Առաջին ուղղաթիռային թռիչքը դեպի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ

Օրերս «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամն (ՔՈԱՖ) ու Armenian Helicopters ավիաընկերությունը նոր, հեռանկարային համագործակցության սկիզբ դրեցին։ Տեղի ունեցավ առաջին ուղղաթիռային թռիչքը դեպի Լոռու մարզի Դեբետ համայնքում գտնվող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն։

 «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ը գյուղական համայնքների զարգացմանը նպաստող նորարարական կենտրոն է։ Armenian Helicopters-ի հետ համագործակցությունը առավել արագ հասանելի կդարձնի ՍՄԱՐԹ-ը մեր տեղացի ու արտերկրից ժամանած հյուրերի համար, ովքեր հաճախ ժամանակի սղությ​ուն ունեն»,- ասում է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը:

Հետաքրքրական է, որ ավտոմեքենան Երևանից ՍՄԱՐԹ է հասնում երկու ժամում, մինչդեռ ուղղաթիռն այդ ճանապարհն ընդամենը կես ժամում է անցնում։ Այսինքն, ՍՄԱՐԹ կենտրոն հասնելը դարձել է ավելի հեշտ ու արագ, քան Երևանի մի հատվածից մյուսը տեղափոխվելը։ ՔՈԱՖ-ի և Armenian Helicopters-ի համագործակցությունը  Հայաստանի գյուղական վայրերն էլ ավելի հասանելի կդարձնի աշխարհի համար։ Նաև կզարգանա փոքր ավիացիան, որը Հայաստանի տուրիստական ոլորտի զարգացման համար խիստ կարևոր է։

Քանի որ մինչև 3․5 տ քաշ ունեցող ուղղաթիռները հատուկ թռիչքահարթակ չեն պահանջում, թռիչքի անձնակազմն ինքն էր ընտրել վայրէջքի ամենահարմար կետը՝ հենց ՍՄԱՐԹ կենտրոնի ճեմուղու դիմաց։ Ուղևորները կարող են վայրէջքից հետո անմիջապես ճեմուղով քայլել ու մտնել կենտրոն։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնն այժմ նշում է իր մեկամյակը, և խորհրդանշական է, որ Armenian Helicopters ավիաընկերության հետ համագործակցությունը հենց այս օրերին է մեկնարկել՝ մեկ անգամ ևս շեշտելով ՔՈԱՖ-ի՝ գյուղական համայնքների նորարարական զարգացմանը նպաստելու առաքելությունը։ 

Համագործակցությունը կարևորում է նաև ավիաընկերության տնօրեն Արսեն Մանուկյանը․ «Մենք ՔՈԱՖ-ի հետ գործընկերության սկիզբ դրեցինք, և ես դա խիստ նշանակալից եմ համարում։ Այժմ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնն էլ ավելի հասանելի կդառնա այն հյուրերի համար, ովքեր խիստ կարևորում են իրենց ժամանակն ու ցանկանում են արագ հասնել իրենց ուզած վայրը։ Նաև պլանավորում ենք համագործակցել ՍՄԱՐԹ կենտրոնի խմբակներում ընդգրկված պատանիների հետ։ Կարող ենք, օրինակ, թվային նկարչությամբ զբաղվող երիտասարդների հետ համատեղ ծրագրեր սկսել»։

ՍՄԱՐԹ կենտրոնի սաներն էլ էին խիստ ոգևորվել իրենց տարածքում իրականացված առաջին ուղղաթիռային թռիչքով։ Ինչպես նշեց ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ղեկավար Քրիստ Մարուքյանը, «Շատ կարևոր  է, որ ՍՄԱՐԹ կենտրոն հաճախող երեխաները ևս մեկ անգամ տեսնեն, որ աշխարհի հետ հաղորդակցվելու ձևերն ու հնարավորություններն անսահմանափակ են»։

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի ու Armenian Helicopters ավիաընկերության խոստումնալից համագործակցությունը կնպաստի Հայաստանի գյուղական վայրերի նորարարական զարգացմանը, տուրիզմին, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաների տարածմանը։

Վերջին հրապարակումները

Սարգիս Ալեքյան. կատարողական արվեստից դրամատիկականի բեմ

Բնակության նոր հասցեն՝ Լոռիում. «Հույս» նախագիծ

ՔՈԱՖ-ի տարեմուտյան անցուդարձը

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
[email protected]