Առողջ մարդն ամենաթանկ ստեղծագործությունն է

Հուլիսի 1, 2020

Հեղինակ՝ Նանե Վարդանյան,
լուսանկարները Քնար Բաբայանի

3 րոպե կարդալու համար

Ինչպե՞ս պահպանենք 21-րդ դարին հարիր մարմնի կերտվածքը ինքնամեկուսացման այս շրջանում։

Այս օրերին աշխարհին նետված մարտահրավերներից մեկն էլ հենց մարդկանց ֆիզիկական ակտիվությունն ապահովելն ու առողջ կազմվածք ունենալն է․ դե, տանն ենք բոլորս, հեռավար ենք աշխատում և սովորում, իսկ այդքան անհրաժեշտ մարզասրահներն էլ փակ են։

Մինչդեռ սպորտային ծրագրերում ներգրավված ՔՈԱՖ-ի ուսանողներից շատերի համար ամենօրյա մարմնամարզությունը դարձել է կենսակերպ, անկախ մեկուսացման այս շրջանից։

Ահա ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ում և մեր գյուղերում առաջարկվող մարզական հինգ ծրագրերը․

Յոգա

Վրիկշասանան (ծառի դիրքը), բադդա կոնասանան (թիթեռնիկի դիրքը) և հանումանասանան (կապիկի դիրքը) յոգայում ՔՈԱՖ-ցիների ամենասիրելի դիրքերից են։ Յոգան միայն ֆիզիկական ակտիվություն չէ։ «Որևէ դիրք կայուն ու թեթև ընդունելու համար ուսանողը զարգացնում և կիրառում է իր ուշադրությունը, կենտրոնացումն ու հիշողությունը»,- բացատրում է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի յոգայի ծրագրավար Մարինե Մաղաքյանը, ով 2001-ից յոգայով է զբաղվում։

Յոգայով զբաղվելու օգուտներն առողջության համար մի քանիսն են՝ ողնաշարի ճկունություն, ամուր կեցվածք, նորմալ նյութափոխանակություն և իմունային համակարգի ուժեղացում։ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի յոգայի ամեն պարապմունք ավարտվում է մեդիտացիայով, որ օգնում է կառավարել կենտրոնական նյարդային համակարգը։

VR ֆիթնես 

Նորարարությունը սրընթաց է զարգանում, և մենք էլ ամեն ինչ անում ենք, որ այն միանգամից հասանելի դառնա Հայաստանի գյուղերի երեխաներին։ VR ֆիթնեսը (վիրտուալ իրականություն) ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի այս ծրագրի հաճելի այլընտրանք է, որ միանգամից գամում է իրեն։ Կալորիաններից ազատվելը՝ վիրտուալ իրականության խաղ խաղալով, աշխարհի ամենազվարճալի փորձառությունն է, չէ՞։

Պար

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի պարի ծրագիրը դասական և ժամանակակից պարերի խառնուրդ է։ Ծրագրի ամեն մակարդակի ավարտին ուսանողները հատուկ ելույթ են պատրաստում, որ երբեմն կենտրոնից էլ դուրս լսարան է ձեռք բերում։ Օրինակ՝ ամենակրտսերների խումբը բեմական ելույթով հանդես է եկել Լոռու մարզի Դսեղ գյուղի միջացառման ընթացքում։

Ծրագիրն իրապես հայտնագործություն է աղջիկների ու տղաների համար․ «Սովորաբար տղաները հակված են սահմանափակել իրենց պարային դրսևորումները հիփ-հոփ, բրեքդանս և հայկական ժողովրդական ժանրերում, մինչդեռ մեր ծրագիրն առաջարկում է դասական և ժամանակակից պարային ոճեր նաև տղաների համար: Էլ չասենք, թե աշխարհում որքան շատ են այս ոճերում հռչակված տղամարդ պարողները», – վստահեցնում է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի պարի ծրագրավար Մարիա Հակոբյանը:

Ձյուդո 

Արմավիրի և Արագածոտնի մեր ուսանողներին առաջարկվող ձյուդոյի ծրագիրն ավելին է, քան պարզապես տեխնիկայի տիրապետումն ու կիրառումը։ Այն ֆիզիկական, մտավոր ու բարոյական կրթության ձևաչափ է, ունի սեփական մշակույթ, համակարգ, ժառանգություն, սովորույթներ և ավանդույթներ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ձյուդոյին մասնակցությունը դրական ազդեցություն է թողնում երեխաների ֆիզիկական ու շարժողական զարգացման վրա, պահպանում է ենթամաշկային ճարպի մակարդակը, բարձրացնում ձեռքերի ոսկորների հանքանյութերի որակը, նպաստում ողնաշարի ճիշտ կեցվածքին, ճկունությանը, արագաշարժությանն ու մկանային դիմացկունությանը։

Բասկետբոլ

Եվ, իհարկե, սպորտային ծրագրերի «ոսկին» բասկետբոլն է։ Ծրագիր փոխաջակցության ու զվարճանքի միջավայր է, որ խթանում է ամբողջ կյանքում սպորտով զբաղվելու ցանկությունը։ Ծրագիրը լիցքային վարժությունների, հմտությունների զարգացման, հատուկ մշակված խաղերի համադրություն է։  Այն հիշեցնում է երեխաներին առողջության ու առողջ սննդի կարևորության մասին, միաժամանակ սերմանում է ուրիշների հանդեպ հարգանքի, սպորտում վարպետանալու, թիմային աշխատանքի և համագործակցելու ունակություններ։

Մեր մարզական կրթության ծրագրերը ՔՈԱՖ-ցիներին թույլ են տալիս մարտավարություն, ռազմավարություն և հնարամտություն ցուցաբերել՝ ֆիզիկական ակտիվություն պահանջող ծրագրերում հաջողելու համար։ Այս ծրագրերը լրացնում են մեզ այդքան պակասող ֆիզիկական շարժունությունը, մղում են առողջ ու ակտիվ կենսակերպի Հայաստանի 37 գյուղերի պատանիներին։

Առողջ մարդը բնության ամենաթանկարժեք ստեղծագործությունն է:

Թուզի հայրենիք Վազաշենը

Փետրվարի 28, 2021

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր