«ՔՈԱՖցի» աղջիկների ոգևորիչ պատմությունը

Ապրիլի 26, 2019

Հեղինակ՝ Տաթևիկ Հովհաննիսյան,
լուսանկարները Քնար Բաբայանի 

3 րոպե կարդալու համար

«Ես FLEX ծրագրի ֆինալի՜ստ եմ․․․ Հուլիսին Ամերիկա եմ մեկնելու․․․» Դեբետցի դպրոցական Սաթենի Պետրոսյանը չէր համբերել ու իր վիդեոբլոգում էր տեղադրել երանելի նորությունը։

Մի քանի ամիս առաջ Սաթենին ու իր դասընկերուհի Մերի Մատինյանը դիմել ու մասնակցել էին ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող՝ ապագա առաջնորդների փոխանակման FLEX ծրագրի մրցույթին,  թեստերի ու հարցազրույցների մի քանի փուլ անցել, հաղթել ու Միացյալ Նահանգների դպրոցներից մեկում մեկ տարի սովորելու հնարավորություն ստացել։ Սաթենին ու Մերին խորապես համոզված են․ դա հնարավոր չէր լինի, եթե իրենք չմասնակցեին  ԱՄՆ դեսպանատան ու ՔՈԱՖ-ի համատեղ Access միկրոկրթաթոշակային ծրագրին։ Աղջիկները նշում են, որ իրենց հայրենի Դեբետ գյուղում իրականացվող Access ծրագրի միջոցով են անգլերեն սովորել, իսկ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ծրագրերի միջոցով էլ բարելավել են իրենց, այսպես կոչված, «փափուկ» հմտությունները։

«Հենց որ ՍՄԱՐԹ կենտրոնը բացվեց, անմիջապես գրանցվեցի, որ մի շարք կրթական ծրագրերի ու խմբակների մասնակցեմ,- ասում է Սաթենին։- Ակտիվ քաղաքացիության ու հանրային խոսքի ծրագրերում եմ ընդգրկված, կամավորություն եմ անում։ Այդ ամենը շատ է նպաստել իմ ինքնազարգացմանը, օգնել է, որ FLEX ծրագրի մրցույթում հաղթեմ։ Իհարկե, Access ծրագրում ստացած գիտելիքներս էլ են ահռելի չափով օգնել»։

Սաթենին պնդում է, որ ավելի ինքնավստահ է դարձել, սովորել է հեշտությամբ շփվել․ «Կարծում եմ՝ ամերիկյան դպրոցում էլ կկարողանամ ընկերներ ձեռք բերել»։

Մերի Մատինյանն էլ է Access ծրագրի շրջանավարտ։ Նա նաև մասնակցել է ՔՈԱՖ-ի Project Bloom անգլալեզու ստեղծարար գրի դասընթացին․ «Ես բավականին ամաչկոտ էի։ Սակայն ՔՈԱՖ-ի կրթական ծրագրերին մասնակցելուց հետո շատ ավելի ինքնավստահ դարձա։ Շատ եմ ոգևորվում, երբ ԱՄՆ դեսպանատնից կամ տարբեր երկրներից հյուրեր ենք ունենում, և զգում եմ, որ կարողանում եմ նրանց հետ հաղորդակցվել։ Նրանք պատմում են իրենց փորձի մասին, օգնում են, որ ավելի լավ պատկերացնենք մեր ապագան։ Դա էլ է ինձ մեծ չափով օգնել, որ հաղթեմ FLEX ծրագրի մրցույթում»։

ՔՈԱՖ-ի անգլերեն ծրագրի ղեկավար Սյուզաննա Խաչատրյանը նշում է, որ Սաթենին ու Մերին շատ են փոխվել Access ծրագրին մասնակցելուց հետո․ «Բանն այն է, որ FLEX ծրագրի մրցույթում հաղթելու համար միայն անգլերենի իմացությունը բավարար չէ։ Նաև հաշվի են առնում, թե երեխաները որքանով են ունակ հարմարվելու նոր միջավայրին։ Այդ հարցում Սաթենիին ու Մերիին շատ են օգնել ՔՈԱՖ-ի կրթական ծրագրերը, որոնց միջոցով նրանք պրեզենտացիոն ու հաղորդակցային հմտություններ են ձեռք բերել, ավելի հանդուրժող են դարձել, հեշտությամբ են ընդունում մշակությային բազմազանությունը։ Աղջիկները սովորել են վերլուծել, իրենց կարծիքը բարձրաձայնել ։ Հենց այդ հմտությունների շնորհիվ էլ FLEX ծրագրի հաղթող են ճանաչվել»։

Մերին ցանկանում է միջմշակութային հաղորդակցության մասնագետ դառնալ։ Սաթենին էլ պլանավորում է Հայաստանի ամերիկյան համալսարան ընդունվել․  «Կարծում եմ՝ արտադասարանային կրթության մասնագետ կդառնամ,- ժպտում է նա։- Ամեն ինչ կանեմ, որ գյուղական երեխաների կյանքը բարելավեմ, չէ՞ որ ՔՈԱՖ-ն էլ իմ կյանքն է բարելավել»։