Բարի գալուստ Արենի ինքնաշեն գործարան

Սենյակը լցվում է մեխանիկական ձայների բզզոցով, երբ 15-ամյա Արենը հերթով միացնում է իր ինքնաշեն սարքերը։ Բարի գալուստ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի երաժշտական գործիքներ ծրագրի ուսանող Արեն Բուլղադարյանի փոքրիկ գործարան:

Ի տարբերություն շատ գործարանների, այստեղ ամեն ինչ ձեռքի աշխատանք է, մաքուր երևակայության արդյունք։

Արենը ՍՄԱՐԹ-ի հին բնակիչ է և ընդգրված է եղել նկարչության, թվային նկարչության, անգլերենի, ռոբոտաշինության և այլ ծրագրերում։ Դասերի հետ մեկտեղ նա մասնակցում է մեխանիկայի ծրագրին՝ կիսելով իր փորձը իրենից տարիքով փոքր ուսանողների հետ։ «Արենը չափազանց ինքնուրույն և ստեղծագործ անհատ է․ դրանով ամեն ինչ ասված է»,- բնութագրում է նրան մեխանիկայի ծրագրավար Արա Հարությունյանը։

«Ամեն ինչ սկսվեց մի շարժիչից, որը ես գտա իմ հին խաղալիքներից մեկի մեջ․ ամենափոքր բանից դարձավ մեծ բան»,- պատմում է Արենը։ Օգտագործելով մետաղի ու փայտի կտորներ, կոլայի տարա, հին հեռախոսի մասեր, լամպի ապակի և այլ իրեր՝ նա պատրաստել է անվտանգության համակարգ, փոքր գրիլի մեքենա, խոտհնձիչ․․․ և ամենակարևորը՝ 12-վոլտանոց մսաղաց, որը Հայաստանում այլ տեղ չես գտնի։ Տեսնելով, թե իր ընտանիքի անդամները որքան ժամանակ են ծախսում միսը ձեռքով աղալու վրա՝ նա որոշել է մի լուծում գտնել․ ահա, մսաղացի մոդելը պատրաստ է, մնում է այն կյանքի կոչել։

Արենը միշտ ուշադրություն է դարձնում իրեն շրջապատող առարկաներին և ներշնչանք գտնում դրանց մեջ։ «Ուզում եմ մեխանիկ դառնալ ու մեխանիկա դասավանդել, ուզում եմ, որ իմ գյուղի դպրոցը ունենա անհրաժեշտ ժամանակակից բոլոր պարագաներն ու պայմանները ուսումնական գործընթացն ավելի հետաքրքիր ու կիրառական դարձնելու համար»,- բացատրում է Արենը։

Լինելով Վահագնի գյուղի բնակիչ՝ Արենը շատ է սիրում է իր գյուղը։ Սիրում է իրենց բնությունը, մաքուր օդը և մարդկային հարաբերությունները։ «Մարդիկ օգնող են, և եթե մի բանի կարիք ունենաս՝ միշտ հասնող կլինի»,- կարծում է նա։

Միաժամանակ, գյուղում կան նաև խնդիրներ։  «Այո, գյուղում աստղերը լավ են երևում, բայց դրսում լուսավորությունը, հատկապես ձմռանը, այնքան թույլ է, որ եթե լապտեր կամ հեռախոս չունենաս, մթության պատճառով մոտ 1 ժամ կտևի տունը գտնելը»,- խոստովանում է նա։ Այն, ինչ պակասում է գյուղում, նա տեսնում է որպես հնարավորություն՝ այն է՛լ ավելի լավը դարձնելու համար․ Արենն ուզում է լինել հենց այդ բարեփոխումներն անողներից մեկը։

ՍՄԱՐԹ-ը Արենին տվել է շատ ընկերներ, հաջողություն ու ավելիին հասնելու ձգտում։
Միգուցե լույսը թույլ է Վահագնիի փողոցներում, բայց ոչ վերջինիս մարդկանց մեջ։

Վերջին հրապարակումները

Ուղիղ չվերթով Քարակերտի կենտրոնից Դալարիկի դպրոց

Սարգսյանների ՍՄԱՐԹաֆիկացման էվոլյուցիան

Նելլի Կոբելյան. «ՍՄԱՐԹ-ի երեխաներից ես սովորում ու լիքը դրական էմոցիաներ եմ ստանում»

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org