5 բան, որ միայն գյուղում ապրողները կհասկանան

Մարդիկ, ովքեր երբեք գյուղեր չեն եղել, դժվար կպատկերացնեն գյուղական կյանքի իրական գեղեցկությունը. մաքուր օդ, տնական սնունդ, վայրի ձայներ, ինքն իրեն խոսող բնություն և շողացող աստղերով լի երկինք:

Մենք զրուցել ենք Հայաստանի գյուղերում բնակվող մարդկանց հետ և առանձնացրել մի քանի բան, որ միայն գյուղերում ապրող մարդիկ կհասկանան: Սկսեցինք՝

1.Գիտես ամենքին, ամեն մեկն էլ քեզ է ճանաչում

Հայաստանի գյուղերը հիմնականում փոքր են։ Ու այստեղ դժվար թե գտնվի մեկը, ով չի ճանաչում գյուղի բոլոր ընտանիքներին։ Արմավիրի մարզի Շենիկ գյուղից ՔՈԱՖ-ի շրջանավարտ Անուշ Մկրտչյանը նկատում է․ «Ի տարբերություն քաղաքաբնակների՝ գյուղում բոլորը բարևում, ողջունում են միմյանց»։

2. «․․․Սարն ամենքինս է հավասար»

Մթերք լինի, թե տեխնիկա, գյուղացիներն իրար հետ կիսում են ամեն ինչ։ «Այն, ինչ քո սեփականությունն է, նաև հարևանիդ է պատկանում,- հաստատում է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի չինարենի ծրագրավար Մեգի Ղուլինյանը․ նա Երևանից տեղափոխվել է Լոռի ու կյանքի նոր գույներ է գտել Ձորագետի լեռների գրկում։- Ամեն առավոտ սուրճ եմ եփում, հարևանուհիս մի համեղ բան է հյուրասիրում, ու միասին վայելում ենք իմ տան պատշգամբից բացվող փառահեղ տեսարանը»։

3. Գյուղ կանգնի, գերան կկոտրի

Գյուղի բնակիչները ինքնակազմակերպման զարմանալի ունակություն ունեն։ Անմիջապես միավորվում են՝ օգնելու շինարարության, վարուցանքի, բերքահավաքի, համայնքի մաքրության հետ կապված ցանկացած հարցում։ Ամենածավալուն ու դժվար գործերը հեշտությամբ գլուխ են բերվում, հենց որ համայնքի անդամները միմյանց թիկունքի են կանգնում։ Արժանապատվության հարց է։

4. Լվացքի հոտն ուրիշ է

Արհեստական ոչ մի բույր չի բերում այն թարմությունը, որ արևի համբույրն է տալիս մաքուր օդում պարող լվացքին։ Հայերը սովորություն ունեն լվացքը դրսում չորացնելու՝ քաղաքում ապրեն, թե գյուղում։ Բայց գյուղում արևի բույրը երկար չի մնում։ «Իմ տունը մեր հարևանի գոմի կողքին է։ Երբ լվացքս չորանում է, հաճախ ստիպված եմ լինում կրկին լվանալ,- կատակում է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի կրթական խորհրդատու Նարեկ Արզումանյանը, որ ապրում է Լոռու մարզի Ձորագյուղ համայնքում։- Լվացքի փոշու բույրի փոխարեն հագուստիցս մեկ-մեկ սկսում է գոմի հոտ գալ»։

5. Սնունդը մաքուր է

Եթե գյուղում ես ապրում, վաղ առավոտյան արթնանալու ու խանութ շտապելու խնդիր չի առաջանում․ միրգն ու բանջարեղենը հենց տան բակում են աճում, կամ գյուղացին ինքն է մշակում դրանք իր հողամասում։ Հյուրընկալ ու շնորհակալ հողը թարմ, կանաչ ու անխառն բանջարեղեն է մատուցում ամեն օր։

Գյուղի երեկոները մտերմիկ ու ջերմ են փայտի վառարանի շուրջ, որի վրա պատրաստում են տնական կարտոֆիլը (պլեճ): Գյուղացիները սիրում են հավաքվել տոներ, ծնունդներ նշելու կամ երբեմն էլ առանց պատճառի․ նրանց ջերմությունն արտացոլվում է նույնիսկ ամենապարզ ուտեստների մեջ, որոնց նմանը աշխարհի ցանկացած այլ վայրում չես գտնի։

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org