Դբա մաս-մաքուր Դեբետ կամ մաքրության օր Դեբետում

Ապրիլի 25, 2021

Հեղինակ՝ Նանե Վարդանյան,
Լուսանկարները՝ Քնար Բաբայանի

3 րոպե կարդալու համար

Ցեղասպանությունից 106 տարի անց, ժամեր առաջ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Իսկ ինչո՞վ էինք զբաղված մենք մինչ լուրը ստանալը։ 

Այս տարի՝ ապրիլի 24-ին, Մեծ եղեռնի զոհերի հիշատակին մեր հարգանքի տուրքը որոշեցինք մատուցել աշխատանքով։

Մեր նախաձեռնություններից ու ծրագրերից ձեզ արդեն քաջածանոթ Դեբետ գյուղում կազմակերպվեց գարնանային մաքրության օր, որին մասնակցում էին հենց իրենք՝ դեբետցիները, մեր ՍՄԱՐԹ կենտրոնի ու երևանյան գրասենյակի թիմակիցները։ Վերջիններս հենց այդ նպատակով 140 կմ կտրել-անցել, հասել էին Դեբետ։ 

Ինչպես տեսնում եք, մեր նախաձեռնության ամենաակտիվ մասնակիցները հենց գյուղի երիտասարդներն էին։ 

 

Հավաքվեցինք գյուղամեջում, բաժանվեցինք խմբերի ու ուղևորվեցինք գյուղի՝ մեզ վստահված ուղղություններով։ Հինգ ժամ շարունակ գյուղի տարբեր անկյուններից հավաքեցինք ամենատարբեր թափոններ՝ կենցաղային ապրանքներ, պլաստիկ շշեր, տոպրակներ, արդյունաբերական աղբ․․․

Հավատացե՛ք, չկա ավելի հաճելի զգացում, քան Դեբետի նման սքանչելի բնություն ունեցող համայնքը իր երանգներն աղավաղող աղբից ու թափոններից ազատելը։ Ամենահաճելին կլինի այն առհասարակ չաղտոտելը։ 

Ինչպես արդեն գիտեք, Դեբետում դեռ անցյալ տարվա վերջից իրականացվում է մեր ՍՄԱՐԹ Դեբետ նախագիծը․ բարեկարգվում են համայնքի ենթակառուցվածքները, կառուցվում են նորերը, տնտեսական զարգացման ծրագրեր են մշակվում, տեղահանված արցախցիների համար նոր տներ են կառուցվում, Դեբետի համայնքապետարանի աշխատակազմը ձեռք է բերում հմտություններ, ինչպիսիք են սոցիալական մեդիան, անգլերենի իմացությունն ու արդյունավետ կառավարումը։ 

Աղբահանությունը Դեբետում, ինչպես շատ այլ գյուղերում, դեռևս չլուծված խնդիր է ու մեր ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկը։ Մեր թիմակիցները արդեն ամիսներ է՝ զբաղված են գյուղն արդյունաբերական աղբից մաքրելու ու վերամշակելու հարցերով։ Տարբերությունը զգալի է, բայց անելիքներ դեռ շատ կան։ Անելիքներն սկսվում են յուրաքանչյուրիցս։  

«․․․Այնտեղ մթնում ծեր Դեբեդը երգում է անցքն յուր ջրի»։ Թումանյանի ստեղծագործություններից հայտնի Դեբեդը, որը չտեսնողներն անգամ նրա քրքջոցը պատկերացրել են, հաճախ աղտոտված է ու չունի այն տեսքը, ինչ մեծն բանաստեղծի նկարագրություններում։ 

Գետը՝ մաքրությունից առաջ։


Գետը՝ մաքրությունից հետո։

Մաքրության օրվա մեկնարկը ուզում ենք դառնա Դեբետի բնավորության գիծը։ Մաքուր ու կոկիկ համայնք ունենալու համար նախ պետք է չաղտոտել այն։ Առավել ևս հիմա, երբ գյուղում ներդրվելու է աղբահանության պատշաճ համակարգ, համայնքի մաքրությունը ամեն բնակչի պատասխանատվությունն է։ 

Չէ՞ որ դբա ՍՄԱՐԹ Դեբետ նաև նշանակում է դբա մաքուր, գեղեցիկ, կազմակերպված ու աշխատասեր Դեբետ։