Ավագ եղբայրը նրանից շուտ է սկսել ՍՄԱՐԹ հաճախել, բայց կարճ ժամանակ անց մեծ եղբորը սկսել են ճանաչել որպես «Նարեկի եղբայր Մանվելը»։ Օձունից 11-ամյա Նարեկ Աղեկյանը չորս տարվա ՍՄԱՐԹ ճամփորդության ընթացքում հասցրել է կրթակարգի 6 ծրագիր ավարտել և առանց երկմտելու նշում է մինչև հիմա ամենասիրվածների լավագույն եռյակը՝ ֆինանսներ, երաժշտական գործիքներ ու ՎԻ ֆիթնես։ 

«Ես սպորտ շատ եմ սիրում, ու ՎԻ ֆիթնեսն իսկն ինձ համար էր։ Հիմա էլ ընդմիջումներին վազում եմ դահլիճ՝ ընկեր Միսակին տեսնելու ու նոր խմբերի հետ ծանոթանալու։ Վերջում նա միշտ ստուգում է՝ քանի «ժիմ» եմ կարողանում անել»,- ժպտալով պատմում է Նարեկն ու հավելում, որ անհամբեր սպասում է, թե երբ է հերթը հասնելու թվային նկարչությանն ու ամառային ծրագրին։

«Շատ եմ ուզում ամառային ծրագրի ժամանակ երաժշտական գործիքների խմբում լինել, որպեսզի կարողանամ վերհիշել մոռացածս ու նոր հմտություններ ձեռք բերեմ»,- ասում է նա։

ՍՄԱՐԹ-ից բացի Նարեկը երկու մեծ «սերեր» ունի՝ ֆուտբոլ և շախմատ։ 11-ամյա տղան մտածում է, որ ինքը կլինի «ֆուտբոլի երկրպագու պրոֆեսիոնալ շախմատիստ»։

ՎԻ ֆիթնեսը ֆուտբոլ չէ, բայց օգնում է լավ մարզավիճակում լինել ցանկացած սպորտով զբաղվելու համար։

ՍՄԱՐԹացիները երեխայի հիմնարար իրավունքներին ծանոթանում են խաղի միջոցով։

Երեխայի իրավունքների ամրապնդումը «Թվիստ» խաղի միջոցով աշխուժացրեց բոլորին։

Շախմատում Նարեկի ուսուցիչն ու հիմնական հակառակորդը պապիկն է, ում միայն 7 անգամ է կարողացել հաղթել։

Նարեկը ֆուտբոլի մեծ երկրպագու է և երազում է ճամփորդել Անգլիա սիրելի ֆուտբոլային ակումբի՝ «Արսենալ»-ի խաղերից մեկը (ցանկալի է «Չելսի»-ի հետ, ֆուտբոլասերները կհասկaանան) դիտել հենց «Էմիրեյթս» մարզադաշտում։

Հեծանիվ վարելը գյուղում սիրված սպորտաձև է, որի համար մարզիչ պետք չէ. համարյա բոլորն ինքնուս հեծանվորդներ են։