Միասին՝ հանուն Արցախի

Սեպտեմբերի 27-ի արշալույսը պատերազմ գուժեց հայ ժողովրդին։ Կրտսեր սերնդի համար սա թերևս առաջին պատերազմն է, մեր ծնողների համար էլ՝ ամենալայնածավալը։ Իսկ իրենք դեռ հիշում են պատերազմի դառնահամը:

Արդեն երրորդ շաբաթն է՝ հայ ժողովորդը սարսափելի գոյամարտ է մղում։ Ողջ աշխարհի հայությունը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում մեկտեղել են իրենց ջանքն ու ձայնը՝ աշխարհին պատմելու այս մարդատյաց պատերազմի մասին, հասնելու արդարության ու խաղաղություն հաստատելու մեր հայրենիքում։

«Հայերը մեկ ժողովուրդ են։ Մեր երկիրը մեկ երկիր է։ Արցախը Հայաստանի մաս է»,- ՀՀ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հարցազրույցներից մեկում ասված այս խոսքերն այսօր կրկին հնչում են՝ միասնության բալասան, հաղթանակի ու խաղաղության հույս դառնալով բոլորիս համար։

ՔՈԱՖ-ում պատերազմի հենց առաջին օրը թիմային ժողով անցկացվեց, որ վարում էր ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։ Ֆրանսիայից Հայաստան տեղափոխվելուց ի վեր՝ 2016-ից, Կորյունն արդեն երկրորդ պատերազմն է տեսնում․ «Պիտի մեր գործը բազմապատիկ լավ անենք․ ահա թե ինչպես ենք պայքարելու ամենքս մեր տեղում»,- հորդորեց նա ՔՈԱՖ-ի թիմին։

Արցախի ազատագրական պայքարի տարիներին (1992) Կորյունը Սփյուռքում էր ապրում, Արցախում էր, երբ սկսվեց 2016-ի ապրիլյան քառօրյան, իսկ հիմա Հայաստանում է։ «Պատերազմի ապրումները նույնն են, ուր էլ լինես։ Բայց պատերազմը մոտենում է քեզ, երբ զոհվում են քեզ ծանոթ, հարազատ մարդիկ»։

Ճգնաժամի այս օրերին մեր կազմակերպությունը հնարավոր ամեն ինչ անում է՝ սատար կանգնելու մեր երկրի գործին Արցախում և Հայաստանում։ Հրատապության բարձր գիտակցումով ենք արձագանքում մարդասիրական այս ճգնաժամին․

  • Ամեն օր մարդասիրական բացառիկ աջակցություն ենք ցուցաբերում տարհանված անձանց, ովքեր հիմա Ստեփանակերտում են ապաստանել (մինչ օրս տրամադրվել է 40 արկղ սնունդ, ջուր, հագուստ, դեղորայք ու առաջին օգնության պարագաներ, ինչպես նաև հեռախոսի մարտկոցների լիցքավորիչներ, ծածկոցներ ու բարձեր)։
  • Ապաստարան և սնունդ ենք տրամադրում Արցախից տարհանված 25 ընտանիքների։
  • Համագործակցելով Հայաստանի ու Արցախի առողջապահության նախարարությունների հետ՝ բավարարում ենք պատերազմական իրավիճակից բխող անհրաժեշտ դեղորայքային ու բժշկական սարքավորումների կարիքները։
  • Մեր գյուղական բնակչության համար ապահով վայրերում նախապատրաստել ենք ապաստարաններ։ Դրանցից երեքը Տավուշում արդեն իսկ հագեցած են անհրաժեշտ վառելանյութով, քնապարկերով, ծածկոցներով, կրակմարիչներով, հիգիենայի պարագաներով, դեղորայքով, ջրի պաշարներով, պահածոյացված սննդամթերքով ու մոմերով։
  • ՔՈԱՖ-ի շահառու համայնքների բնակչությանն ու այնտեղ ժամանակավորապես ապաստանած արցախցի ընտանիքներին անմիջական աջակցություն տրամադրելու նպատակով իրավիճակին ենք հարմարեցրել մեր բազմամասնագիտական ծառայությունները (հոգեբանական օժանդակություն, առողջապահական ծառայություններ, սոցիալական աշխատանք)։

Հայաստանի գյուղական համայնքների զարգացման մեր առաքելությունն ապացուցում է, որ Հայաստանը կարիք ունի մարդկանց, ովքեր մնում են ու ներդրում ունենում համայնքի զարգացման գործում։ Երկիրը հզորանում է, երբ մենք խթանում ենք տնտեսությունը, ներդրումներ ենք անում ենթակառուցվածքների բարեկարգման գործում, արժեք ենք ստեղծում, հարկերն ենք վճարում, ուժեղացնում ենք պետական հաստատությունները ու մեր բանակը։

Բոլորս լարված սպասում ենք Արցախից բարի լուրերի, ուրեմն եկեք մի քայլ էլ անենք՝ մեր երկրին աջակցելու համար ոչ միայն այսօր, այլև պատերազմից հետո՝ ամեն օր։ 

Մենք գիտենք պատերազմի իրական գինը։ Ուստի եկեք միասին կառուցենք մեր հարատև խաղաղությունը մեզ ու մեր սերունդների համար։  

Արթնացանք, պատերազմ էր։ Ուրեմն եկեք միշտ արթուն ու բաբախուն լինենք՝ հանուն Հայաստանի։
#ՀԱՂԹՈՒՄԵՆՔ

Վերջին հրապարակումները

Ուղիղ չվերթով Քարակերտի կենտրոնից Դալարիկի դպրոց

Սարգսյանների ՍՄԱՐԹաֆիկացման էվոլյուցիան

Նելլի Կոբելյան. «ՍՄԱՐԹ-ի երեխաներից ես սովորում ու լիքը դրական էմոցիաներ եմ ստանում»

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org