14 տարի Մյասնիկյանում՝ գյուղի ու գյուղացու հետ

Ընդամենը մեկ տասնամյակ առաջ Մյասնիկյան գյուղի դպրոցը սանհանգույց չուներ։ Կարիքի դեպքում երեխաները պետք է դուրս գային շենքից ու գնային դեպի փոքրիկ «թաքստոց» հիշեցնող շինությունը, որ հենց այդ նպատակով էր կառուցվել։ Խարխուլ այդ կառույցը ո՛չ էլեկտրականություն ուներ, ո՛չ հոսող ջուր, ո՛չ ջեռուցում։

Անհապաղ պետք էր աշակերտներին և ուսուցիչներին դուրս բերել այդ ճնշող ու մռայլ դպրոցական իրականությունից, վայր, որտեղ սկսվում է բացահայտումների ու երազանքների մեծ ճանապարհը։

Բարի գալուստ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղ։ Այստեղ մեր ուղին բռնել ենք 2006 թվականին՝ 4000 շահառուների հետ միասին։ Աշակերտներ և ուսանողներ, մեծահասակներ ու տարեցներ․ ՔՈԱՖ-ի ծրագրերը շատերի կյանքին են առնչվել, հույսի նոր գույն բերել գյուղին, իսկ դրա կարիքն ամենից շատ կար։

2011 թ․ նոյեմբերին ավարտեցինք Մյասնիկյանի դպրոցի հիմնանորոգումը, ու այն պատրաստ էր իր գիրկն ընդունելու աշակետներին։ Անահիտ Գասպարյանը այն պատանիներից էր, ով առաջինը տեսավ ու զգաց մայր դպրոցի վերափոխումը։

Դպրոցը վերածվել է գերժամանակակից կրթօջախի՝ ներսում սանհանգույցներով, հոսող ջրով, կենտրոնական ջեռուցման համակարգով, նոր մարզադահլիճով, շախմատի սենյակով, գրադարանով ու մեդիա դասասենյակով։

«Նոր վերանորոգված ու նման մոտիվացնող միջավայրում սովորելու հնարավորությունն այնքան տպավորիչ էր»,- հիշում է Անահիտը։ Ոչ միայն ՔՈԱՖ-ի կրթական ծրագրերը, այլև դպրոցի շենքի երազանքային կերպարանափոխումը նրա ուսումնառությունը յուրահատուկ դարձրին։

Արդեն վերանորոգված ու բարեկարգ դպրոցը։

ՔՈԱՖ-ի շրջանավարտը, որ մասնակցել է անգլերենի «Աքսես» ու առողջ ապրելակերպի ծրագրերին, հիմա ինքն է անգլերենի դասընթացավար։ Տարիներ առաջ նա էլ հենց այնպիսի աշակերտ էր, ում այսօր լեզու է դասավանդում․ անգլերենն իր առջև բացեց բոլոր դռները։

Մյասնիկյանի դպրոցի հիմնանորոգումից բացի, մենք շարունակում ենք ֆինանսավորել և իրագործել բազում ծրագրեր, որ ծառայում են գյուղական համայնքներում հանրակրթության մակարդակի բարձրացմանը։ Մյասնիկյանում մեր արտադասարանային ծրագրերն են նկարչությունը, բասկետբոլը, անգլերենի «Աքսեսը» և «Աֆլաթուն» միջազգային ծրագիրը։

Մյասնիկյանը մայրուղուն մոտ է, և դա հնարավորություն է տալիս տեղացիներին ակտիվ կապ պահել մայրաքաղաքի և այլ գյուղերի հետ։ Համայնքի հիմնանորոգված ու տեխնիկապես լիովին վերազինված բժշկական կենտրոնը ծառայում է շրջակա տասնյակ համայնքների բնակիչներին։

ՔՈԱՖ-ի աջակիցների միջազգային համայնքի շնորհիվ Հայաստանի գյուղաբնակների համար հասանելի են դարձել իրենց առողջության մասին պատշաճ հոգ տանելու բազմաթիվ ռեսուրսներ։ Տարիներ շարունակ տեղացի և սփյուռքի մեր գործընկեր բժիշկների առաքելություններն էլ լրացուցիչ առողջապահական ծառայություններ են մատուցել համայնքների անդամներին, մասնագիտական վերապատրաստումներ անցկացրել տեղացի բուժաշխատողների համար։

Ձեր աջակցությունն այս աշխարհն ավելի լավն է դարձնում։ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ ❤️։

Վերջին հրապարակումները

ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած մրցույթում

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ՔՈԱՖ-ՈՒՄ

Ալավերդիից Գրիգորյան քույրերի կյանքը ՍՄԱՐԹ-ից առաջ ու հետո

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org