
Զոյա Հովսեփյան. քիմիայի ուսուցչուհուց սոցիալական աշխատող

Առաջին մասնագիտությամբ քիմիայի ուսուցչուհի Զոյա Հովսեփյանն Արցախի Մադաթաշեն գյուղի դպրոցում հասցրել է ընդամենը մեկ տարի դասավանդել։ Հետո մի քանի տարի ամբողջ հաստիքով մայրիկ է աշխատել՝ ժամանակ առ ժամանակ այն համատեղելով մանկապարտեզի դաստիարակի ու դայակի աշխատանքի հետ։
2020թ. արցախյան 44-օրյա պատերազմից հետո ստեղծված սոցիալական ծանր իրավիճակում օգտակար լինելու համար Զոյան՝ որպես կամավոր, ներգրավվեց սոցիալական հարցումների գործընթացում։
«500-ից ավելի տնայց եմ արել ու առաջնային կարիքների գնահատում իրականացրել հետպատերազմյա Ստեփանակերտում»,- սոցիալական ոլորտում իր առաջին փորձն այսպես է հիշում Զոյան։
Կամավորությանը հաջորդեցին մասնագիտական դասընթացն ու մագիստրատուրան, որին զուգահեռ նա սոցիալական աշխատանք էր իրականացնում Ստեփանակերտի «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությունում՝ որպես սոցիալական աշխատող։
2023թ. սեպտեմբերին՝ Արցախից բռնի տեղահանությունից հետո, Զոյան ընտանիքով հաստատվեց Արմավիր քաղաքում ու աշխատանքի անցավ տեղի ՏՄԱԿ-ում (Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն)՝ որպես սոցիալական աշխատող։ Մեկ ամիս անց նա արդեն միացավ ՔՈԱՖ-ի Յուրեջյանի անվան Մյասնիկյանի Երեխայի ու ընտանիքի կենտրոնի բազմամասնագիտական թիմին։
«Սկզբում թերահավատ էի, ամեն ինչ նոր էր ինձ համար, գյուղերի անուններն անգամ դժվարանում էի մտապահել։ Այսօր «աչքերս փակ» կարող եմ մեր շահառու համայնքների ճանապարհը տեղացիներից էլ լավ ցույց տալ»,- հպարտանում է Զոյան ու հավելում, որ աշխատանքն իրեն օգնել է նաև նոր տեղում հարմարվելուն և ռեսուրսներ գտնելուն։
Այսօր Զոյան սպասարկող բնակավայրերի թվով ռեկորդակիր է. Արմավիրի մարզի 15 գյուղ՝ Նորապատից մինչև Երվանդաշատ։ Նա խոստովանում է, որ հաջողացնում է համատեղել իր երկու մասնագիտությունները։
«Ծնողավարության և մարդու իրավունքների ամառային դպրոցի շնորհիվ ես առիթ եմ ունենում տարին մի քանի անգամ աշխատելու դպրոցականների հետ։ Այդպես ես էներգիա եմ հավաքում բուն սոցիալական աշխատանքի համար»,- անկեղծանում է Զոյան։
Ամեն մի հաջողված դեպք սոցիալական աշխատողի համար մի փոքր հաղթանակ է, որն օգնում է առաջ նայել։
«Հաճելի է լինում, երբ կոնկրետ շահառուի օրինակով տեսնում ես քո աշխատանքի արդյունքը»,- եզրափակում է Զոյան։








