Է՜ն Լոռու ձորն է․․․Դսեղ

Գողտրիկ մի անկյուն կա, որ անտարբեր չի թողնում ոչ մեկիս․ այստեղ լսելի են բնության բոլոր ձայները, տեսարանների, բույրերի ու զգացողությունների հորդանք է։

Գետը գալարվում է անտառածածկ սարերի ու բլուրների երկայնքով՝ անիրական կախարդանքով լցնելով ձորերը։ Անկախ տրամադրությունից՝ այստեղ խաղաղվում ես, հանդարտվում, մոռանում հոգսերը։

Բարի գալուստ Դսեղ՝ Լոռու մարզի ամենահայտնի գյուղը։

Դսեղում է ծնվել ամենայն հայոց բանաստեղծը՝ Հովհաննես Թումանյանը։ Այս լեռներն ու ձորերը, այստեղ ապրող մարդիկ եղան պոետի հավերժական ներշնչանքը։

«Իմ մանկությունն անց է կացել մի աստվածային շռայլության մեջ։ Լոռու գեղեցիկ բնությունը, անմահական օդը, զրնգուն աղբյուրների ջուրը, լեռնական, գյուղական կյանքի ազատությունը, էն հավասարությունը, որ կար հին գյուղական կյանքում, ամենքն էլ մի տեսակ էին ապրում, ուտում, խմում ու իրար հետ»,- այսպես է նկարագրում իր հայրենի գյուղի հենց ինքը՝ մեծն Թումանյանը։

Պոետի ոգին շարունակում է ապրել իր տուն-թանգարանում, ուր տարին բոլոր զբոսաշրջիկներ են գալիս աշխարհի տարբեր անկյուններից։

Դսեղը Դեբեդ գետի աջ ափին է։ Հնագույն բնակավայր է, որի մասին հիշատակումներ կան դեռևս 7-րդ դարում։ Դսեղում է գտնվում Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր եկեղեցին՝ ի պատիվ Գրիգոր Լուսավորչի։.

Դսեղի խաչքարերը տեղացիների և հյուրերի հիացմունքն են արթնացնում։ Լավ է պահպանվել նաև Մամիկոնյանների՝ 7-13-րդ դարերի տոհմական գերեզմանատունը:

Եթե առանձնության կարիք ունես, ապա փոքրիկ դրախտ հիշեցնող հայելահայաց գեղեցկուհին՝ «Ծովեր» կոչվող լիճը, կատարյալ վայր է։ Բնության գույների փոփոխության հետ նա էլ գունազարդվում է՝ տարվա ամեն եղանակին ստանալով յուրահատուկ տպավորիչ հմայք։

Հետաքրքիր ու համեմատաբար նոր վայր է Բնության և այցելուների կենտրոնը։ Առհասարակ, Դսեղի ողջ շրջակայքը համարվում է թռչունների բնակության կարևոր տեղանք՝ ըստ Bird Life International կազմակերպության։ Այստեղ կարելի է հանդիպել կովկասյան մարեհավի, սպիտակագլուխ անգղի և վայրի հնդկահավի։

Դսեղը ՔՈԱՖ-ի շահառու գյուղերից է․ երիտասարդները տաղանդավոր են, մեծ ներուժի տեր, պատրաստ են սովորել, ստեղծել ու զարգացնել իրենց համայնքը։

Այս գյուղը տալիս է առավելագույնը յուրաքանչյուրիս, բայց նրանից հագենալն անհնար է։

Վերջին հրապարակումները

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ՔՈԱՖ-ՈՒՄ

Ալավերդիից Գրիգորյան քույրերի կյանքը ՍՄԱՐԹ-ից առաջ ու հետո

Հեղեղ Տավուշում և Լոռիում. Գարո Արմենի ուղերձ

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
[email protected]