Մոտկորի թաքնված գյուղերից մեկը՝ Շամուտ

Լոռու Մոտկոր գյուղատեղին, որն ընդգրկում է Մարց, Lnրուտ, Աթան, Շամուտ և Ահնիձոր գյուղերը, մարզի քիչ բացահայտված անկյուններից է։ Բնակավայրի խորհրդավոր անտառների, լեռների ու ձորերի արանքներում ծվարած փոքր, բայց վաղեմի պատմություն ունեցող գյուղերից մեկը Շամուտն է, որն իր անունը ստացել է տարածքում հաճախ հանդիպող շամի (սոճի) ծառատեսակից։

Շամուտը 2022-ին ավելացավ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի շահառու համայնքների թվին՝ հնարավորություն ընձեռելով գյուղի երիտասարդներին ժամանակակից բազմակողմանի կրթություն ստանալ, իսկ բնակիչներին՝ մասնակցել կենտրոնում կազմակերպվող միջոցառումներին ու օգտվել կենտրոնի Մանկան զարգացման անկյան, հոգեբանական և սոցիալական աշխատանքի ծառայություններից։

Շամուտը հարուստ է պատմամշակութային արժեքներով։ Որոշ խաչքարեր, ըստ ՀՀ Կառավարության 2002թ․-ի հաստատած ցանկի, վերագրվում են 13-րդ դարին:

Շամուտի խաչքարերից մեկը
Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշաքար

Բախտի բերմամբ, թե պատահմամբ՝ ստացվել է այնպես, որ «պեղումներն» այստեղ հաճախ արել են հենց իրենք՝ բնակիչները։ Գյուղի հայտնի գտածոներից է ձիթաքարը, որն անձամբ Համլետ Սոլոմոնյան է հայտնաբերել գյուղում աշխատելիս։

Համլետ Սոլոմոնյանը ծնվել է Շամուտում ու ներկայումս ապրում է Վանաձորում։

«Ասում են՝ մեր պապերն այն օգտագործել են ձեթ ստանալու համար»,- պատմում է ՍՄԱՐԹ կենտրոնի նորաթուխ ուսանողներից Գոռ Շիմալյանը։ Քարն այժմ տեղադրված է գյուղամեջում՝ որպես Շամուտի վաղեմի պատմության էջերից մի վկայություն։

Հինավուրց ձիթաքար՝ գտնված Շամուտում։

Շամուտի առեղծվածային պատմություններից մեկն էլ մի բերդի մասին է, որ ըստ ավանդության, գտնվում է գյուղի թմբի տակ՝ երկու գետերի արանքում։ Գյուղացիների տեղեկություններով այն նախկինում պատերազմների ժամանակ պատսպարան է եղել ու գետերի արանքում կառուցվել՝ հարկ եղած դեպքում ջրից օգտվելու համար։

Տեսարան Շամուտից

Շուրջբոլորն անեզր ձգվող տեսարաններից բացի, Շամուտում ապրում է հայկական գյուղի կոլորիտը՝ իր հին տներով, գյուղացիների զբաղմունքներով ու ավանդույթներով։

Սերժ պապիկն ու Հասմիկ տատիկը՝ Շամուտի ամենաաշխատասեր զույգերից մեկը։

Շուտով Վարդավառն է, ու գյուղացիներն այն միասին կշնեն սարերում։ «Հավաքվում ենք, գառ մորթում, կանայք խորոված բադրջան-բիբար են մաքրում, մենք էլ բոլորին ջրում ենք»,- ներկայացնում է ընթացակարգը Գոռ Շիմալյանը։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ուսանող Գոռ Շիմալյանը։

Արտագաղթը բոլոր գյուղերին է հարվածել․ Շամուտն էլ բացառություն չէ։ Մեծ ընտանիք հիշեցնող այս գյուղն ունի 217 բնակիչ, իսկ 1927թ․-ին հիմնադրված դպրոցը՝ 25 աշակերտ։

Գոռ Շիմալյանն ու իր ընկերները։

Փոքր գյուղի բնակիչներին աշխարհին ու նոր հնարավորություններին կապող թելն անցնում է ՍՄԱՐԹ կենտրոնով ու կարող է մի մեծ կամուրջ դառնալ։

Վերջին հրապարակումները

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ՔՈԱՖ-ՈՒՄ

Ալավերդիից Գրիգորյան քույրերի կյանքը ՍՄԱՐԹ-ից առաջ ու հետո

Հեղեղ Տավուշում և Լոռիում. Գարո Արմենի ուղերձ

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
[email protected]