Զբոսաշրջության զարգացմանն ուղղված դասընթացներ Լոռիում

Դեբեդի կիրճը դառնում է Հայաստանում զբոսաշրջության բաբախող անկյուններից մեկն իր հարուստ, բայց աշխարհին դեռևս քիչ հայտնի պատմամշակութային ժառանգությամբ, բացօթյա զվարճալի զբաղմունքներով, անկրկնելի գյուղական բնապատկերներով ու հյուրատներով:

Տեղական զբոսաշրջային ներուժը խթանելու և այն տարածաշրջանի կայուն զարգացման մաս դարձնելու համար ՔՈԱՖ-ը ստանձնել է կիրճի տարածքում զբոսաշրջային կարողությունների զարգացման գործը՝ կազմակերպելով հյուրընկալության ոլորտին առնչվող մասնագիտական դասընթացներ մարզի տասնյակ համայնքների բնակիչների համար:

Դասընթացները, որոնք տեղի են ունենում 2022թ․-ի օգոստոսին, նպատակ ունեն զարգացնել տեղական համայնքներից 66 մասնակիցների հմտությունները հյուրընկալության, զբոսաշրջության մարքեթինգի և զբոսավարության ոլորտում: Այս նախաձեռնությամբ ՔՈԱՖ-ը ձգտում է լրացնել տեղական շուկայում հյուրընկալության ոլորտի որակյալ մասնագետների պահանջարկը, պատրաստել պրոֆեսիոնալ գործընկերներ մեր ընթացիկ ու սպասվող նախաձեռնությունների համար, ինչպես նաև ընդլայնել զբաղվածության հնարավորությունները հսկայական ներուժով լի ոլորտներում:

Ներկայացնենք այն դասընթացները, որոնք ընթանում են Լոռու մարզում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) և ՔՈԱՖ-ի հետ համատեղ իրականացվող «Լոռին՝ քո հաջորդ ուղղությունը» ծրագրի շրջանակներում։

Հյուրընկալությունը հյուրընկալությամբ հայտնի Լոռու մարզում

Լոռու մարզի 15 բնակիչներ, այդ թվում՝ գործող հյուրընկալության բիզնեսի սեփականատերերն և անհատները, որոնք հետաքրքրված են հյուրընկալության ոլորտում բիզնես նախաձեռնություններով, մասնակցում են «Տուրիզմ Պարբերական» ՍՊԸ-ի կողմից մատուցվող հյուրընկալության ոլորտի դասընթացներին: Մասնակիցները հնարավորություն են ստանում բազմակողմանիորեն ծանոթանալու հյուրընկալության դինամիկ և շարունակ զարգացող ոլորտին և պատկերացում կազմելու գաղափարը բիզնեսի վերածելու անհրաժեշտ քայլերի մասին։

Արդի քան երբևէ․ զբոսաշրջության մարքեթինգ

Կարո՞ղ է բիզնեսը ժամանակակից աշխարհում գոյատևել առանց շուկայավարման: Կհամաձայնեք, որ բիզնեսի ջանքերը դժվար թե հաջողեն, եթե հավանական հաճախորդները չգիտեն բիզնեսի գոյության մասին: Հաշվի առնելով սոցիալական մեդիայի ռազմավարական դերն ու բիզնեսի զարգացման ժամանակակից մարքեթինգային գործիքների կարևորությունը՝ «Slice Consulting»-ի կողմից տրամադրվող դասընթացը ներառում են նաև թվային մարքեթինգի, սոցիալական մեդիա մարքեթինգի, բովանդակության ստեղծման և վերլուծության համապարփակ ներածություն 23 մասնակիցների համար։

Առաջին տպավորությունը՝ լավ զբոսավար

Վահագնի գյուղում ՔՈԱՖ-ի Այցելուների կենտրոնի բացումից ի վեր մեր աշխատակիցները նկատել են Լոռու մարզում որակավորված զբոսավարների նկատմամբ աճող պահանջարկն ու գործող զբոսավարների սահմանափակ քանակը: «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիա»-յի կողմից կազմակերպված մեկ այլ դասընթացի շրջանակներում պատրաստում ենք 28 պրոֆեսիոնալ զբոսավարներ՝ փոխանցելով նրանց գիտելիքներ ու հմտություններ, ինչպիսիք են տարածաշրջանի պատմությունը, մշակութային բազմազանության հետ առնչվելն ու վերջինիս հետ ճիշտ հաղորդակցվելը, առաջին բուժօգնության հմտությունների յուրացումը և այլն։

Դասընթացների մասնակիցները կկարողանան Դեբեդի կիրճի տարածքում գտնվող 80-ից ավելի հյուրընկալության բիզնեսներում գտնել աշխատանքի հնարավորություններ, ինչպես նաև ներգրավվել Լոռու մարզում ՔՈԱՖ-ի կողմից իրականացվող մի շարք տնտեսական նախաձեռնություններում։

Հանգիստ եղեք, զբոսաշրջությունը Լոռիում վստահելի ձեռքերում է։ Հաջորդ ճամփորդությունը՝ դբա Լոռի։

Վերջին հրապարակումները

Ուղիղ չվերթով Քարակերտի կենտրոնից Դալարիկի դպրոց

Սարգսյանների ՍՄԱՐԹաֆիկացման էվոլյուցիան

Նելլի Կոբելյան. «ՍՄԱՐԹ-ի երեխաներից ես սովորում ու լիքը դրական էմոցիաներ եմ ստանում»

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org