CheeseUp․ վերափոխելով կաթնամթերքի ոլորտը Հայաստանում

Անի Մուրադյան
October 6, 2025
Economic Development

Հայաստանի Լոռու մարզում գյուղատնտեսությունը նոր շունչ է ստացել՝ վերափոխելով մոտեցումները, բարձրացնելով արտադրողականությունը և ստեղծելով նոր հնարավորություններ համայնքների համար։

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) իր տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակում 2021 թվականին գործարկեց «CheeseUp» նախագիծը։ Չորսամյա նախագծի հիմքում Լոռու մարզի 6 համայնքում կաթնամթերքի ամբողջական արժեշղթա ստեղծելն է, այդ թվում՝ Չկալով, Դեբեդ, Ձորագյուղ, Դսեղ, Վահագնի և Եղեգնուտ։

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) հետ իրականացվող այս նախաձեռնությունը մշակվել է համայնքների բնակիչների իրական կարիքների հիման վրա։ Մեր նպատակն է գյուղատնտեսներին վերադարձնել վստահությունը սեփական ուժերի հանդեպ՝ ստեղծելով նոր հնարավորություններ նրանց համար։

Մեր նպատակը

CheeseUp-ը ստեղծվել է Հայաստանում կաթնամթերքի ոլորտը վերափոխելու, կայուն ու ամբողջական մոդել ձևավորելու և երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ազդեցություն ապահովելու նպատակով։ Ծրագրի հիմնական նպատակներն են.

  • Ստեղծել արդյունավետ և կայուն գյուղատնտեսական համակարգ, որը բարձրացնում է համայնքների կենսամակարդակը
  • Վերապատրաստել առնվազն 200 համայնքաբնակ գյուղատնտեսի հետևյալ ուղղություններով.
    • Կերերի արտադրություն
    • Կաթի արտադրություն
    • Բուծման բարելավում
  • Ստեղծել երկու նոր ձեռնարկություն՝ բարձրորակ պանիր արտադրելու համար, որոնք կծառայեն որպես կրկնօրինակելի մոդել Հայաստանի մյուս համայնքների համար
  • Մարքեթինգային քայլերով առաջխաղացնել բարձրորակ պանիրներն ու կաթնամթերքը  և բարելավել արտահանումը
  • Նշանակալիորեն բարձրացնել ծրագրի մասնակից ավելի քան 200 շահառուի եկամուտը

Այն, ինչ սկսվեց որպես համարձակ տեսլական, այժմ գերազանցում է սպասելիքները և վերածվում ինքնուրույն զարգացող շարժման: Ծանոթացե՛ք CheeseUp-ի վերափոխող ազդեցությանը:

Սկսելով հողերի վերամշակումից

Ինչպես ՔՈԱՖ-ի բոլոր համայնքային ծրագրերը, CheeseUp-ը ևս մեկնարկել է քննարկումների և ոչ թե ենթադրությունների հիման վրա։ Մեր թիմը նախ ուսումնասիրել է համայնքի բնակիչների կարիքները, անցկացրել դաշտային ուսումնասիրություններ և համագործակցել գյուղատնտեսների հետ։ Այս համայնքների շատ ընտանիքներ արդեն իսկ զբաղվում էին անասնաբուծությամբ, այգեգործությամբ և հողագործությամբ, բայց այդ ամենը կազմակերպվում էր ոչ արդի կամ ոչ արդյունավետ պայմաններում։ 

Շահառու վեց համայնքի տրամադրության տակ ավելի քան 400 հա գյուղատնտեսական նշանակության հողեր էին, որոնց մեծ մասը վաղուց անտեսված է եղել: Ֆերմերները մնացել են առանց նույնիսկ տարրական գյուղատնտեսական տեխնիկայի հասանելիության, ինչը գրեթե անհնար է դարձրել մշակաբույսեր ցանելը, անասունների համար համապատասխան կերեր արտադրելը կամ կաթի բերքատվությունը բարձրացնելը:

Հզորացնելով ֆերմերներին՝ գյուղատնտեսական մեքենայացմամբ  և կոոպերատիվներով

ՔՈԱՖ-ը ստեղծել և վերազինել է երեք գյուղատնտեսական կոոպերատիվ՝ տրամադրելով այնպիսի տեխնիկա, որը մինչ այս հասանելի չէր անհատ գյուղատնտեսին: Այս կոոպերատիվները

  • խթանում են համայնքի կայուն զարգացումը,
  • ապահովում անասնակերի լայնածավալ արտադրություն,
  • բարելավում կենդանիների խնամքը ժամանակակից սարքավորումներով։

ՔՈԱՖ-ը նաև համայնքների բնակիչներին սերմեր և պարարտանյութեր է տրամադրել 200 հա հողում անասնակեր աճեցնելու համար, իսկ ֆերմերները վերաներդրել են իրենց նախնական շահույթը՝ կրկնապատկելով մշակվող հողատարածքը մինչև 400 հա։ Սա համայնքի ներգրավվածության և ծրագրի հանդեպ մեծ վստահության կարևոր ցուցիչ է։

«Երբ տեսնում ես, որ մի ֆերմեր, որը ժամանակին հիասթափվել է գյուղատնտեսությունից, նորից սկսում է հավատալ, ներդրումներ կատարել իր հողում, կիրառել նոր մեթոդներ և ծրագրեր մշակել ապագայի համար, հասկանում ես, որ նույնիսկ փոքր միջամտությունը կարող է մեծ փոփոխություն բերել համայնքում»:

— Լուիզա Սևունի, «CheeseUp» նախագծի ղեկավար

Այն, ինչ սկզբում պարզապես լոգիստիկ խնդիրների լուծում էր, շատ արագ վերածվեց հողօգտագործման, սննդի արտադրության և համայնքի հզորացման վերափոխող ուղու:

Հողերի վերականգնում և մշակաբույսերի կառավարում

Անասնաբուծության կայուն զարգացմանն աջակցելու համար ՔՈԱՖ-ը պետք է նախ անասնակերի հասանելիություն ապահովեր: Արդյունքում.

  • 400+ հա չօգտագործվող հողատարածք է մշակվել
  • Աճեցվել են հիմնական բերքատու մթերքներ՝ գարի, առվույտ, վարսակ, եգիպտացորեն
  • 200+ ընտանիք ներգրավված է եղել հողագործության ու բուծման գործընթացում

Այս հիմնարար քայլերը ոչ միայն նպաստեցին կաթնամթերքի արժեշղթայի զարգացմանը, այլև ապրուստի միջոց դարձան հարյուրավոր ֆերմերային տնտեսությունների համար:

Ավելի քան 800 խոշոր եղջերավորի վերարտադրություն

Երբ անասնակերի հարցն արդեն լուծված էր, ժամանակն էր վերարտադրել խոշոր եղջերավորներին։ Արհեստական սերմնավորման միջոցով համայնքաբնակ ֆերմերները ծանոթացան բարձր արտադրողականությամբ ու կայունությամբ հայտնի կովի ցեղատեսակներին՝ հոլշտեյն և շվեյցարական դարչնագույն, որոնք ընտրվել էին հատուկ Հայաստանի կլիմային ու միջավայրին համապատասխան։ Շուտով ավելի առողջ կովերը սկսեցին արտադրել ավելի բարձրորակ և ավելի մեծ քանակությամբ կաթ։ Սա հնարավորություն տվեց գյուղացիներին ոչ միայն բարելավել արտադրանքը, այլև մեծացնել իրենց եկամուտները։

Գործարկելով պանրի 2 արտադրամաս

Կաթնամթերքի արտադրության մասշտաբավորման համար առանցքային է ժամանակակից վերամշակումը: ՔՈԱՖ-ը, համագործակցելով Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) հետ և ստանալով աջակցություն Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոնից (ICARE) ու ՄԱԿ-ի Սննդի և Գյուղատնտեսության կազմակերպությունից (FAO), վերանորոգել ու կահավորել է պանրի արտադրության երկու արտադրամաս՝ մեկը Դսեղում, մյուսը՝ Ձորագյուղում։

Բարելավումները ներառել են՝

  • արտադրամասերի վերանորոգում՝ սննդի անվտանգության ստանդարտներին համապատասխան,
  • կաթի վերամշակման սարքավորումներ՝ սննդի անվտանգության պահանջներին համահունչ,
  • 25 նոր աշխատատեղ՝ երկու գործարանում։

Արդյունքում վերամշակման հզորությունները եռապատկվել են՝ ապահովելով ոչ միայն արտադրանքի որակը, այլև դառնալով եկամտի նոր աղբյուր։

Ներկայացնելով «Լեմոնտանի» ապրանքանիշը

ՔՈԱՖ-ն այնուհետև մշակել է ամբողջական բրենդավորում երկու արտադրամասի համար։ Այսպիսով, ստեղծվել են Դսեղի «Լեմոնտանի» և Ձորագյուղի «Դուլչիզ» ապրանքանիշերը, որոնք արդեն շուկայում են, այդ թվում՝ Հայաստանի խոշորագույն սուպերմարկետներում և Վրաստանի մի քանի առևտրային կետերում։

2022 թվականին մենք գործարկեցինք «Լեմոնտանի»-ն. 100% բնական կաթնամթերքի ապրանքանիշ, որը խորհրդանշում է հայկական պանրագործության նոր մոտեցումները։ Տեղական կաթի բարձր որակը, բարձրորակ տեխնոլոգիաները և համայնքի ջանքերով ստեղծված «Լեմոնտանի» ապրանքանիշն արտացոլում է CheeseUp նախագծի էությունը. տեղական արտադրանք՝ համաշխարհային ներուժով։

Համայնքների ֆերմերների հզորացում


Այս վերափոխումների հիմքում մարդիկ են, ուստի ՔՈԱՖ-ն իրականացրել է նաեւ գործնական ուսուցման համապարփակ ծրագիր՝ հետևյալ ուղղություններով.

  • Անասնաբուծություն
  • Բուսաբուծություն
  • Պանրագործության տեխնիկաներ (ներառյալ բարձրորակ պանիրներ, ինչպիսիք են գաուդան, չեդդերը և սուլուգունին)
  • Բրենդավորում և շուկա մուտք գործելու մեթոդներ

Մասնագիտական թրեյնինգները վարում էին միջազգային փորձագետներ այնպիսի ծրագրերից, ինչպիսիք են USAID-ի «Ֆերմերից ֆերմեր»-ը, AGRI CAMP-ը, Շվեյցարիայի ավագ փորձագետների ծառայությունը (SES) և PUM-ը (Նիդեռլանդներ)։ Յուրաքանչյուր համայնքում անցկացվել են նպատակային, գործնական դասընթացներ, որոնք մշակվել են տվյալ համայնքի կարիքներին համահունչ։

Առաջին արդյունքները և ազդեցությունը

CheeseUp-ն էականորեն վերափոխում է համայնքների տնտեսությունը՝ բացահայտելով տեղի ներուժը։ 

Ահա ձեռքբերումներից մի քանիսը․

  • վերակամշակվել է ավելի քան 400 հա չօտգագործված հողատարածք,
  • սերմնավորվել է ավելի քան 800 կով,
  • 200-ից ավելի ընտանիք ներգրավվել է բուսաբուծության ու անասնաբուծության աշխատանքներում,
  • կերի պահանջարկի 70–80%-ն այժմ ապահովվում է տեղում,
  • գործում է պանրի 2 գործարան, որն արտադրում է պրեմիում պանիրներ,
  • ստեղծվել է 25 նոր աշխատատեղ պանրի արտադրության ոլորտում,
  • 20–30 լրացուցիչ աշխատատեղ էլ ստեղծվել են հարակից ոլորտներում (գյուղատնտեսություն, լոգիստիկա և այլն),
  • նկատելիորեն աճել է կաթի արտադրությունն ու ֆերմերների եկամուտը։

Ինչո՞ւ է սա կարևոր

Այս նախաձեռնությունը պարզապես զարգացման ծրագիր չէ․ այն համայնքների վերածննդի ճանապարհային քարտեզ է, որն ապահովում է․

  • կենսապահովման կայուն աղբյուրներ. լավագույն ցեղատեսակներ, լավագույն կերեր, լավագույն եկամուտներ,
  • համայնքային զարգացում. չօգտագործվող հողերը վերածվում են բերքատու դաշտերի,
  • մուտք շուկա. «Լոռի» պանիրները մուտք են գործում ազգային և համաշխարհային շուկաներ
  • Կարողությունների շարունակական զարգացում. հմտություններ, որոնք կկիրառվեն նաև այս նախագծից դուրս

Եզրակացություն. զանգվածային արտադրություն և կայուն զարգացում

CheeseUp-ը ոչ միայն բարելավել է արտադրությունը, այլև վերադարձրել է արժանապատվությունն ու տնտեսական զարգացման հնարավորությունները Հայաստանի համայնքներում: Ռազմավարական ներդրումների շնորհիվ ՔՈԱՖ-ը և AMAA-ն համատեղ ստեղծել են մասշտաբային, կայուն և հիմնովին մարդակենտրոն մոդել:

Եվ այս ամենի հիմքում ընտանիքներն են, որոնք հավատացին մեծ գաղափարի, գյուղերը, որոնք վերածնվեցին, և բարձրորակ հայկական պանիրները, որոնք պարզապես համտեսել է պետք։

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

October 6, 2025
Կատեգորիա

CheeseUp․ վերափոխելով կաթնամթերքի ոլորտը Հայաստանում

September 1, 2025
Կատեգորիա

ՔՈԱՖ փառատոն. Լոռու թաքնված ներուժը

September 1, 2025
Կատեգորիա

Մեղվաբուծությունը՝ զարգացող ոլորտ ու եկամտեր բիզնես Լոռիում

September 1, 2025
Կատեգորիա

Զբոսաշրջության զարգացմանն ուղղված դասընթացներ Լոռիում

September 1, 2025
Կատեգորիա

Դարբնոց, թռչնաբուծարան, մասնագիտացված խոհանոց Դեբետում

September 1, 2025
Կատեգորիա

Լոռիում բացվեցին պանրի երկու արտադրամասեր