
Ամառային ճամբարներ ՔՈԱՖ-ում․ երկար օրեր, պայծառ գաղափարներ, արևոտ տրամադրություն

ՔՈԱՖ-ում ամառն ամենևին էլ հանգիստ շրջան չէ։ Առաջիկա ամիսներին Հայաստանի տարբեր համայնքներից հարյուրավոր երեխաներ և երիտասարդներ կհավաքվեն՝ սովորելու, ստեղծագործելու, համագործակցելու և բացահայտելու նոր հնարավորություններ՝ մասնակցելով բազմաբովանդակ կրթական ծրագրերի։
Ապագայի գյուտեր նախագծելուց և թվային գրագիտության հմտություններ զարգացնելուց մինչև առողջ ապրելակերպի սովորությունների ձևավորում ու նոր կապերի ստեղծում. մասնակիցներին սպասվում է փորձառություններով հարուստ ամառ, որը կխթանի նրանց ինքնավստահությունը, հետաքրքրասիրությունն ու շարունակական զարգացումը։
Պատկերացնելով ապագան. ՍՄԱՐԹ-ի ամառային ծրագիրը
Մոտ 220 ուսանող կմասնակցի Լոռու՝ Յուրեջյանի անվան ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ամառային ծրագրին, որի այս տարվա խորագիրն է՝ «Ապագա․ այն, ինչ դեռ գոյություն չունի»։
Բաժանվելով թիմերի՝ մասնակիցները կստանձնեն գյուտարարների և նորարարների դերեր՝ ստեղծելով նոր տեխնոլոգիաների ու գաղափարների նախատիպեր կամ մշակելով լուծումներ իրենց համայնքներում առկա իրական խնդիրների համար։
Առաջնորդվելով թիմային աշխատանքի, պատասխանատվության, հաղորդակցման և ստեղծարարության արժեքներով՝ ՍՄԱՐԹացիները կմշակեն իրենց գաղափարներն ու դրանք կներկայացնեն ծրագրի ամփոփիչ ցուցահանդեսի ժամանակ։
Թվային քաղաքացիական կրթությունը ոչ թե ընտրություն, այլ՝ անհրաժեշտություն
Ապագայի մասին մտածելուն զուգահեռ՝ ուսանողները կբացահայտեն նաև, թե ինչ է նշանակում լինել թվային պատասխանատու քաղաքացի արագ փոփոխվող տեխնոլոգիական աշխարհում։
ՔՈԱՖ-ի Կրթական և շրջանավարտների ծրագրերի թիմի կողմից մշակված «Թվային քաղաքացիություն» մոդուլը նպատակ ունի օգնելու ՍՄԱՐԹացիներին դառնալ գիտակից, պատասխանատու և տեղեկացված մասնակիցներ թվային միջավայրում։
Ինտերակտիվ վարժությունների, քննարկումների, սիմուլյացիոն խաղերի միջոցով մասնակիցները կուսումնասիրեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են մեդիագրագիտությունը, թվային հետքը, արհեստական բանականությունն ու առցանց անվտանգությունը։
Այս մոդուլը կօգնի երեխաներին քննական հայացքով վերլուծել ու գնահատել մեդիայից ստացված տեղեկությունները, գիտակցել թվային տիրույթում իրենց կողմից կատարած ցանկացած գործողության հնարավոր երկարաժամկետ ազդեցությունը և կարևորել քաղաքացիական ակտիվության հարցում թվային տարբեր գործիքների կիրառումը։
Այսպիսով, նրանք կկարևորեն պատասխանատու թվային քաղաքացիական վարքագիծը՝ ճանաչելով իրենց և այլոց իրավունքներն ու պարտականությունները թվային միջավայրում։
Ձևավորելով առողջ սովորություններ խաղի միջոցով
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ամառային ծրագրի ընթացքում առողջ ապրելակերպի թեմայով քննարկումները կտեղափոխվեն ակտիվ միջավայր։ Նախորդ տարի ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացված արշավի հաջողված փորձի հիման վրա՝ կկազմակերպվի երկօրյա թեմատիկ փառատոն։

Ինտերակտիվ տաղավարներում մասնագետներն ուսանողներին կներկայացնեն հետաքրքիր տեղեկություններ ճիշտ սննդակարգի, հիգիենայի, հոգեկան առողջության, բերանի խոռոչի խնամքի և առողջ հաղորդակցության վերաբերյալ։ Ծրագրի օրերը կեզրափակվեն թիմային մարզական խաղերով և ֆիզիկական ակտիվությամբ։ Բացի այդ, ՔՈԱՖ-ի աջակցությամբ տարվա ընթացքում ևս հինգ նմանատիպ փառատոն կանցկացվի գործընկեր դպրոցներում։



ACCESS ծրագրի սաները կհավաքվեն Գյումրիում
Այս հուլիսին ՔՈԱՖ-ի անգլերենի ACCESS ծրագրի շուրջ 120 ուսանող Հայաստանի չորս մարզից կհավաքվի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում՝ մասնակցելու մեկօրյա ամառային ճամբարի, որն իրականացվում է ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։

Միացյալ Նահանգների 250-ամյակին նվիրված ծրագրի ընթացքում մասնակիցներին սպասվում են կրթական խաղեր, քննարկումներ և հանդիպումներ հրավիրյալ բանախոսների հետ։ Ճամբարը նրանց հնարավորություն կտա կիրառելու անգլերենի գիտելիքները գործնական միջավայրում, ծանոթանալու Հայաստանի տարբեր համայնքներից ժամանած հասակակիցների հետ և ստեղծելու նոր կապեր։




Աճի ու նոր բացահայտումների ամառ
Անկախ նրանից՝ երիտասարդները նախագծում են ապագայի գյուտեր, բացահայտում պատասխանատու թվային վարքագիծը, ձևավորում առողջ սովորություններ, թե կապեր ստեղծում Հայաստանի տարբեր անկյունների իրենց հասակակիցների հետ՝ ՔՈԱՖ-ի ամառային ծրագրերը ստեղծված են խթանելու հետաքրքրասիրությունը, ինքնավստահությունը, ստեղծագործական մտածողությունն ու շարունակաբար կրթվելու ցանկությունը։






