Բարի գալուստ Հացիկ` Արմավիրի մրգաշատ գյուղը

Երբ ուղևորվում եք Արմավիրի մարզի Հացիկ գյուղ, ճանապարհային նշանը հուշում է՝ Նաիրի։ Չէ-չէ, մի՛ անհանգստացեք, չեք մոլորվել։ Սա հենց այն Հացիկն է, որ փնտրում էիք, իսկ Նաիրին Խորհրդային շրջանի իր անունն է։ Ու թեև այսօր գյուղն անվանափոխվել է, տեղացիները չեն շտապում հին նշանը փոխել։ Թող մնա, ինչո՞ւ չէ։

Շուրջ 2400 բնակիչ ունեցող գյուղում ծիրան, դեղձ, խնձոր, սալոր, տանձ ու խաղող են աճեցնում։ Շատերը ժառանգներ են այն մարդկանց, ովքեր ժամանակին այստեղ են տեղափոխվել Հայաստանի այլ վայրերից, ինչպես նաև Ջավախքից (Վրաստան), Իրանից, Սիրիայից ու Լիբանանից։ Հացիկցիները մի տեսակ բազմամշակութային են, ու դա գեղեցիկ բազմերանգություն է բերում համայնքին։

Առատ բերքը թույլ է տվել շատերին չրերի սեփական արտադրամաս հիմնել։ Հացիկը մյուս գյուղերի բնակիչներին էլ է գրավում՝ Քարակերտ, Լեռնագոգ, Արթիկ, ովքեր գալիս ու աշխատանքի տեղավորվում այստեղի չրերի արտադրամասերում։

ՔՈԱՖ-ի շահառու համայնքի վերանորոգված միջնակարգ դպրոցի նորամուտը 2005-ին էր, ու պատահական չէ, որ գյուղացիներից շատերը հենց դպրոցի նորոգումն են համարում համայնքի նոր կյանքի մեկնարկ։ Տեղի դպրոցը տասնամյակներ շարունակ անմխիթար վիճակում էր, ու հազարավոր աշակերտներ ստիպված էին սովորել անապահով ու ոչ հարմարավետ միջավայրում։ Դպրոցը համարվում էր վթարային, չուներ ջեռուցման համակարգ, սանհանգույց ու պատշաճ էլեկտրամատակարարում։

ՔՈԱՖ-ի աջակիցների շնորհիվ այն վերածվել է կրթական ժամանակակից հաստատության, որտեղ սովորում է ավելի քան 300 աշակերտ։ Մենք նաև տեխնոլոգիապես հագեցած ստեղծագործարան ենք հիմնել դպրոցում ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ երկարատև համագործակցությամբ։

Մեր կրթական ծրագրերի նպատակն է դպրոցները դարձնել երեխայակենտրոն հաստատություններ, դպրոցականներին տրամադրել ինքնաճանաչման գործիքներ, զարկ տալ նրանց ստեղծարար մտքի, տրամաբանության զարգացմանը, խթանել սոցիալական և քաղաքացիական ակտիվությունը, ինչպես նաև բարելավել անգլերենի իմացությունն ու տեխնոլոգիական հմտությունները։

Հացիկի պատանիները կարող են մասնակցել անգլերենի «Աքսես» ծրագրին, որ իրագործվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ, նաև «Աֆլաթուն» ծրագրին, որն առաջարկում է սոցիալ-ֆինանսական կրթություն աշխարհի երեխաներին ու պատանիներին՝ հնարավորություն տալով նրանց կառուցել ավելի արդար ապագա։

Մեր սոցիալական աշխատողներն ու բժիշկները տարին բոլոր աշխատում են հացիկցիների հետ․ «Մենք տնայցեր ենք կատարում, կարիքները գնահատում, հետո սկսում ենք աշխատել իրենց հետ՝ հիմնվելով ընթացիկ խնդիրների վրա»,- բացատրում է սոցիալական աշխատող Էմմա Վարդանյանը, ով ՔՈԱՖ-ում է 2014 թ․-ից։ Գյուղաբնակներն օգտվում են նաև կրծքագեղձի, վահանագեղձի և շագանակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման անվճար բուժզննման ծրագրից։

Քանի որ համաճարակի իրավիճակը դեռևս մտահոգիչ է Հայաստանում, մեր թիմը շարունակում է այցելել մեր շահառու գյուղեր, իրազեկել բնակչությանը ԿՈՎԻԴ-19-ի մասին և ապահովել Արմավիրի, Արագածոտնի և Տավուշի բնակչության համար առաջնային սնունդ, հիգիենայի պարագաներ, բժշկական սարքավորումներ և գրենական պիտույքներ: Ամռան ընթացքում Արմավիրի և Արագածոտնի մարզերի 530 ընտանիքներ և 10 բուժհաստատություններ կստանան օգնության փաթեթներ, որոնք կօգնեն նրանց հաղթահարել Հայաստանում ԿՈՎԻԴ-19-ի ստեղծած սոցիալ-տնտեսական ճգնաժամը: Նվիրաբերելով ՔՈԱՖ-ին՝ Դուք էլ կարող եք ձեր ներդրումն ունենալ Հայաստանի գյուղական համայնքներում ընթացող մեր ծրագրերի ընդլայնման մեջ։

Վերջին հրապարակումները

Ուղիղ չվերթով Քարակերտի կենտրոնից Դալարիկի դպրոց

Սարգսյանների ՍՄԱՐԹաֆիկացման էվոլյուցիան

Նելլի Կոբելյան. «ՍՄԱՐԹ-ի երեխաներից ես սովորում ու լիքը դրական էմոցիաներ եմ ստանում»

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org