80 ՍՄԱՐԹացիները կամ ինչպես Լոռին դարձնել գրավիչ

Օգոստոսի 16, 2019

Հեղինակ՝ Տաթևիկ Հովհաննիսյան,
լուսանկարները Քնար Բաբայանի

2 րոպե կարդալու համար

Հիշո՞ւմ եք ձեր մանկության ճամբարները՝ ակտիվ խաղերով, մրցույթներով, երեկոյան խարույկով։ Այդ ամենը կարող էիք գտնել ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ճամբարում: Սակայն այդ ճամբարը նաև խիստ տարբերվում էր․․․

Տասնյոթամյա դսեղցի Հարութ Չատինյանը ճամբարի 80 ՍՄԱՐԹացիներից էր (չշփոթել սպարտացիների հետ): Ճամբարը երկու հերթափոխ ուներ և նախատեսված էր Լոռու մարզում ապրող 14-18 տարեկան պատանիներրի համար։

«Ամենասկզբում կարծում էի, որ դա խիստ սովորական ճամբար է լինելու՝ խաղերով, ինչ-որ բան սովորելով․․․»,- ասում է Հարութը։- «Սակայն շուտով հասկացանք, որ տարբերությունները շատ են, ու այսպիսի ճամբարի մենք դեռ չենք մասնակցել»։

Յուրօրինակ, նախագծային ճամբարը բաղկացած էր 6 թիմից․ Գուսանաց, Կարգչաց, Լյումիերաց, Թուանկարչաց, Ծաղկողաց և Գրչաց։ Հինգ թիմերը ճամբարի հիմքում ընկած մարտահրավերային հարցի լուծմանն ուղղված նախագծեր էին ստեղծում, իսկ Գրչաց թիմը վարում էր ճամբարի օրագիրն ու ստեղծում մեդիա նյութեր։ Ճամբարը ներառում էր ինչպես թիմային աշխատանք, այնպես էլ հետաքրքիր խաղեր, արշավներ ու մշակութային հատվածներ։ Ճամբարի ընթացքում գործում էր միավորներ կուտակելու և կորցնելու հետաքրքիր համակարգ։ Հաղթող թիմը որոշվելու էր ոչ միայն ստեղծված նախագծով, այլև կարգապահությամբ ու ստեղծագործ մոտեցումով։

«Ես Լյումիերաց թիմից էի, և մեզ հանձնարարված էր Լոռվա գրավչությունը ցուցադրող նախագիծ պատրաստել»,- ասում է Հարութը։- «Եւ մենք որոշեցինք կարճամետրաժ ֆիլմ արտադրել․․․ Լոռվա ձորի սարսափների մասին։ Գաղափարը տվեցինք, սցենարը գրեցինք, ֆիլմը նկարեցինք ու մոնտաժեցինք։ Մեր ծրագրավար Հակոբ Ազիզյանն էլ մեզ շատ օգնեց»։

Ճամբարի ավարտին մասնակիցները ներկայացրին իրենց նախագծերի վերջնական արդյուքները` ֆիլմ, անիմացիա, փոդքաստ, նկարներ, մակետներ ու QR կոդերով խաղ։ Բոլոր նախագծերի համար թեման ընդհանուր էր․ «Լոռին գրավիչ է»։ Առաջին փուլի հաղթող ճանաչվեց Կարգչաց թիմը, որն էլ ստեղծել էր QR կոդերով խաղը։ Լավագույն արդյունք ճանաչվեց Լյումիերաց թիմի կողմից ստեղծված «Իռոլի սարսափները» ֆիլմը։

Մասնակիցներն անկեղծացան, որ ճամբարի ամենալավ հատվածը գիշերային խարույկն էր։ «Շատ հոգնած էինք, բայց ոչ ոք չէր ուզում քնել»,- ասում է Հարութը։- «Նոր ընկերներ ձեռք բերեցինք, ավելի լավ ճանաչեցինք միմյանց, տեսանք, թե ով ինչի է ընդունակ։ Սա լավագույն ճամբարն էր, որին մենք երբևէ մասնակցել ենք»։

Թուզի հայրենիք Վազաշենը

Փետրվարի 28, 2021

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր