Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր

Առավոտյան մտնում ես ՔՈԱՖ-ի երևանյան գրասենյակ։ Տարածքում նոր լեզուներ կան։ Մեկը ֆրանսերեն է խոսում, մեկը՝ պորտուգալերեն, մյուսը` ավստրալական անգլերեն, մյուսն էլ՝ արաբերեն։ 

Մեր թիմը համալրվել է նոր անդամներով՝ աշխատակիցներով ու կամավորներով, որ եկել են աշխարհի տարբեր ծայրերից։ Նրանք կրում են տարբեր մշակույթներ, ապրել են տարբեր միջավայրերում, խոսում են տարբեր լեզուներով, բայց նրանց միավորում է գլխավորը՝ Հայաստանն ու հայ լինելը։ Եվ այսպես, ծանոթացեք։

Նայիրի Զատիկյան (Բրազիլիա)

Գունավոր կառնավալների երկրից է Նայիրին։ «Տարին սկսում է կառնավալից հետո․ այսպիսի կատակ կա Բրազիլիայում»,- պատմում է նա իր ծննդավայրի մասին գրական հայերենով։ Կառնավալները փետրվարին են լինում․ տարին այնտեղ սկսել է։ Իսկ Նայիրին արդեն երեք փետրվար է, ինչ Հայաստանում է ու դադարել է «գալ, սփյուռքահայի աչքով տեսնել ու գնալ»։ Նա մնում է, աշխատում, ճանապարհորդում, ճանաչում ու զարգացնում իր հայրենիքը։ 

Մասնագիտությամբ ճարտարագետ Նայիրին տասներկու միլիոն բնակչություն ունեցող հսկա «քարե» Սան Պաուլու քաղաքից իր հետ բերել է ժամանակակից ճարտարագիտության գաղափարներ, խնդիրներին թեթև նայելու ու թեթև ապրելու բրազիլական սովորությունը և այն հայկական ոգին, որ իր մեջ ձևավորել են իր ընտանիքը, Սան Պաուլուի հայկական դպրոցն ու ազգագրական պարի խումբը։

ՔՈԱՖ-ում Նաjիրին քաղաքացիական ճարտարագետ է․ այս շրջանում զբաղվում է ՍՄԱՐԹ Դեբետ նախագծով՝ մասնավորապես Դեբետի համայնքապետարանի վերանորոգման և կերպարանափոխման աշխատանքներով։ Շատ է սիրում բրազիլացի ճարտարապետ Օսկար Նիմեյերի գործերը, ՍՄԱՐԹ կենտրոնը (կարծում է՝ ոճերով միմյանց նմանություն ունեն), ու  Հայաստանում նրան դուր է գալիս պատմական արժեք ու կշիռ ունեցող կառույցներով շրջապատված լինելը։

Վաչե Դավիդյան (Ավստրալիա)

«Հայաստանում սիրում եմ մարդկանց հյուրընկալությունը, բնությունն ու սոցիալական կյանքը․ կարող ես աշխատանքից հետո ընկերներիդ տեսնել առանց նախապես պլանավորելու, ու ամեն ինչ մոտ է»,- պատմում է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքից Հայաստան տեղափոխված Վաչեն։ 

Բիզնեսի կառավարման մասնագետ է։ Ժամանակին «Դեպի Հայք»-ի, իսկ հիմա «Հայ կամավորների միության» կամավոր է։ ՔՈԱՖ-ում էլ կամավորում է որպես ծրագրային վերլուծաբան ու ընդամենը երկու շաբաթում հասցրել է ծանոթանալ ՔՈԱՖ-ի բոլոր ծրագրերին։ 

Քայլարշավերի մեծ սիրահար է, ու պատահական չէ, որ Դիլիջանը հատուկ տեղ ունի իր սրտում։ Հայաստանում իր տպավորիչ ճամփորդություններից եղել է Արցախը, երբ «Դեպի Հայք»-ի կամավորների հետ պատահական մարդկանց դռներն են թակել ու նրանց գինի հյուրասիրել։ 

Ինչպես սփյուռքում բնակվող շատ հայեր, նա ևս սպասել է այն պահին, որն իրեն հայրենիք կտանի ոչ թե կարճ այցով կամ ճանապարհորդությամբ, այլ մշտապես։ Պահը, ցավոք, պատերազմն էր։ «Պատերազմը եղավ, ու ասացի՝ վերջ, իմ տեղն այստեղ է»։

Դավիթ Ալեքսանդրյան (Ֆրանսիա)

Պատճառը նույնն էր նաև Դավիթի մոտ․ «Պատերազմը եղավ, ու հասկացա, որ պիտի գամ․ այստեղ եմ ես ինձ ավելի օգտակար զգում»,- պատմում է ՔՈԱՖ-ում «Դեպի Հայք»-ի կամավոր, էներգետիկայի ինժեներ Դավիթ Ալեքսանդրյանը։ 

Փարիզում է ծնվել-մեծացել: Ասում է՝ այնտեղ աշխատանքային կյանքը մի փոքր այլ է, քան Հայաստանում․ հստակ աշխատանքային ժամեր չկան, ազատ գրաֆիկ է, ու կարևորն աշխատանքի արդյունքն է․ կարևոր չէ՝ երբ կանես ու որտեղից։ 

Իսկ ի՞նչն է այստեղ սիրում՝ «Հայաստանում գործն առաջ տանելն ավելի հեշտ է։ Ակնթարթային որոշումներ կարող ես կայացնել ու որոշումդ արագ իրականություն դարձնել»․ նման կերպ են հաճախ ծրագրվում Հայաստանում իր մեքենայով ճամփորդությունները։

Ուր գնում է՝ ջրվեժներ է փնտրում։ Մեկն էլ գտել է Լոռու Դեբետում, որտեղ այժմ զբաղված է աղբի մաքրման, տեսակավորման աշխատանքներով։ Նախ շրջել է ամբողջ գյուղով ու ֆիքսել արդյունաբերական աղբի բոլոր կույտերը, իսկ այժմ յուրաքանչյուր ընտանիքի հետ աշխատանքներ է տանում, որ ամենը մաքրվի ու վերամշակվի։ 

Նայիրի Հակոբյան (Լիբանան)

2020-ը բուռն տարի էր շատերի համար, նաև մեր մյուս Նայիրիի։ Բեյրութի պայթյունին հաջորդող ամիսներին նրա աչքով ընկավ ՔՈԱՖ-ի սոցիալական աշխատողի հաստիքը, ու որոշեց դիմել։ Ամեն ինչ հաջող ընթացավ, ու երիտասարդ մասնագետը Հայաստան տեղափոխվեց պատերազմական թոհուբոհի ընթացքում՝ նոյեմբերի 3-ին, հուսով է՝ մշտապես։ 

«Սփյուռքում մեծանալով՝ մեր մեջ միշտ սերմանել են Հայաստանի հանդեպ սերն ու ամեն կերպ հայրենիքին օգնելը»,- ասում է Նայիրին, ով մեծացել է Բեյրութի Բուրջ Համուդ հայկական թաղամասում ու այժմ Արագածոտնի մարզերի գյուղերում է աշխատում։ Հայաստանում իր ներդրումն է ունենում ամենաթանկ ռեսուրսներից գիտելիքով, ժամանակով ու նվիրվածությամբ։ 

Նայիրին հանդիպում է գյուղերի բնակիչներին, կարիքների գնահատում իրականացնում ու նաև մասնակցում պատերազմից հետո մեր շահառու համայնքներում ապաստանած արցախյան ընտանիքներին օգնության տրամադրման կազմակերպմամբ։ 

Կարոտում է իր հոգատար ընտանիքին ու ընկերներին, որոնք բոլորը Բեյրութում են, բայց իրեն տանն է զգում այստեղ։ Հայաստանում նրան հատկապես դուր են գալիս մաքուր օդը, արագ տրանսպորտի հնարավորությունն ու մարդկանց հարազատությունը։

*****

Զ․ Նայիրին  մեզ օգնում է ճիշտ նյութերով ճարտարագիտական նոր լուծումներ գտնել։ Վաչեն մեզ օգնում է գնահատել մեր ծրագրերի արդյունավետությունն ու դրանք զարգացնելու ուղիներ փնտրել։ Դավիթը մեզ օգնում է ավելի մաքուր ու կոկիկ ՍՄԱՐԹ Դեբետ կառուցել։ Հ․ Նայիրին անհատական վերաբերմունք է ցուցաբերում մեր յուրաքանչյուր շահառուին ու փորձում ամեն կերպ նրանց օգնել։ Ու մենք միասին դեռ շատ-շատ անելիքներ ունենք։

Վերջին հրապարակումները

Բացահայտելով ու զարգացնելով լոռեցի երեխաների ստեղծագործական տաղանդը

Ձգտելով ավելի համախմբված հասարակության ձևավորմանը

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ. ԳԱՐՈ ԱՐՄԵՆԻ ՈՒՂԵՐՁԸ

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
[email protected]