3 խոշոր ենթակառուցվածքային ներդրումներ Լոռու մարզում

ՍՄԱՐԹ առողջության կենտրոնը Դսեղում

Հայաստանում գյուղական համայնքերի բնակիչները հաճախ զրկված են որակյալ բուժoգնություն ստանալու հնարավորությունից ու իրենց համայնքում ենթակառուցվածքների սակավության պատճառով այս կամ այն առողջապահական ծառայությունից օգտվելու համար ստիպված են լինում ճանապարհ կտրել ու հասնել մոտակա քաղաքներ։

2003-ից ի վեր ՔՈԱՖ-ը մի շարք առողջապահական նախաձեռնություններ է իրականացրել Հայաստանի տասնյակ գյուղերում․ բուժկետերի, ատամնակայանների (դպրոցական ճաշարաններին կից ատամնային հիգիենային հետևելու համար նախատեսված լվացարաններ) հիմնում, հայաստանյան և միջազգային բժշկական առաքելությունների միջոցով բուժծառայությունների մատուցում, հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ուղղված հետազոտությունների անցկացում, երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպին ուղղված դասընթացների անցկացում և այլն։

2021-ին կատարեցինք առողջապահական մեր թերևս ամենախոշոր ներդրումը՝ հիմնելով Առողջության կենտրոն Լոռու Դսեղ գյուղում։ Դսեղի առողջության կենտրոնը կազմված կլինի 2 մասնաշենքից՝ ամբուլատորիայից ու ատամնաբուժական կենտրոնից։ Այն կդառնա նոր աշխատատեղ ավելի քան 20 բուժաշխատողի համար և կսպասարկի ավելի քան 10000 գյուղացիների, այդ թվում՝ 2000 երեխաների:

Դսեղում կլինիկայի կառուցումը հնարավորություն է տալիս ի սկզբանե պլանավորել և զարգացնել ոչ միայն բժշկական հաստատություն, այլև առողջապահական ծառայությունների մատուցման համապարփակ համակարգ, որը կբավարարի համայնքերի առողջապահական կարիքները՝ բնակչության շրջանում ապահովելով առողջության բարելավված արդյունքներ ու զարգացնելով կայուն, շարունակաբար կատարելագործվող առողջապահական մոդել, որը կարող է տարածվել այլ համայնքներում:

Կենտրոնն այս պահին կառուցապատման ընթացքի մեջ է ու նախատեսում է իր դռները բացել 2023թ․-ի ապրիլին։

ՔՈԱՖ այցելուների կենտրոնը Վահագնիում

Զբոսաշրջությունը ՀՀ տնտեսության շարունակ զարգացող ուղղություններից է, բայց հերիք է Երևանից դուրս գալ որևէ ուղղությամբ ու կբախվես զբոսաշրջային ռեսուրսների սակավության խնդրին, այն գոյություն չունեցող ցուցականերին, աղբամաններին, հասարակական զուգարաններին, զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններին, որոնք վաղուց պետք է իրենց տեղում լինեին։

Լոռու մարզում զարգացնելով ՍՄԱՐԹ էկոհամակարգը (ՍՄԱՐԹ ավանը՝ իր բոլոր ենթակառուցվածքներով)` ՔՈԱՖ-ը կարևորում է մարզում տնտեսական ակտիվություն բերելն ու կատարվող ներդրումների կայունությունն ապահավելը։

Ի սկզբանե Տեղական ժողովրդավարական գրասենյակների գործակալության (ALDA) հետ կամատեղ իրականացվող «Դեբեդի կիրճ», ապա Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ((ԳՄՀԸ/GIZ) հետ համատեղ իրականացվող «Լոռին՝ քո հաջորդ ուղղությունը» ծրագրերի շրջանակներում զարկ է տրվել Դեբեդի կիրճն ակտիվ զբոսաշրջային գոտու վերածելու գործին։

Վանաձորն ու վրացական սահմանն իրար կապող M6 մայրուղու վրա՝ Վահագնի գյուղում կառուցված Այցելուների կենտրոնը վերակառուցվել ու շուտով պատրաստվում է դռները բացել ներգնա և արտագնա զբոսաշրջիկների առջև միանգամայն նոր՝ ընդլայնված ծառայություններով։

Նախկին զբոսաշրջային տեղեկատվության տրամադրմանը, էլեկտրամոբիլների լիցքավորման, վճարման ու բանկային տերմինալի, սրճելու ու քաղցրավենիք համտեսելու հնարավորություններին գումարվել են ընդարձակ սրճարանը, հուշանվերների խանութը, ինչպես նաև զբոսաշրջային ռեսուրսների վարձակալության հատվածը՝ այցելուներին հասանելի շաբաթվա բոլոր օրերին։ Կենտրոնի բացումը՝ շուտով՝ 2022-ի հոկտեմբերին։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Համագումարների կենտրոնը Դեբետում

Երբևէ մտածե՞լ եք ձեր գործնական միջոցառումներն ու հանդիպումները քաղաքից դուրս՝ աղմուկից ու փոշուց հեռու, բնության գրկում անցկացնելու մասին։ Լավ լուրն այն է, որ շուտով Լոռու Դեբետ գյուղն այդ առիթով գրկաբաց կընդունի ձեզ։ Հնարավորություն կունենաք կազմակերպելու գործնական հանդիպումներ ու բիզնես միջոցառումներ մի միջավայրում, որտեղ միաժամանակ կվայելեք Լոռու հարուստ բնական աշխարհը, կհամտեսեք մասնագիտացված խոհանոցի ուտեստներն ու ցանկության դեպքում հանգիստը կամփոփեք գիշերակացով։

Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի այս նոր ենթակառուցվածքը՝ 27․000ք․մ․ զբաղեցնող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Համագումարների կենտրոնը, գտնվում է ՍՄԱՐԹ կենտրոնին ու Կոնցեպտ հյուրանոցին կից։

Այն կառաջարկի համագումարների 3 սենյակ՝ 100 հոգու համար նապատեսված 2 սրահ և մոտ 40 հոգու համար նախատեսված 1 հանդիպումների սենյակ, ճաշասրահ և հանգստի սենյակ՝ սեղային խաղերով ու այլ հետաքրքրաշարժ զբաղմունքներով։

Հաշվի առնելով ՔՈԱՖ-ի Կոնցեպտ հյուրանոցի գնալով մեծացող պահանջարկը, Համագումարների կենտրոնում կլինեն ևս 20 հյուրանոցային համարներ՝ ՍՄԱՐԹ ավանի հյուրանոցային սենյակների քանակը հասցնելով 32-ի։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Համագումարների կենտրոնը հավակնում է դառնալ Լոռու մարզում կորպորատիվ միջոցառումների, բիզնես այցերի, գործնական հանդիպումների ու զբոսաշրջության պահանջված ուղղություն։ Սպասում ենք ձեզ մեր կենտրոնում՝ սկսած 2023-ի ապրիլից։

Վերջին հրապարակումները

Բնակության նոր հասցեն՝ Լոռիում. «Հույս» նախագիծ

ՔՈԱՖ-ի տարեմուտյան անցուդարձը

Ստեփանակերտից Բաղրամյան. Մարիայի նոր խաղալիքներն ու հին խաղերը

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
[email protected]