Յոգա՝ սպորտ, ապրելակերպ, թե՞ երկուսը միասին

Մեկ տասնամյակ առաջ Լոռու մարզում, ինչու չէ, ողջ Հայաստանում յոգայի մասին շատ կարծրատիպեր ու շշուկներ կային։ Արդյո՞ք այն կապ ունի կրոնի հետ։ Ի՞նչ է սերմանում։

Հնդկաստանում ստեղծված ու 5000 տարվա պատմություն ունեցող այս սպորտաձևը ժամանակակից աշխարհում դարձել է ապրելակերպ։ Այն մարդկանց օգնում է դառնալ ավելի հավասարակշռված, կառավարել իրենց զգացմունքներն ու մտքերը, լինել ֆիզիկապես ավելի ճկուն և առողջ։ 

Երբ ՍՄԱՐԹ-ը եկավ Լոռու մարզ, իր հետ բերեց շատ նորություններ, այդ թվում՝ յոգան։ Արդեն 3 տարի է, ինչ Լոռու մարզի հարյուրավոր երեխաներ հաճախում են ՍՄԱՐԹ-ի յոգայի ծրագրին, որը նրանց համար դառնում է կենսակերպ․ նրանք շարունակում են յոգայով զբաղվել ծրագրից հետո ևս։ 

ՍՄԱՐԹ-ի յոգայի ծրագրավար Մարինե Մաղաքյանի համար յոգան կենսակերպ է արդեն մոտ 10 տարի։ Նա ուրախությամբ է հավաստում, որ մեկ տասնամյակ առաջ ու հիմա յոգայի հանդեպ վերաբերմունքը շատ է փոխվել։ Տարբերությունը նկատելի է նաև ՍՄԱՐԹ-ի բացման (2018) շրջանն ու ներկան համեմատելիս․ «Երբ կենտրոնը նոր էր բացվել, երեխաները շատ չէին ձգտում յոգայի հաճախել, խուսափում էին: Այժմ գրանցումները հաճախ նախատեսվածից շատ են լինում»,- պատմում է նա։   

Ասում են՝ յոգան մարդուն դարձնում է ավելի հանգիստ, հավասարակշռված ու օգնում դրական վերաբերմունքով լցվել աշխարհի ու ինքդ քո հանդեպ։ Այն նաև օգնության է գալիս՝ վերացնելու այն ֆիզիկական գանգատները, որոնք 21-րդ դարի մարդու կյանք մուտք են գործում դեռ վաղ երիտասարդության շրջանում։ «Ուսանողներիցս 12-ից 5-ը ծրագրի սկզբնական շրջանում նշեց, որ մեջքի ցավ ունի։ Երեխաները հաճախ բողոքում են նաև գլխացավից, անքնությունից, պարանոցային ցավից, ինչը հեռախոսների ու համակարգիչների հետևանքն է։ Ծրագրի ավարտին նրանք բոլորը նշեցին, որ իրենց մոտ գլխացավերն ու այլ գանգատները վերացել են»,- նշում է ծրագրավար Մարինեն։ 

Վերջապես, ո՞րն է գաղտնիքը։ 

Բրահմա մուհուրտա․ այսպես են յոգայում կոչում բնության ռիթմերով ապրելու՝ արևի հետ արթնանալու ու քնելու փիլիսոփայությունը, որը շատ է հետաքրքրել ՍՄԱՐԹ-ի յոգայի ուսանողներից Արտաշեսին։ «Իմ ամեն օրն արդեն յոգայով է սկսվում․ արթնանում եմ վաղ առավոտյան ու սկսում մարզանքները»,- պատմում է Արտաշեսը, ում իր քույրն է ժամանակին հորդորել յոգայով զբաղվել, ու ով ինքն էլ հիմա իր շրջապատում դարձել է յոգայի դեսպան։ 

Յոգան ՍՄԱՐԹ-ում էլ ավելի յուրահատուկ է դառնում շնորհիվ միջավայրի։ Կարելի է դուրս գալ շենքի պատերից ու հայտնվել անծայրածիր բնության գրկում, որտեղ թաքնված է բնության ուժերի ողջ էներգիան։ 

Ի՞նչ է պետք՝ յոգայի գորգ, մի քիչ ջուր, կենտրոնացում ու․․․ նամաստե!

Վերջին հրապարակումները

Ուղիղ չվերթով Քարակերտի կենտրոնից Դալարիկի դպրոց

Սարգսյանների ՍՄԱՐԹաֆիկացման էվոլյուցիան

Նելլի Կոբելյան. «ՍՄԱՐԹ-ի երեխաներից ես սովորում ու լիքը դրական էմոցիաներ եմ ստանում»

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org