
Ուսանողները՝ ուսանողների համար. ՍՄԱՐԹամեջի նոր ձևաչափը

Ի՞նչ է լինում, երբ ուսանողները պատմում են ոչ միայն իրենց ստեղծած նախագծերի, այլև այն ճանապարհի մասին, որի ընթացքում սովորել են, սխալվել, բացահայտումներ արել և աճել։
Հունիսի 5-ին Լոռու՝ Յուրեջյանի անվան ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում առաջին անգամ անցկացվեց «Ուսանողները՝ ուսանողների համար» ձևաչափով ՍՄԱՐԹամեջը՝ համախմբելով ավելի քան 120 ուսանողի։ Միջոցառումը հարթակ էր, որտեղ երիտասարդները կարող էին կիսվել իրենց փորձով, ներկայացնել նախագծերի «կուլիսային» պատմությունները և ոգեշնչել միմյանց։
Թեև ՍՄԱՐԹ-ի ուսանողները պարբերաբար ներկայացնում են իրենց աշխատանքները, այս ձևաչափն այլ էր. TED ոճով մշակված կարճ ելույթների միջոցով մասնակիցները բեմից բացահայտ ու անկեղծ խոսեցին սեփական սխալների, հիասթափությունների, անակնկալ բացահայտումների և անձնային աճի մասին։
Միջոցառմանը հատուկ ելույթով հանդես եկավ նաև ՔՈԱՖ Կրթական և շրջանավարտների ծրագրերի մասնագետ Լաուրան՝ պատմելով հիմնադրամի Կրթաթոշակների և կարիերայի զարգացման ծրագրի հնարավորությունների մասին: Իսկ ուսանողական պանելային քննարկման ժամանակ խոսվեց ոչ թե կոնկրետ նախագծերի, այլ ընդհանուր ՍՄԱՐԹ-յան կյանքի ու փորձառության մասին:
Պատրաստվելով ելույթներին
Ավարտական փուլում իրենց նախագիծը ներկայացնելու հնարավորություն ունենում են բոլորը, սակայն այս ՍՄԱՐԹամեջը նոր հնարավորություն էր տասնյակ դիմորդներից ընտրված 5 թիմերի համար։

Մինչ բեմ բարձրանալը, ուսանողներն անցել էին մենթորության հատուկ փուլ՝ կատարելագործելով հանրային խոսքի և պատմասացության իրենց հմտությունները։
Ուսանողների հիմնական մարտահրավերն էր ներկայացնել ոչ միայն նախագծերի արդյունքները, այլև դրանց հիմքում ընկած փորձառություններն ու ստեղծագործական ընթացքը։
5 նախագիծ՝ գաղափարից մինչև իրագործում
Օրվա ընթացքում ներկայացված նախագծերն ընդգրկում էին ՍՄԱՐԹ-ի ամենատարբեր կրթական ուղղությունները.
Հայաստանի ՍՄԱՐԹ քարտեզագրում (SDMA)

«Smart Drone Mapping Armenia (SDMA)» նախագծի մասնակիցները ցույց տվեցին, թե ինչպես կարելի է ժամանակակից տեխնոլոգիաներն ու աշխարհատեղեկատվական համակարգերը (GIS) ծառայեցնել համայնքային խնդիրների լուծմանը և ստեղծել թվային ճշգրիտ քարտեզներ:
Թեհլերյանի դատավարությունը

Սուսաննան պատմեց, թե ինչպես է իրենց թիմին հաջողվել Սողոմոն Թեհլերյանի պատմական դատավարությունը վերածել մուլտիմեդիա թատերական ներկայացման։ Համադրելով ֆիլմն ու կենդանի բեմադրությունը՝ նրանք անդրադարձել են հիշողության, արդարության և ինքնության թեմաներին։
Պարարվեստի հիմունքները

Թիմը ներկայացրեց իրենց ստեղծած առցանց կրթական հարթակը, որը նախատեսված է բուհական ընդունելության քննություններին պատրաստվող ապագա պարողների համար։ Նախագծի ստեղծման շարժառիթն այն էր, որ Հայաստանում պարարվեստով զբաղվող երիտասարդները հաճախ սահմանափակ հասանելիություն ունեն մասնագիտական կրթական նյութերին և ռեսուրսներին։
Kulbas գուլպաներ. դիզայնից մինչև արտադրություն

Նանե Ղազարյանը ներկայացրեց KULBAS × ՔՈԱՖ համագործակցության շրջանակում իրականացված նախագիծը՝ պատմելով, թե ինչպես են ուսանողները Լոռու ճարտարապետական ժառանգության տարրերը վերածել ժամանակակից դիզայնի։
«Երբ իմացա, որ «ուսանողները՝ ուսանողների համար» ձևաչափով ՍՄԱՐԹամեջ է լինելու, շատ ոգևորվեցի, որովհետև միշտ էլ մտածում էի նրա մասին, թե ինչ կլինի, եթե ես խոսեի ուսանողների հետ»,-նշում է մասնակիցներից Նանե Ղազարյանը,- «շատ հավես անցավ»։
Հուզական ինտելեկտը դեռահասների համար

Եզրափակիչ ելույթը դեռահասների հուզական ինտելեկտի մասին էր: Ասյան պատմեց, թե ինչպես է հետազոտական աշխատանքը վերածվել գործնական կրթական օրագրի, որի նպատակն է օգնել երիտասարդներին ավելի լավ հասկանալ սեփական զգացմունքներն ու սովորել կառավարել դրանք։
Ուսանողները՝ ուսանողների համար

Դահլիճում ՍՄԱՐԹ-ցիների տարբեր սերունդներ էին հավաքվել՝ նորեկներից մինչև ավագ ուսանողներ։ Ոմանք դեռ նոր էին սկսում իրենց առաջին ծրագրերը և փորձում պատկերացնել, թե ինչ նախագծեր կարող են իրականացնել ապագայում, մյուսները բեմում հնչած պատմությունների մեջ ճանաչում էին սեփական փորձառությունները։

Այս ձևաչափով առաջին ՍՄԱՐԹամեջի ավարտին մի բան հստակ էր. այս միջոցառումը պարզապես ստեղծված նախագծերը ցուցադրելու մասին չէր:
Այն հարթակ էր, որտեղ ուսանողները կարող էին սովորել միմյանցից, կիսվել իրենց փորձով, տեսնել իրենց առաջընթացն ու հասկանալ, որ նախագծի ստեղծման ճանապարհը հաճախ նույնքան արժեքավոր է, որքան դրա վերջնական արդյունքը։




