Մեր տասներորդ գարունը Արտենի գյուղում

Շուտով ծիրանենիները կծաղկեն, իսկ ավելի ուշ` խնձորենիները։ Ծառերը մշակել-պատրաստել է պետք։ 

Խոտի դեզերը դեռ շքեղ շարված են տան բակերում, բայց արդեն չափերով փոքրացել են։ Ձմեռը վերջացավ, դեզն էլ՝ քիչ-քիչ։

Գարունը նոր աշխուժություն է մտցրել Հայաստանի գյուղերում։ Աշխատանքներ կան, որ հենց տարվա այս շրջանում պետք է անել։

Այսօր կշրջենք Արտենիով՝ գյուղ Արագածոտնի մարզում, որ 3000-ից ավելի բնակիչ ունի։ Այս համայնք մուտք ենք գործել 2011թ․-ին ու այս տարի հպարտորեն կարող ենք նշել, որ Արտենիում մեր տասներորդ գարունն է։    

Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանից նստելով գնացք՝ մոտ մեկ ու կես ժամից կարելի է հասնել մեր շահառու ամենամեծ գյուղերից մեկը՝ մեծն Արտենի։

Շրջում ես գյուղով, և տան բակերում ու փողոցներում եռուզեռ է՝ հաճախ Գյումրու ջերմ բարբառով։

Մեկ տասնամյակի ընթացքում այս գյուղում մեր աջակիցների շնորհիվ վերանորոգվել է դպրոցներից մեկը, մանկապարտեզը, բուժկետը, հիմնվել է խաղահրապարակ, ինչպես նաև դպրոցական ճաշարան և ատամնակայան, որտեղ 1-ից 4-րդ դասարանի երեխաներն ամեն օր բալանսավորված սնունդ են ստանում։ 

 

Արտենիում երիտասարդների համար կրթության ու ապագայի նոր հեռանկարներ բացվեցին ՔՈԱՖ-ի մի շարք կրթական ծրագրերի շնորհիվ։ Դրանք ներկայումս չորսն են՝ ճարտարագիտություն, անգլերենի Աքսես ծրագիր, ձյուդո և Աֆլաթուն (սոցիալ-ֆինանսական կրթություն)։

Տարիների ընթացքում համոզվել ենք՝ մեր ամեն ծրագիր ինչ-որ չափով դեպի լավն է փոխում համայնքի բնակիչների մենթալիտետն ու հիմք դառնում օգտակար սովորությունների։ 

Երբ այցելել էինք Արտենի, ՔՈԱՖ-ի ձյուդոյի ծրագիրն այդ օրը հետաձգվել էր։ Փոխարենը, մեր ուսանողներն այլ լուծում էին գտել․ հավաքվել էին դպրոցին կից խաղահրապարակում ու մարզվում էին՝ բառի ամենաարկածային իմաստով։

 

Արտենիում արկածային կարող են լինել նաև լեռնագնացությունները։ Արտին լեռը, որով գյուղը հայտնի է, լեռնագնացների սիրելի վայրերից է, ու հաճախ նրանց՝ դեպի Արագած լեռ ճանապարհն անցնում է Արտենու Արտին լեռով։ 

«Մեր գյուղի բնակիչները պայքարող տեսակ են․ հաճախ գյուղմթերքի սպառման հետ կապված դժվարություններ են լինում, քանի որ մեզ մոտ բերքը համեմատաբար ուշ է հասնում, հետևաբար սպառելիս շուկայում պահանջարկը բավարարված է լինում։ Այնուամենայնիվ, մարդիկ ելքը ինչ-որ կերպ գտնում են։ Ամեն կերպ փորձում են շենացնել գյուղը»,- պատմում է մեր շրջանավարտներից Լուսվարդ Առաքելյանը, ով Արտենու մեր 10 գարունների խորհրդանիշներից մեկն է։ Մասնակցելով անգլերենի ծրագրին՝ կրթաթոշակի և մենթորության ծրագրին մասնակցելու հնավարություն է ստացել, ավարտել է համալսարանն ու այժմ ունի սիրելի աշխատանք։ 

Նա հենց այն նույն գնացքով շաբաթ-կիրակի օրերին այցելում է իր հայրենի գյուղ, սիրում ու շենացնում այն ճիշտ այնպես, ինչպես արել և անելու են Արտենու բոլոր ՔՈԱՖցիները։ 

Վերջին հրապարակումները

Ուղիղ չվերթով Քարակերտի կենտրոնից Դալարիկի դպրոց

Սարգսյանների ՍՄԱՐԹաֆիկացման էվոլյուցիան

Նելլի Կոբելյան. «ՍՄԱՐԹ-ի երեխաներից ես սովորում ու լիքը դրական էմոցիաներ եմ ստանում»

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org