
Ֆուտբոլ ծրագրի մեկնարկը՝ Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում

Այս աշնանը Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում մեկնարկեց «Ֆուտբոլ» ծրագիրը, որի շնորհիվ կենտրոնի կրթակարգը համալրվեց սպորտի, թիմային աշխատանքի և հավասար հնարավորությունների ևս մեկ բաղադրիչով։
Պաշտոնապես հոկտեմբերի 1-ից գործարկված ծրագիրն իրականացվում է ՖԻՖԱ-ի չափորոշիչներին համապատասխան նոր ֆուտբոլի դաշտում, որը ևս մեկ կարևոր քայլ է ՔՈԱՖ-ի տեսլականում՝ խթանելու առողջ ապրելակերպը, ակտիվ ուսուցումն ու երիտասարդների համակողմանի զարգացումը Հայաստանի համայնքներում։

Ծրագիր, որը միտված է զարգացմանն ու հասանելիությանը
Ֆուտբոլ ծրագիրն իրականացվում է պրոֆեսիոնալ մարզչի կողմից և բաց է տարբեր պատրաստվածության մակարդակ ունեցող ուսանողների համար։ Այն ստեղծում է կառուցվածքային ու ներառական միջավայր, որտեղ երեխաները այս մարզաձևին ծանոթանալուն զուգահեռ զարգացնում են ինքնավստահություն, կարգապահություն և թիմային մտածողություն։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Champion-ի հետ համագործակցությամբ։ Սա երկրի տարբեր մարզերում ֆուտբոլի կայուն զարգացման նշանակալի քայլ է։
Այնուամենայնիվ, ծրագրի հիմքում միայն մարզումները չեն, այլև հավասար հնարավորությունների ապահովումը։ Մենք ձգտում ենք Հայաստանի համայնքների երեխաների համար նույնքան որակյալ, հարմարավետ ու ոգեշնչող միջավայր և բովանդակություն ստեղծել, որպիսիք ունեն նրանց հասակակիցները այլուր։
Սովորելով առաջնորդներից՝ դաշտում և դրանից դուրս
Ծրագրի ոգեշնչող դրվագներից մեկը Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Ուրարտու» ՖԱ-ի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանի ներգրավվածությունն էր։ Նոյեմբերին նա այցելեց ՍՄԱՐԹ կենտրոն՝ որպես մարզիչ, անցկացնելով գործնական մարզումներ, կիսվելով փորձով և խրախուսելով երեխաներին։
Նրա ներկայությունը՝ որպես հաջողակ մարզիկ և մենթոր, խաղին հաղորդեց իրական բովանդակություն՝ ընդգծելով աշխատասիրության, թիմային լինելու և առաջնորդության արժեքները։ Սեպտեմբերին Ռոբերտը մասնակցեց նաև «ՍՄԱՐԹամեջ» ձևաչափով հանդիպման՝ մեր ուսանողների հետ զրուցելով պրոֆեսիոնալ սպորտի, կարգապահության և ֆուտբոլում կարիերա կառուցելու թեմաներով։

Տրիբունայից՝ խաղադաշտ
Հոկտեմբերի վերջին ՍՄԱՐԹ կենտրոնի աշակերտներն այցելեցին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ, ծանոթացան ակումբի պատմությանը, այցելեցին թանգարան, մարզվեցին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների հետ և դուրս եկան խաղադաշտ՝ իրենց սիրելի մարզիկների կողքին։
Շատերն առաջին անգամ էին առնչվում պրոֆեսիոնալ ֆուտբոլային միջավայրի հետ, և սա նրանց խոսքով՝ անմոռանալի փորձառություն էր։ Այսօր նրանք ՍՄԱՐԹ կենտրոնի դաշտ են դուրս գալիս որպես սկսնակ ֆուտբոլիստներ, և սա նրանց մեծ ճանապարհի սկիզբն է։
Խթանելով երեխայի համակողմանի զարգացումը
Ֆուտբոլ ծրագիրն ամբողջացնում է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի տեսլականը՝ ստեղծելով միջավայր, որտեղ կրթությունը, առողջ ապրելակերպը, ստեղծագործությունը և խաղը միավորվում են՝ օգնելով երեխաներին բացահայտել իրենց տաղանդներն ու ներուժը։
ՔՈԱՖ-ի համար ֆուտբոլը պարզապես խաղ չէ։ Այն վստահության, հաղորդակցման և համայնքի ձևավորման միջոց է՝ ևս մեկ ճանապարհ, որով երեխաների երազանքները սկսում են իրականություն դառնալ։
Տեսլականից՝ իրականություն
Ծրագրի իրականացումը հնարավոր դարձավ ՔՈԱՖ-ի 2025 թվականի գարնանային դրամահավաքի շնորհիվ, որի ընթացքում հավաքագրվեց ավելի քան 400,000 ԱՄՆ դոլար՝ նախանշված նպատակից ավելի քան կրկնակի։ Այն, ինչ սկսվեց որպես գաղափար, այսօր գործող, աշխույժ սպորտային տարածք է, որտեղ ամեն օր ստեղծվում նոր հնարավորություններ։
2026 թվականին ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև տրիբունաների, բազմաֆունկցիոնալ բասկետբոլի/վոլեյբոլի դաշտի և խաղահրապարակի կառուցում։






