նախապատվությունը տվել են անգլերենի իմացություն ունեցողներին»,- անթաքույց հպարտությամբ նշում է Նարեկն ու հավելում, որ Աքսեսը նրան հնարավորություն է տվել ոչ միայն անգլերեն սովորելու, այլև ավելի լայն մտածելու և մեծ երազելու։ Երազանքներից մեկն էլ ԱՄՆ-ում բարձրագույն կրթություն ստանալն ու անպայման Հայաստան վերադառնալն է։

Նարեկի «ուսումնավազքը» յուրօրինակ մարաթոն է, որի ընթացքում նա հաջողացնում է մեղվապահությամբ զբաղվել, օնլայն ուղեցույցերով դուդուկ նվագել սովորել ու «ՀՀ վարչապետի գավաթը» խճուղավազքի սիրողական մրցաշարում դպրոցի թիմով այս տարի ևս հաղթել։