Փողը միջո՞ց, թե՞ նպատակ

Մի պահ մտածեք մի երջանիկ պահի մասին, որ երբևէ ունեցել եք։ Միգուցե այն կապված կլինի մարդու, վայրի, կյանքի ժամանակահատվածի կամ մի դրական քայլի հետ, որ ստիպել է Ձեզ երջանիկ ու կարևոր զգալ։ Արդյոք այն, ինչ վերհիշեցիք, կա՞պ ունի փողի հետ։

Շատերս կասենք, որ մի քիչ ավել գումար ունենալը ոչնչով չէր խանգարի․ ծախսելու տեղ միշտ էլ կգտնվի։ Ֆինանսական ռեսուրսների շնորհիվ է, որ մենք գնում ենք մեր սիրելի ապրանքները, ճանապարհորդում ենք, ներդրումներ կատարում մեր ինքնազարգացման մեջ կամ պարզապես լավ ժամանակ անցկացնում առևտրի կենտրոններում։ Փողը մեզ երջանիկ պահեր, այո՛, պարգևում է, բայց որոշ չափով։

Փողը միջո՞ց է, թե՞ նպատակ։ Այն մեզ երջանիկ դարձնո՞ւմ է։ Այս հարցերով են ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի ֆինանսների ծրագրի ուսանողներն սկսում բացահայտել դրամի աշխարհը։ Հայաստանի գյուղական համայնքներում չկան մոլեր, սրճարաններ, ռեստորաններ ու ժամանցի վայրեր, որտեղ ավելորդ գումար կարող ես ծախսել։ Շատ ընտանիքների ֆինանսական ռեսուրսներ այստեղ սուղ են։ Այդուհանդերձ, ՔՈԱՖ ՍՄԱՐԹ հաճախող մեր ուսանողները շատ ժպտուն են, աշխույժ ու եռանդուն։ Ուրեմն, ո՞րն է գաղտնիքը։ Ինչպե՞ս գտնել անհրաժեշտի ու կարևորի «ոսկե միջինը»։

Երեխաները պետք է ուսումնասիրեն դրամական համակարգը դեռ վաղ տարիքից, որ իմանան՝ ինչ ունեն ու որքան են ծախսում։ Առանց ֆինանսական համակարգի մասին պատշաճ կրթության անհնար կլինի հետագա կյանքում խելամիտ ֆինանսական որոշումներ կայացնել։ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ֆինանսների ծրագիրը բաղկացած է ֆինանսների հիմունքներից, ուսումնական հետաքրքրաշարժ խաղերից, տեղական բանկեր այցերից ու համայնքային նախագծերից, որոնք նպատակաուղղված են գործնականում զարգացնելու ուսանողի ֆինանսական հմտությունները։

Երեխաներին կրթելու կարևոր առաքելության գործում մենք ունենք լավ գործընկերներ։ Նրանցից մեկը՝ Միջազգային համագործակցության խնայողական բանկերի հիմնադրամը (Savings Banks Foundation For International Cooperation), վերապատրաստում է մեր ծրագրավարներին, մեր ուսանողներին է տրամադրում ֆինանսական մոդուլներ ու խնայողությունների մասին խաղեր։ Մասնակիցներն ուսումնասիրում են միջազգային ու տեղական թղթադրամները, որ արտացոլում են տարբեր երկրների մշակույթներ, ներկայացնում են կարկառուն գործիչների, պետական կարևոր միավորներ կամ պատմական վայրեր։ Մեր ուսանողների ամենասիրելի զբաղմունքներից մեկը սեփական դրամական միավոր ստեղծելն է՝ սկսած ձևավորումից մինչև խորհրդանշական մեջբերումներ ու կերպարներ։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ֆինանսների ծրագրավար Նելլի Կոբելյանը վստահ է, որ փողը ոչ թե պետք է նպատակ լինի, այլ նպատակին հասնելու միջոց։ «Հաջողության և հարստության միակ գաղտնիքը ոչ թե շատ փող ունենալն է, այլ այն ճիշտ կառավարելը»,- ասում է Նելլին։ Ծրագիրն ընդգրկում է խնայողությունների, ներդրումների, գնաճի, վարկերի, օնլայն բանկինգի և ընտանեկան բյուջեն կառավարելու մասին կարևորագույն գիտելիքներ։

Նելլին ուսանողներին երբեմն հարցնում է իրենց կյանքի ամենաերջանիկ պահերի մասին։ Հետաքրքիր է, որ երիտասարդները սովորաբար կարևորում են փողը, բայց երբեք այդ հարցին պատասխանելիս փողի մասին չեն նշում։ Սա մեր ծրագրավարին օգնում է ցույց տալ նրանց, որ փողը կարևոր է մեր կենսական ու քմահաճ կարիքները հոգալու համար, բայց այնուամենայնիվ, երջանկության փնտրտուքի ճանապարհին չպետք է վազենք փողի հետևից։ «Ֆինանսական գիտելիքներ ձեռք բերելը երեխաներին դարձնում է ավելի անկախ ու օգնում գնահատել իրենց ունեցածը։ Ուսանողները գիտակցում են խնայելու և ծախսերը խելամիտ կազմակերպելու կարևորությունը»,- նշում է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ծրագրերի ղեկավար Շահանե Հալաջյանը։

Վերջին հրապարակումները

Ուղիղ չվերթով Քարակերտի կենտրոնից Դալարիկի դպրոց

Սարգսյանների ՍՄԱՐԹաֆիկացման էվոլյուցիան

Նելլի Կոբելյան. «ՍՄԱՐԹ-ի երեխաներից ես սովորում ու լիքը դրական էմոցիաներ եմ ստանում»

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org