Լոռու դպրոցների անգլերենի ուսուցիչները՝ կրկին ուսանող

Մայիսի 27, 2022

Հեղինակ՝ Նանե Վարդանյան
Լուսանկարները՝ Քնար Բաբայանի

3 րոպե կարդալու համար

Լոռու մարզում հանրակրթական դպրոցների անգլերենի ուսուցիչները կրկին ուսանող լինելու հաճույքն են վայելում․ ՀՀ-ում Ամերիկյան դեսպանատան և ՔՈԱՖ-ի կողմից համատեղ իրականացվող «Անգլախոս գյուղական դպրոցներ» ծրագրի շրջանակներում կազմակերպվող անգլերենի դասընթացները նրանց առջև նոր հորիզոններ են բացում ու մասնագիտական աճի մեծ ալիքի մասնակից դարձնում։

Հետազոտության համաձայն՝ հայ բնակչության 40%-ը խոսում է անգլերեն, բայց նրանցից միայն 4%-ն է լեզվին խորությամբ տիրապետում։ Գյուղաբնակ երիտասարդերի շրջանում անգլերենի իմացությունը բարելավելու ու նրանց վերջինիցս բխող նոր հնարավորություններ ընձեռելու նպատակով ծրագիրը նախ և առաջ թիրախավորում է գյուղական դպրոցների ուսուցիչներին ու նրանց լեզվական գիտելիքների զարգացումը։ 

Օտար լեզու սովորելը չվերջացող «ճամփորդություն է»․ բարելավելու տեղ միշտ էլ կա։ «Թե՛ գյուղական, թե՛ քաղաքային վայրերում երբեք չի եղել ուսուցիչների մասնագիտական աճին ուղղված լեզվի հմտությունների զարգացման կանոնակարգված ու կարիքների հիման վրա մշակված վերապատրաստում կամ ծրագիր։ Ուսուցիչների լեզվական և մասնագիտական հմտությունների զարգացման արդյունքում կբարելավենք նաև ֆորմալ կրթության շրջանակներում դպրոցականների անգլերենի իմացության մակարդակը»,- նշում է ՔՈԱՖ-ի Անգլերենի ծրագրերի ղեկավար Աննա Առաքելյանը։

Այսպիսով, 2022-ի մարտից մինչև մայիս Լոռու մարզի 20 համայնքների 20 ուսուցիչներ մասնակցում են լեզվի իմացության բարելավման կուրսերի՝ բաժանված B1 և B2 լեզվամակարդակների։ Ամեն շաբաթ ուսուցիչները անդադար անգլախոս միջավայրում են, որտեղ զարգացնում են թե՛ լեզվի իրենց իմացությունը, թե՛ համակարգչային հմտությունները։

«Որպես 20 տարվա մանկավարժ՝ ես շատ եմ գնահատում այս ծրագիրը, քանի որ առաջին անգամ է, որ լեզուն զարգացնելու միջավայր ունենք ու ծանոթանում ենք նոր մեթոդաբանության ու մշակույթի։ Ծանոթ լինելով անգլերենի «Աքսես» ծրագրին (ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ու ՔՈԱՖ-ի համատեղ մեկ այլ ծրագիր), որն իրականացվում է մեր աշակերտների հետ, ես լավ գիտեի, թե որքան արդյունավետ է այն։ Այժմ արդեն որպես ուսուցիչներ նման ծրագրի մասնակցություն ունենալու հնարավորությունը հրաշքի պես բան է մեզ համար»,- նշում է Աքորի գյուղի միջնակարգ դպրոցի անգլերենի ուսուցիչ, դասընթացների մասնակից Լուսինե Պետրոսյանը։

Անգլերենի դասընթացներն արդեն պտուղներ են տալիս․ Հայաստանի ամերիկյան համալսարան դիմած 19 ուսուցիչներից 16-ն ընդունվել են համալսարանի «Անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդում» 7-շաբաթյա ամառային ծրագիր։ Ինը կրեդիտից բաղկացած ծրագիրը կարող է օգտագործվել կամավոր ատեստավորման ու որակավորման բարձրացման համար։ Այն նաև կարող է օգտագործվել Հայաստանի ամերիկյան համալսարանում TEFL մագիստրատուրայի ծրագրով շարունակելու դեպքում։ 

Հունիսի 27-ից օգոստոսի 22-ը ուսուցիչները կհաճախեն Հայաստանի ամերիկյան համալսարան, որի համար նրանց կտրամադրվեն համակարգիչներ՝ թե՛ դասերին մասնակցելու, թե՛ դասավանդման նյութեր պատրաստելու համար։ 

Անգլերենի իմացության մակարդակը Լոռու գյուղերում շուտով նոր մակարդակի կհասնի՝ իր հետ բերելով հնարավորությունների մի մեծ փունջ՝ նոր աշխարհայացք, մշակույթ ու մտածողություն դեպի համայնքներ, որոնք դրանց կարիքն ամենաշատն ունեն։