17 վերելք դեպի Արարատի գագաթը

«Մարդիկ ինչո՞ւ են ձգտում սար բարձրանալ։ Ընդհանրապես, լեռան գագաթ բարձրանալու իմաստը ո՞րն է»,- հարցրեց ՔՈԱՖ-ի ՍՄԱՐԹ կենտրոն հաճախող երեխաներից մեկը լեռնագնաց, արկածային տուրիզմի մասնագետ Գևորգ Գասպարյանին, որը երկու ամիս առաջ բարձրացել էր Հիմալայան լեռնաշղթայի՝ Նեպալում գտնվող 6189 մ բարձրությամբ Այլենդ Պիկ լեռան գագաթը:

«Դա ամենից հաճախ տրվող հարցերից է»,- մտորելուց հետո պատասխանեց Գասպարյանը։- «Իրականում, հենց բարձունք հաղթահարելու ջանքերն են օգնում հասնել հաջողությունների։ Հազար ու մի դժվարությունների միջով ես անցնում, որ հասնես գագաթին»։

Դժվարություններ հաղթահարելը, անկարելիին ձգտելը, հավատալն ու հասնելը սովորական երևույթներ են լեռնագնացի համար։ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն հաճախող երեխաներն էլ ունեն իրենց դժվարությունները, ձգտումներն ու երազանքները, իսկ ՔՈԱՖ-ի ՍՄԱՐԹամեջ նախագիծը նրանց հնարավորություն է տալիս հանդիպել հաջողակ և հայտնի մարդկանց ու խանդավառվել գրավիչ պատմություններով։ Այս անգամ երեխաները խիստ ոգևորված էին, որ ՍՄԱՐԹամեջում լեռնագնացի հետ են հանդիպելու։

Պատանիները հատկապես տպավորված էին այն փաստով, որ Գասպարյանը 17 անգամ բարձրացել է Արարատի գագաթը։ Ծնողներն էլ հետաքրքրվում էին, թե ինչ տարիքից կարելի է լեռնագնացությամբ զբաղվել։

Գասպարյանը պատասխանեց, որ երեխաները, ավելի շուտ, մասնակցում են Հայ լեռնագնացների միության կազմակերպած արշավներին։ «Սակայն կա մի 13-ամյա աղջիկ, որը մեզ հետ Արարատ սարն է բարձրացել»,- հպարտությամբ ավելացրեց նա։

Լեռնագնացը պատմեց իր լեռնային արշավների ու վերելքների մասին, ինչպես նաև Կազբեկ, Էլբրուս, Մոնբլան, Այլենդ պիկ, Արարատ լեռների բազմաթիվ լուսանկարներ ցուցադրեց։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի այցելուների մի մասն էլ հետաքրքրված էր Գասպարյանի ձեռնարկատիրական գործունեությամբ։ Լեռնագնացը պատմեց իր հիմնած «Արևի» հյուրանոցի մասին, որն ամբողջովին պատրաստված է բեռնակիր կոնտեյներներից։  Հյուրանոցը գտնվում է Վայոց ձորի Եղեգիս գյուղի տարածքում:

«Այն մարդիկ, ովքեր կարողանում են դժվարությունների միջով անցնել, վերջիվերջո, հասնում են գագաթին»,- կարևոր խորհուրդներից այս մեկով էլ եզրափակվեց հանդիպումը:

Վերջին հրապարակումները

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ՔՈԱՖ-ՈՒՄ

Ալավերդիից Գրիգորյան քույրերի կյանքը ՍՄԱՐԹ-ից առաջ ու հետո

Հեղեղ Տավուշում և Լոռիում. Գարո Արմենի ուղերձ

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
[email protected]