Դեբետում բացվող նոր բիզնեսներից մեկը՝ գեղեցկության սրահ

Այն, ինչ սովորաբար չես գտնի սովորական հայկական գյուղում, շուտով կգտնես Լոռու Դեբետում։ Քաղաքային ոճի գեղեցկության սրահն ու ֆրանսիական հացաբուլկեղենի խանութն (boulangerie) այստեղ միաժամանակ բացվող մի քանի բիզնեսներից են՝ գյուղական միջավայրին ծանոթ ջերմոցի ու թռչնաբուծարանի հետ միասին։ Ամեն մեկն իր չափով մարզի բնակիչների շրջանում հետաքրքրություն ու ոգևորություն է առաջացրել: Գեղեցկության սրահը՝ հատկապես կանանց շրջանում։ 

Ինչո՞ւ գեղեցկության սրահ

Գյուղաբնակ կանանց սահմանափակող շատ կարծատիպեր կան։ Թե ինչով կարող է կինը զբաղվել, հաճախ սկսվում է տան առօրյայից ու ավարտվում գյուղատնտեսական աշխատանքով։ Ինչ խոսք, երկուսն էլ կարևոր, թեև հաճախ ֆիզիկապես ծանր ու հոգնեցնող են։ 

Քանի որ գյուղում չափազանց նեղ են կանանց ձեռներեցության հնարավորությունները, մեր բիզնես նախաձեռնություններից մեկը հենց նրանց է թիրախավորում։ Հայաստանում Լիտվայի դեսպանատան հետ համատեղ իրականացվող «Լիազորված կանայք` որպես փոփոխության և գյուղական զարգացման գործակալներ» ծրագրի նպատակն է գյուղաբնակ կանանց նոր հմտություններ ու բիզնես հնարավորություններ տրամադրելը։

Մեր «ՍՄԱՐԹ Դեբետ» նախագծի ուսումնասիրությունների արդյունքում գեղեցկության սրահն ընտրվեց նաև այն պատճառով, որ Դեբետում, կից Եղեգնուտ և Վահագնի գյուղերում նման սրահներ չկան․ խնամքի ծառայություններից օգտվելու համար բնակիչները ստիպված են լինում Վանաձոր հասնել։  

Մատնահարդարման, վարսահարդարման դասընթացներ

2021-ի հուլիսից ի վեր Դեբետից ու այլ համայնքներից ընտրված 24 մասնակիցներ, այդ թվում Արցախից տեղահանված կանայք, մասնակցեցին մատնահարդարման և վարսահարդարման դասընթացների, որոնք իրականացվում էին ոլորտի մասնագետների կողմից Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում։ Ոմանց համար դասընթացները նոր ոլորտի բացահայտում էին, ոմանց համար՝ իրենց ծանոթ աշխատանքի մեջ հմտացում՝ արդեն մասնագիտական մոտեցմամբ։

Բիզնեսի կառավարման դասընթացներ

Հաջորդ քայլը լավագույն առաջադիմությամբ 8 մասնակիցների համար բիզնեսի կառավարման դասընթացներն էին, չէ՞ որ հենց նրանցից մի քանիսը պետք է զբաղվեին Դեբետում նոր բացվող գեղեցկության սրահի ղեկավարմամբ։ 

Ծառայությունների մատուցումից մինչև ֆինանսների տնօրինում ու բիզնեսի զարգացում՝ այսքան բազմազան է լինելու Դեբետից ընտրված հաղթող երեք մասնակիցների` Լիլիթ Հովակիմյանի (մատնահարդար), Քրիստինե Ղազարյանի (վարսահարդար) և Լուիզա Ղազարյանի (վարսահարդար) նոր աշխատանքը։ 

Չնայած բացվող գեղեցկության սրահում սկզբնական շրջանում աշխատելու են հաղթող մասնակիցները, նախագիծը նոր հնավարություններ է տվել դասընթացների բոլոր մասնակիցներին․ ոմանք նոր աշխատանք են գտել կամ մասնագիտություն ձեռք բերել։ 

Մասնակիցների տպավորությունները՝ 

«Դեբետում բիզնես ունենալը նշանակում է, որ ես ստիպված չեմ լինի լքել գյուղը՝ աշխատանք գտնելու համար»: — Լուիզա Ղազարյանը (Դեբետ)

«Նախկինում երբեք չեմ աշխատել ու մոտիվացված եմ օգտագործելու իմ սովորած հմտությունները աշխատանք գտնելու համար: Ես սիրում եմ նոր բաներ սովորել, ուստի բաց եմ տարբեր ոլորտների համար»:Անահիտ Սարգսյան (Ձորագյուղ, Արցախից վերաբնակեցված)

«Վարսահարդարման փորձ ունենելով՝ վերապատրաստումից հետո ես ինձ ավելի վստահ եմ զգում այս ոլորտում կարիերան շարունակելու համար»: — Անահիտ Վարդերեսյան (Եղեգնուտ)

Ու մինչ հաղթող մասնակիցները Երևան կժամանեն նոր թրեյնինգների մասնակցելու, որ էլ ավելի հմտանան գործում, Դեբետի համայնքապետարանի շենքի տարածքում «Տարբերակ» ճարտարապետական ստուդիայի կողմից նախագծվել ու այժմ կառուցվում է այն գեղեցիկ անկյունը, որը կլինի նրանց նոր աշխատատեղը, որտեղ կշուտով կգեղեցկանան իրենց այցելուները։ 

Դե ինչ, միգուցե հաջորդ սանրվածքը Դեբետո՞ւմ անեք։

Վերջին հրապարակումները

Բացահայտելով ու զարգացնելով լոռեցի երեխաների ստեղծագործական տաղանդը

Ձգտելով ավելի համախմբված հասարակության ձևավորմանը

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ. ԳԱՐՈ ԱՐՄԵՆԻ ՈՒՂԵՐՁԸ

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
[email protected]