Հրանտ Թոխատյան․ մանկավարժից դերասան
Հուլիսի 12, 2019
Հեղինակ՝ Տաթևիկ Հովհաննիսյան,
լուսանկարները Քնար Բաբայանի
Սմարթամեջի բեմն այս անգամ սիրված ու հայտնի դերասան, մշակութային գործիչ Հրանտ Թոխատյանինն էր։
Մի քիչ դժվար է պատկերացնել, բայց սիրված դերասանը 10 տարի ռուսաց լեզու ու գրականություն է դասավանդել Օշական գյուղում։ «Շատ լավ հիշում եմ այն առավոտը, որ պետք է որոշեի՝ գնում եմ դպրոց, թե թատրոն։ 10 տարի ուսուցչություն անելուց հետո, հեշտ չէր ինքս ինձ խոստովանել, որ թատրոնը մի թիզ ավելի եմ սիրում»,- ասում էր Թոխատյանը։

Նա թողեց դասավանդելը, բայց մինչ այսօր էլ ոչ մի հարմար առիթ բաց չի թողնում երեխաների հետ աշխատելու։ Վերջերս էլ ընկերների հետ սկսել են «խելացի գրքերի» շարք ստեղծել։ Թոխատյանը դերասան է դարձել պատահական, ինչպես ինքն է այսօր հիշում՝ ասացին՝ պետք է ներկայացման մեջ խաղալ, ես էլ համաձայնեցի։ «Համապատասխան կրթություն շատ ուշ եմ ստացել, երբ թատրոնում խաղալու համար դերասանի որակավորում էր պահանջվում»։
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում անհնար էր չխոսել նաև սմարթ տեխնոլոգիաների ու թատրոնի սինթեզի մասին։ «Ես վստահ եմ, որ նորագույն տեխնոլոգիաները թատրոնը միայն ավելի «սմարթ» կդարձնեն, իսկ բեմի ձևավորման հնարավորությունները՝ անսահմանափակ»,- վստահեցրեց դերասանը։
43 տարի դերասանական փորձ ունեցող Թոխատյանը համոզված է՝ քանի դեռ մարդկանց մոտ կա հետաքրքրասիրությունից դրդված բանալու անցքից ծիկրակելու հակումը, թատրոնը կապրի։

Հրանտ Թոխատյանը ՍՄԱՐԹամեջում խոսում է թատրոնի, իր դերերի, կինոյի և այլ թեմաների մասին։

ՍՄԱՐԹիկ ուշադիր լսում են Թոխատյանի պատմություններն ու սմարթ տոխնոլոգիաներով սոցցանցերում ՍՄԱՐԹամեջից ուղիղ եթեր ապահովում։

ՍՄԱՐԹամեջի ժամանակ դրսում անձրևի, իսկ ներսում հարցերի իսկական տարափ էր։ Ե՞րբ, ո՞նց, ինչո՞ւ, ինչպե՞ս․․․

ՍՄԱՐԹեցիներին Թոխատյանը իր ընկերների հետ ստեղծած առաջին «սմարթ գիրքն» էր ներկայացնում։

Թատրոնի խմբակի ՍՄԱՐԹեցիների հետ իրավիճակային իմպրովիզի թեման են քննարկում։

Թատրոնի խմբակի երեխաների իմպրովիզը՝ դերասանին գործընկերները համոզում են խաղալ Պինոկիոյի դերը, որը նա երբեք չի խաղացել ու գաղափար չունի տեքստի մասին։

Թոխատյանը ՍՄԱՐԹամեջի բեմը զիջել է թատրոնի խմբակի ՍՄԱՐԹկանց։

Թոխատյանին երեխաները «շրջափակման» մեջ էին առել ու երկար բաց չէին թողնում։ Բոլորն ուզում էին սելֆի անել սիրված դերասանի հետ։