Դսեղից ՍՄԱՐԹացի Էլեն Խառատյանը 8 տարեկանում է առաջին անգամ հայտնվել ՍՄԱՐԹ-ում ու մինչև հիմա գնալու միտք էլ չունի։ Նա խոստովանում է, որ ՍՄԱՐԹ-ի կրթակարգի ամեն ծրագիր հետաքրքիր է յուրովի, բայց սրտին ավելի շատ կպել են պարը, նկարչությունն ու ռուսերենը։ Հիմա էլ անհամբեր սպասում է ագրոտեխնոլոգիա ծրագրին։
«Բույսեր շատ եմ սիրում, բայց խնամելու համար բավարար գիտելիք չունեմ»,- անկեղծանում է նա։
ՍՄԱՐԹ ճամփորդության ընթացքում Էլենը հասցրել է մասնակցել միանգամից մի քանի աշխատարանների ու ՍՄԱՐԹ այցերի։ Ռուբեն Մալայանի գեղագրության աշխատարանը նկարել սիրող Էլենին արվեստի մեկ ուրիշ աշխարհ է տեղափոխել։
«Ժամանակ առ ժամանակ ձեռքս եմ առնում Ռուբենի նվիրած հատուկ գրիչն ու ստուգում գեղագրության հմտություններս»,- պատմում է նա։
Երևանի օպերայի և բալետի թատրոն ու Փարաջանովի թանգարան այցից Էլենի ստացած էմոցիաները մինչև հիմա թարմ են։ Ասում է, որ դա նրան մոտիվացրել է նմանատիպ ճանաչողական շրջայցեր կազմակերպել նաև դասարանցիների հետ։
«Կրթակարգի ծրագրային բազմազանությունը, հրավիրված մասնագետների հետ աշխատարանները, ՍՄԱՐԹ այցերն ինձ նման գյուղաբնակ երեխաներին օգնում են գտնել ինքներս մեզ»,- բացատրում է Էլենն ու հավելում, որ ՍՄԱՐԹ ճամփորդությունից հետո երազում է շուրջերկրյա ճամփորդության մասին։
Սոֆի Մանուելա Քյոշգերյանի ժամանակակից պարի աշխատարանի ընթացքում Էլենը նոր տեխնիկաներ սովորելուց շատ սիրել է խմբային ստեղծագործելն ու մեդիտացիաները։
Ռուբեն Մալայանի գեղագրության աշխատարանը Էլենի ու իր խմբակիցների համար բոլորովին նոր աշխարհ էր։
Էլենը բացատրում է, որ գեղագրության մեջ կարևոր կետերից մեկն այն է, որ ձեռքդ չերերա։
Նկարչության ամառային ծրագրի խումբն իր պրոդուկտն է ներկայացնում հյուրերին։ Էլենը շատ ոգևորված էր իրենց նախագծից։
Եթե պայուսակիդ վրա ծիտ է պատկերված, դժվար է թռչելու գայթակղությանը դիմանալ։
Ամառային ծրագիրը ոչ միայն նախագծերի մասին է, այլև թիմային հետաքրքիր խաղերի ու մրցումների։
ՍՄԱՐԹ այցերի շրջանակում նկարչության խումբը ճանաչողական այցով Փարաջանովի թանգարանում ծանոթացավ մեծ արվեստագետի աշխատանքներին։ Շրջայցից հետո ՍՄԱՐԹացիները հնարավորություն ունեցան փարաջանովյան մոտիվներով տեղում կոլաժ պատրաստել։
Նոր հետաքրքրություններն ու զբաղվածությունը դաշնամուրի ու գորգագործության համար քիչ ժամանակ են թողել։
Նկարելու համար Էլենը միշտ ժամանակ ու հավես գտնում է։ Դա, թերևս, ընտանեկան հոբբի է։