Հարազատ Կոթիից մինչև արևոտ Իսպանիա

Քսանամյա աղջիկ, որ հպարտ է իր գանգուրներով, ընտրում է վառ գույներ թե՛ առօրյա հագուստներում, թե՛ կյանքում, «սնվում» է ծովից ու արևից, մի օր հայտնվեց ծաղկաշատ պատշգամբների, արևոտ ափերի ու Անտոնիո Գաուդիի գլուխգործոցների երկրում։

Այո՛, Իսպանիա։

ՔՈԱՖ-ի շրջանավարտ Տաթև Սեփխանյանի պատմությունը սկսվում է կրթության հանդեպ իր մեծ սիրուց, որը երբեմն ընդհատվում էր իր մանկության տարիներին։ Իր ծննդավայրում՝ Տավուշի մարզի Կոթի գյուղում, որը սահմանամերձ է Ադրբեջանին, հաճախ կրակոցները դառնում էին գյուղը լքելու պատճառ։ Համայնքներ ու դպրոցներ փոխելը Տաթևի համար այնքան էլ հարթ չէր ընթանում։ «Սովորել եմ 3 տարբեր դպրոցներում: Տեսակով լինելով հեշտ ադապտացվող՝ այնուամենայնիվ չկարողացա լիարժեք ինտեգրվել նոր դպրոցում։ Այդ ժամանակ խոսքիս մեջ վառ արտահայտված էր բարբառս, և ժամանակ առ ժամանակ դասընկերներս ծաղրում էին այս կամ այն բառը այլ կերպ արտասանելս»,- հիշում է Տաթևը՝ այս շրջանը համարելով իր կյանքի ամենամեծ մարտահրավերներից մեկը, որն էլ իրեն հետագայում դարձրեց ավելի ուժեղ ու ինքնավստահ։

Երևանի պետական համալսարանի Եվրոպական լեզուների և հաղորդակցության բաժնում ուսանելիս Տաթևն այն հաջողակներից էր, ում «Erasmus Mundus» ծրագրի շրջանակներում արտերկրում սովորելու հնարավորություն տրվեց։ Տաթևի մոտակա 5 ամիսների տունը դարձավ Իսպանիան իր Ալմերիայի համալսարանով։

Ինչի՞ց են ստեղծվում լավագույն արկածները, եթե ոչ ճամփորդություններից, ընկերներից ու նոր բաներ փորձելուց։ Իսպանիայում դրանց պակասը չկար։ Տաթևի կոշիկները շոշափեցին Բարսելոնայի, Մադրիդի, Իբիցայի, Սևիլիայի գետինն ու հասան ավելի հեռուն՝ Ֆրանսիա, Խորվաթիա, Պորտուգալիա և այլուր։ «Լավագույն ներդրումը, որ կարող ես անել, ճամփորդությունների ու գրքերի մեջ է»,- վստահեցնում է նա։

Հիշելով, թե որտեղից սկսվեց ամենը՝ Տաթևը պատմում է ՔՈԱՖ-ի ՍՄԱՐԹ սենյակի մասին, որ բացվեց Կոթիում։ «Հմտություններս երբեք չէին զարգանա, երազանքներս երբեք իրականություն չէին դառնա, եթե չլիներ ՔՈԱՖ-ը։ Մինչ ՍՄԱՐԹ-ի բացվելը գյուղիս երիտասարդությունը՝այդ թվում նաև ես, կտրված էր զարգանալու հնարավորություններից․ գյուղում ոչինչ չկար՝ ո՛չ ուսուցողական, ո՛չ ժամանցի համար։ Ֆինանսական և այլ խնդիրների պատճառով մեծամասնությունս հնարավորություն չուներ քաղաք գնալու և մեր նախընտրած ծրագրերին մասնակցելու։ Բայց ահա եկավ ՔՈԱՖ-նու դարձավ սահմանին գտնվող «անհայտ» Կոթիի և մեծ աշխարհի անսպառ հնարավորությունների միջև կապող օղակը»,- ասում է Տաթևը։

51104572228_d6cf913101_o-2-768x443-1.jpg (768×443)

Հինգ անմոռանալի ամիս, ու շուտով իսպանախոս Տաթևը կվերադառնա Հայաստան՝ շարունակելու իր ուսումն ու, ինչպես ինքն է ասում, «ինքնակրթության անվերջ ճանապարհը»։

Վերջին հրապարակումները

Ուղիղ չվերթով Քարակերտի կենտրոնից Դալարիկի դպրոց

Սարգսյանների ՍՄԱՐԹաֆիկացման էվոլյուցիան

Նելլի Կոբելյան. «ՍՄԱՐԹ-ի երեխաներից ես սովորում ու լիքը դրական էմոցիաներ եմ ստանում»

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org