Կամուրջներ դեպի Աննայի մեծ երազանքներ

Նա վստահ է, որ սովորելու ամենաարդյունավետ ձևն անդադար ինքնակրթությունն է։

Ծանոթացեք 17-ամյա Աննա Բեգլարյանի հետ։ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի մարքեթինգի ուսանողը Դսեղից է՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի համագյուղացին։ Իր հռչակավոր ծննդավայրի իսկական սիրահար է Աննան։ Գյուղում տաղանդաշատ երիտասարդների պակաս չկա․ նրանք թումանյանական ներշնչանքով և հպարտորեն տանում են գյուղը դեպի նոր նվաճումներ։

Լինելով 6 քույր-եղբայրներից հինգերորդը՝ Աննան հասցնում է սովորել, աշխատել և նույնիսկ օգնել տնային գործերում։ Ժամանակն իր համար ամենաարժեքավոր ռեսուրսն է, ինքն էլ փորձում է խելամտորեն օգտագործել ամեն վայրկյանը։

Նա դիմավորում և ուղեկցում է տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկների, քանի որ որպես զբոսավար է աշխատում Դսեղի Բնության և այցելուների կենտրոնում։ «Տուրիստներից շատ բան եմ սովորում։ Մի անգամ ամերիկահայ մի զբոսաշրջիկ, հիացած Դսեղի բնությամբ, ասաց, որ պետք է իրապես գնահատեմ նման դրախտավայրում ապրելու առավելությունը»,- հիշում է երիտասարդ դսեղցին, որ անսահման սիրում է իր համայնքը։

Ազատ ժամանակ տվեք իրեն, ու նա էլի ինքնակրության վրա կծախսի այն։ Լեզուներն իր տարերքն են, հատկապես գերմաներենը։ Ոչ մի օր չի անցկացնում առանց գրքերը փորփրելու, օնլայն դասերի մասնակցելու կամ YouTube-ում տեսանյութեր դիտելու, որ լեզվին լիարժեք տիրապետի։ «Քնի սիրահար չեմ։ Նախընտրում եմ ավելի օգտակար բանի վրա ծախսել ժամանակս»,- խոստովանում է Աննան։

«Առանց նպատակների կյանքն անիմաստ է»,- վստահ է նա։ Արվածն ամփոփելն ու հաջորդ քայլերի մասին մտածելն Աննայի համար սովորություն է դարձել։ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնն այն նոր աշխարհն է, որ առաջարկում է ավելի լավ իրականություն և լավագույն ապագա։ «ՍՄԱՐԹ քաղաքացի դառնալը միայն հենց այնպես ասվող արտահայտություն չէ․ ինչ էլ որ սովորում ենք ՍՄԱՐԹ-ում, մեզ կատարելագործում է և՛ որպես անհատ, և՛ որպես քաղաքացի»։

Աննան հավատացած է, որ ջանադիր աշխատանքը միշտ արդյունք է տալիս։ Ու թեև կյանքում շատ դժվարությունների է հանդիպում, իր ձեռներեցական ջիղը կամուրջ է դառնում երազանքների իրագործման համար։ «Մեր գյուղերի երիտասարդները շատ ակտիվ ու եռանդուն են։ Տխուր է միայն, որ նրանցից շատերը մանկությունն ու պատանեկությունն անցկացնում են այստեղ, իսկ հետո տեղափոխվում և աշխատում են Երևանում կամ արտերկրում։ Ես բազմաթիվ բիզնես գաղափարներ ունեմ՝ կապված գյուղիս հետ, ու երբ մեծանամ, դրանք կյանքի եմ կոչելու»։

Վերջին հրապարակումները

Ուղիղ չվերթով Քարակերտի կենտրոնից Դալարիկի դպրոց

Սարգսյանների ՍՄԱՐԹաֆիկացման էվոլյուցիան

Նելլի Կոբելյան. «ՍՄԱՐԹ-ի երեխաներից ես սովորում ու լիքը դրական էմոցիաներ եմ ստանում»

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org