Օսկարակիր ֆիլմի սաունդթրեքի թավջութակահարը

Մերի Կիրակոսյանը Վահագնի համայնքից է։ «Միշտ մեծ հաճույքով եմ մասնակցում ՔՈԱՖ-ի կազմակերպած ՍՄԱՐԹամեջերին»,- ասում է նա։- «Անհամբեր սպասում եմ, ափսոս, որ միայն երկու շաբաթը մեկ են անցկացվում»։ Սակայն վերջին ՍՄԱՐԹամեջը յուրահատուկ էր․ ՍՄԱՐԹ-ի սաները հանդիպման էին եկել ԱՄՆ-ից ժամանած տաղանդաշատ թավջութակահար Արտյոմ Մանուկյանի հետ։

Մերին ու իր ընկերները ոգևորված էին․  դեռ երբեք ՍՄԱՐԹ-ի ամֆիթատրոնում ելույթ չէր ունեցել երաժիշտ, ում անունը հայտնվել էր օսկարակիր ֆիլմի լուսագրերում։ Արտյոմ Մանուկյանը «Green Book» ֆիլմի սաունդթրեքի թավջութակահարն է։ Նա հանդես է եկել այնպիսի աշխարհահռչակ արտիստների հետ, ինչպիսիք են Draco Rosa-ն, Natasha Bedingfield-ը, Darryl “DMC” McDaniels-ը։ Նաև երկար ժամանակ նվագել է Armenian Navy Band ավանգարդ-ֆոլկ-ջազային համույթի կազմում։

Երաժիշտն էլ էր ոգևորված․ ոչ միայն պետք է հատվածներ նվագեր իր սիրելի ստեղծագործություններից, այլև ՍՄԱՐԹ քաղաքացիության կրթակարգի ուսանողների հետ զրուցեր սաունդթրեքերի մասին։

«Երբ սկսեցի երաժշտական դպրոց գնալ, դասական երաժշտություն չէի սիրում»,- պատմեց Մանուկյանը։- «Թավջութակ նվագել էլ չէի ուզում։ Սակայն հետո սկսեցի լսել ֆիննական «Ապոկալիպտիկա» խմբի երաժշտությունն ու հասկացա, որ թավջութակով կարելի է ամեն ինչ նվագել։ Խմբի անդամները թավջութակահարներն են, որոնք… heavy metal են նվագում։ Ու ես էլ սկսեցի փորձել տարբեր ոճի մեղեդիներ նվագել․․․ Tupac, Snoop Dogg էի սիրում ու փորձում էի հասկանալ, արդյոք հնարավոր է թավջութակով նմանատիպ գործեր նվագել»։

Ապա Մանուկյանը որոշ ֆիլմերի սաունդթրեքերից հատվածներ կատարեց, ցույց տվեց, թե ինչպես է «ստանում» իրեն անհրաժեշտ ձայները։ Հետո նվագեց «Գահերի խաղը» ֆիլմի երաժշտությունը։ «Հենց իմանում են, որ թավջութակահար եմ, անմիջապես «Գահերի խաղն» են «պատվիրում»,- ծիծաղելով ասաց նա։

Սաներից մի քանիսն ասացին, որ․․․ սարսափ-ֆիլմեր են սիրում, և Մանուկյանը փորձեց երաժշտության միջոցով «սարսափեցնել» նրանց։ Հետո նրան մոտեցավ տասներկուամյա Գրիգորն ու ցույց տվեց, որ կարողանում է համակարգչային ծրագրի միջոցով երաժշտություն ստեղծել։ Այդ պահին դուետ ստեղծվեց․ Մանուկյանը թավջութակ էր նվագում, վահագնեցի Գրիգորն էլ պլանշետով էր ձայներ ստանում։ Իսկ հետո հանրահայտ թավջութակահարը ժպտալով հույս հայտնեց, որ էլի կնվագի Գրիգորի հետ։ «Իսկ ինչո՞ւ ոչ, ամեն ինչ էլ հնարավոր է։ Երբ փոքր էի, չէի ուզում պարապել, նվագել։ Բայց երաժշտություն շատ էի սիրում, փորձում էի համատեղել դասական ոճը այլ երաժշտական ոճերի հետ, թավջութակի երաժշտությունը տանել նորարարական ուղիով, և, կարծես, հաջողվեց։ Դուք էլ կարող եք ամեն ինչի հասնել, միայն թե չպետք է վախենաք ձեր երազանքներից։ Փորձեք մի ուրույն բան ստեղծել այս կյանքում, չդառնալ միլիոնավորներից մեկը։ Եթե ցանկանաք, կստացվի»,- եզրափակեց երաժիշտը։

Հանդիպման վերջում էլ վահագնեցի Մերին նշեց, որ շատ է հավանել Արտյում Մանուկյանի կատարած երաժշտությունը։ «Այսուհետ հաճախ կլսեմ, շատ սիրեցի»,- խոստովանեց նա։

Վերջին հրապարակումները

ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած մրցույթում

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ՔՈԱՖ-ՈՒՄ

Ալավերդիից Գրիգորյան քույրերի կյանքը ՍՄԱՐԹ-ից առաջ ու հետո

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org