
ԱԲ-ն՝ կրթության մեջ. ՔՈԱՖ-ը և ԱՄՆ դեսպանատունը նորարարությունը բերում են դասասենյակներ

Ինչպե՞ս անգլերենի դասերը դարձնել ավելի հետաքրքիր այսօրվա տեխնոլոգիական աշխարհում… Խոսել աշակերտների հետ նույն լեզվով ու քայլել արհեստական բանականության ազդեցությամբ զարգացող իրականությանը համահունչ։
Այս գաղափարի շուրջ էր մշակված ՔՈԱՖ-ի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան համատեղ՝ «Արհեստական բանականությունը կրթության մեջ» խորագրով մասնագիտական աշխատարանը։ Այն Լոռու ՔՈԱՖ Կոնցեպտ հյուրանոցում համախմբել էր շուրջ50 անգլերենի ուսուցչի Լոռու, Արմավիրի, Արագածոտնի և Շիրակի մարզերից

Աշխատարանի բանախոս Վինսենթ Լաութերը՝ ԱՄՆ պետքարտուղարության անգլերենի մասնագետ, Արիզոնայի համալսարանի գլոբալ հանրակրթական հարցերով ավագ գիտաշխատող, ներկայացրեց արհեստական բանականության բազմաշերտ կիրառումները կրթական միջավայրում՝ հատկապես անգլերենի դասավանդման ժամանակ։ Անդրադարձ կատարվեց արդյունավետ հարցադրման արվեստին (prompt engineering), ինչպես նաև ԱԲ-ի միջոցով լեզվական և փափուկ հմտությունների զարգացման գործիքներին։
«21-րդ դարում դժվար է երեխային կամ սովորողին հետաքրքրացնել և անգլերենը դարձնել էլ ավելի գրավիչ»,-ասում է այդ ժամանակ ՔՈԱՖ Անգլերենի ծրագրերի ղեկավար Աննա Առաքելյանը և հավելում. «ուստի արհեստական բանակոանությունը փորձում է երեխայի լեզվով իր հետ խոսել և ըստ այդմ նաև հետաքրքրացնել անգլերենի դասերը՝ դարձնելով դրանք ինտերակտիվ, ուսուցողական և ավելի ստեղծագործ»։

Աշխատարանը ևս մեկ կարևոր քայլ էր ՔՈԱՖ-ի՝ համայնքներում կրթության որակը բարձրացնելու շարունակական ջանքեի շրջանակում։ Այն իրականացվեց ԱՄՆ դեսպանատան հետ երկարամյա համագործակցության արդյունքում և դարձավ օրինակ, թե ինչպես կարող են տեխնոլոգիաներն ու կրթությունը միավորվել՝ ընդլայնելու գալիք սերնդի հնարավորությունները Հայաստանում։








