Խնձորը ծառից հեռու չի ընկնում․ տան այգում ազնվամորի է աճում

Օգոստոսի 28, 2020

Հեղինակ՝ Նանե Վարդանյան,
լուսանկարները Քնար Բաբայանի

3 րոպե կարդալու համար

Ազնվամորին ՔՈԱՖ-ի համար յուրատեսակ խորհրդանիշ է, դե, բացի այն, որ հյութեղ այս հատապտուղն ամառային մեր սեղանի զարդն է։

Իր անվանումն ստացել է ֆրանսերեն «raspise» բառից՝ «քաղցր վարդագույն գինի», ու մեր մի քանի նախաձեռնությունների առանցքային մասն է կազմում։ Առաջին հերթին՝ ՔՈԱՖ-ի տնտեսական զարգացման և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) համագործակցությամբ (GEF Փոքր դրամաշնորհային ծրագիր) ազնվամորու թփեր ենք տրամադրել Լոռու մարզի գյուղական 6 համայնքների 96 տնամերձերի։

Երկրորդ՝ հենց ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանում ազնվամորու փարթամ այգի ունենք։ UNDP-ի ֆինանսավորմամբ հիմնված այս այգում ազնվամորու, մոշի, հաղարջի 25 տեսակ է աճում։ Բերքը ծառայում է «Կոնցեպտ» հյուրանոցին և՛ որպես թարմ միրգ, և՛ որպես մուրաբայի հումք։

Եվ վերջապես, ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի ագրոտեխնոլոգիայի ուսանողներն ու ՔՈԱՖ-ի բազմաթիվ շահառուներ, որ ապրում են մերձակա Դեբետ, Եղեգնուտ ու Ձորագյուղ համայնքներում, վերապատրաստվել են ազնվամորու մշակման և արդյունավետ գյուղատնտեսության վարման թեմաներով։

Ագրոտեխնոլոգիայի ծրագրի նպատակն է ուսանողներին ծանոթացնել գյուղատնտեսության ճյուղերին, առկա տեխնոլոգիական լուծումներին ու դրանց պրակտիկ կիրառմանը։ «Մասնակիցները գիտելիք են ձեռք բերում այգեգործության, գյուղատնտեսության, անասնապահության և մեղվաբուծության բնագավառներում։ Մենք օգտագործում և խրախուսում ենք կիրառել օրգանական գյուղատնտեսության տեխնիկաներ, որ նոր սերունդը ապագայում այն կարողանա կյանքի կոչել»,- ասում է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ագրոտեխնոլոգիայի ծրագրավար Սուրեն Հարությունյանը։

Խաչատուր Հակոբյանը Վահագնի գյուղից է, երկու որդի ունի։ 2018-ին ՔՈԱՖ-ից ազնվամորու թփեր է ստացել։ Իր զավակներից Համլետը ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ագրոտեխնոլոգիայի ուսանող է։ Ոգևորված օր օրի աճող իր գիտելիքներով՝ Համլետն օգնում է հորը մշակել ազնվամորին, ինչպես նաև իրենց հողակտորի վրա աճող այլ բարիքներ՝ կարտոֆիլ, լոբի, պոմիդոր, վարունգ, ու դեռ ավելին՝ տեղական շուկայի համար նոր բանջարեղեն՝ բրոկոլի և չինական լոբի։

16-ամյա Համլետը գնել և իրենց տնամերձում տեղադրել է կաթիլային ոռոգման համակարգ։ «Այս համակարգը հարստացնում է բերքն ու թույլ տալիս ժամանակ խնայել այգին ջրելու գործից»,- բացատրում է երիտասարդ, շնորհալի այգեգործը։

Ամառը գործնական բազում գիտելիքների ժամանակաշրջան էր Լևոն Հովհաննիսյանի՝ ագրոտեխնոլոգիայի վահագնաձորցի մեր մյուս ուսանողի համար։ 14-ամյա Լևոնն օգնում է ծնողներին էտել և խնամել ազնվամորու երկամյա թփերը, որ աճում են իրենց տան այգում՝ խնձորենիների ու սալորենիների, լոբու սարիների և վարունգի թփերի կողքին։

«Խնձորը ծառից հեռու չի ընկնում» հայտնի ասացվածքի պես՝ մեր շահառուները հայրիկների հետ հնարավոր ամեն ռեսուրս օգտագործում են սեփական ընտանիքների բարեկեցության և իրենց համայնքների տնտեսական աճի համար։

Ո՞ւզում եք փոխել աշխարհը։ Սկսեք ձեր տնից։

Մարտի 7, 2021

Անգլերեն սովորելը՝ հաջողության բանալի

Թուզի հայրենիք Վազաշենը