Պանրագործության պատմության նոր էջ Լոռու մարզում

Նոյեմբերի 13, 2021

Հեղինակ՝ Նանե Վարդանյան
Լուսանկարները՝ Քնար Բաբայանի

2 րոպե կարդալու համար

Ժամանակ, միջազգային փորձ, գումար, համբերություն և լիտրերով սննդարար կաթ է ներդրվելու Լոռու մարզում պանրարտադրությանը զարկ տալու համար։ Այս ամենը մեր նոր՝ «CheeseUp» («ՉիզԱփ») ծրագրի մասին է, որը գալիս է բարելավելու կաթնամթերքի արտադրությունը Լոռու մարզի վեց գյուղերում՝ Դեբետ, Դսեղ, Եղեգնուտ, Չկալով, Ձորագյուղ և Վահագնի)։ 

ՔՈԱՖ-ի և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության համատեղ ջանքերով իրականացվող այս ծրագիրը թիրախավորում է պանրագործության յուրաքանչյուր փուլը՝ սկսած մշակաբույսերի ցանումից ու անասունների սերմնավորումից` մինչև գյուղացիների հմտությունների զարգացման դասընթացների անցկացում և անհրաժեշտ սարքավորումների տրամադրում։ Նպատակն է Հայաստանի գյուղական համայնքներում ունենալ կայացած ֆերմերներ և գործարարներ, տալ բարձր որակի մրցունակ արտադրանք:

Ծրագրի շրջանակներում ակնկալվում է, որ կստեղծվեն ավելի քան 70 աշխատատեղեր, իսկ նախաձեռնության տնտեսական ազդեցությունը կտարածվի ավելի քան 250 ընտանիքների վրա։ 

Կաթը, լինելով պանրի հիմնական բաղադրիչը, նաև «CheeseUp»-ի ամենակարևոր բաղադրիչն է։ Ծանոթանալով կովերի տեսակներին՝ կպարզեք, որ վերջիններս, ըստ իրենց կաթնարտադրության աստիճանի, շատ տարբեր են։ Օրինակ՝ եթե Հայաստանում ամենատարածված՝ շագանակագույն կովկասյան ցեղատեսակը կարող է տարեկան 1500-2000 լիտր կաթ տալ, հոլանդական և ջերսենյան ցեղի տավարի լակտացիան տարեկան 5000-9000 լիտր է:

Անասնակերի սննդարարությունն ապահովելու նպատակով 100-ից ավելի շահառուներ կզբաղվեն հողերի մշակմամբ՝ տնկելով եգիպտացորեն, առվույտ և կորնգան. վերջիններս խոշոր եղջերավոր անասունների համար սննդարար համարվող կերեր են: 2021 թվականի աշնանը ձմեռային սերմացու է տրամադրվել ավելի քան 40 տնային տնտեսությունների։ Հատկանշական է, որ գյուղացիները իրենց համայնքներում «վերակենդանացնում են» 30-ից ավել տարիներ շմշակված հողեր։ 

Նախագծի շրջանակներում ստեղծվելու է նաև կոոպերատիվ, որը կկարգավորի անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկայի գնումն ու գյուղացիներին վարձակալությամբ տրամադրումը։

Այնուհետև, կընտրվեն ընտանիքներ, որոնք առնվազն երեք կով ունեն և համաձայն կլինեն կովերից գոնե մեկին սերմնավորել ցեղատեսակների հետ, ինչպիսիք են հոլանդականը, ջերսենյանը, շվեյցարական գորշը և Ֆլեկվիենը: Սերմնավորումը թույլ կտա առաջիկա տարիներին անհամեմատ ավելի որակյալ և մեծ քանակով կաթ ստանալ։

Միաժամանակ, մեր փորձագետները կմշակեն բիզնեսի զարգացման ծրագրեր Դսեղ և Ձորագյուղ համայնքներում գործող պանրի երկու արտադրությունների համար, ինչպես նաև ներգրավված աշխատակիցների հետ կանցկացնեն դասընթացներ՝ պարմեզան, գաուդա, խոտաբույսերով և այլ տեսակի պանիրներ պատրաստելու համար։ 

Այս երկար սպասված արդյունքին հասնելուն պես ձեզ հրավիրում ենք Լոռու մարզ՝ համտեսելու թարմ թխված ավանդական հաց՝ համեղ պանրով՝ պատրաստված գյուղական Հայաստանում: