.jpg)
Խրախուսելով ստեղծարարությունը Լոռիում. ՔՈԱՖ-ի և Վահէ և Լյուսի հիմնադրամի համատեղ արվեստի մրցույթի եռամյա ուղին

Արդեն երրորդ տարին անընդմեջ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) և «Վահէ և Լյուսի» հիմնադրամը միավորում են ջանքերը՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում իրականացվող արվեստի նախաձեռնության շրջանակում։
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս նախաձեռնությունը Լոռիում համախմբեց Հայաստանի և արտերկրի տաղանդավոր արվեստագետների։ Նրանք ՍՄԱՐԹ-ի ուսանողների համար մասնագիտական աշխատարաններ անցկացրին, որոնց զուգահեռ կազմակերպվեցին ճանաչողական այցեր դեպի մշակութային հաստատություններ։ Այս ամենը եզրափակվեց համամարզային արվեստի մեծ մրցույթով:
Այս տարի ՔՈԱՖ-ն ընդլայնեց մրցույթի աշխարհագրությունը՝ տեղեկատվական այցեր կատարելով Լոռու 20 նոր համայնք: Սա հնարավորություն տվեց բազմաթիվ պատանիների առաջին անգամ բացահայտելու իրենց տաղանդը և մասնակցելու մրցույթին՝ էապես մեծացնելով դրա ազդեցությունը:
Եռամյա գործընկերության արդյունքներն արդեն տեսանելի են. Լոռու մարզի շուրջ 1,000 պատանի հնարավորություն է ստացել հղկելու իր տաղանդը, սովորելու մասնագետներից և, որ ամենակարևորն է, ավելի համարձակ պատկերացնելու իր ապագան արվեստի աշխարհում:
Աշխատարաններ տաղանդավոր արվեստագետների հետ
Տարվա ընթացքում մեզ հյուր եկած տաղանդավոր արվեստագետները ՍՄԱՐԹ-ի ուսանողներին ուղեկցեցին արվեստի բարդ ու բազմաշերտ աշխարհում՝ փոխանցելով իրենց փորձն ու գիտելիքները։
Թվային նկարչություն
Վիզուալ արտիստ, իլյուստրատոր Արա Պողոսյանի հետ աշխատարանը վերածվեց իսկական ստեղծագործական լաբորատորիայի։ Մեր ուսանողները բացահայտեցին կերպարների ձևավորման և վիզուալ պատմասացության (storytelling) նրբությունները՝ նորովի մեկնաբանելով արդեն հայտնի սյուժեները։
Երաժշտություն
«Element Band»-ի հիմնադիր Արա Դաբանջյանի երաժշտական աշխատարանի շեշտը դրված էր թիմային ներդաշնակության ու իրական բենդի փորձառության վրա։ Արդյունքը տպավորիչ էր. մասնակից-պատանիները բեմ բարձրացան որպես կայացած երաժշտական խումբ։
Պար
Պարող, պարուսույց Ժան Աբրահամյանի հետ ինտենսիվ պարապմունքները ապացուցեցին, որ տաղանդն ու ջանասիրությունը կարող են հրաշքներ գործել։ Ընդամենը մի քանի օրում մեր ուսանողները պատրաստ էին բարդ ու էմոցիոնալ բեմադրության։
Թատերարվեստ
Ռեժիսոր Սարգիս Մանուկյանի աշխատարանի մասնակից-երեխաները բացահայտեցին բեմական կեցվածքի, կերպարի կերտման և պատմությունն արտահայտիչ ներկայացնելու գաղտնիքները:
Ձայնային ձևավորում
Ձայնային ձևավորող և կոմպոզիտոր Արմեն Պապյանը երաժշտական աշխատարանի ընթացքում սովորեցրեց ձայնն օգտագործել որպես պատմասացության գործիք՝ ցույց տալով, թե ինչպես է այն ձևավորում մթնոլորտ և զգացմունքներ ֆիլմերում ու անիմացիաներում:
Նկարչություն
Արվեստագետ Գրիգոր Չայելյանի (Tchay) աշխատարանն անցավ ստեղծագործական ազատության մթնոլորտում։ Ուսանողները փորձարկումների ու իմպրովիզացիայի միջոցով ուսումնասիրեցին «կազմակերպված քաոսի» գաղափարը՝ գտնելով ինքնաարտահայտման իրենց յուրօրինակ ձեռագիրը։

Արվեստի հետ՝ դեմ առ դեմ
Աշխատարաններին զուգահեռ՝ նախաձեռնության կարևոր բաղադրիչ էին նաև ճանաչողական այցերը, որոնք ՍՄԱՐԹացիներին հնարավորություն տվեցին անմիջականորեն հաղորդակցվել պրոֆեսիոնալ արվեստի միջավայրի հետ։ Հայաստանի ազգային պատկերասրահում, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և Գյումրու դրամատիկական թատրոնում երիտասարդ լոռեցիները տեսան, թե ինչպես են կերպարվեստը, երաժշտությունը, պարն ու բեմական արվեստը դրսևորվում մասնագիտական ամենաբարձր մակարդակով։ Սա նոր շերտեր բացահայտեց նրանց համար՝ օգնելով ընկալել ստեղծագործական կարգապահության և թիմային աշխատանքի կարևորությունը։
Ինքնավստահություն՝ ստեղծարարության միջոցով
Այս փորձառությունը պատանիների համար դարձավ փորձարկումների ու սեփական ուժերին հավատալու յուրատեսակ հարթակ։
«Մինչ աշխատարանը ես շատ անվստահ էի նվագում, քանի որ որևէ տեղ չէի սովորել։ Սակայն Արա Դաբանջյանի հետ այս չորս օրերի ընթացքում ես շատ ավելի անկաշկանդ ու վստահ դարձա բեմում»,— նշում է ՍՄԱՐԹ-ի ուսանող Նանե Մարգարյանը երաժշտական աշխատարանից հետո։
Պարի աշխատարանի մասնակիցներից մեկը կիսվել է իր տպավորություններով. «Մենք բոլորս ներգրավված էինք պարի մեջ։ Ուսուցիչը շատ բարյացակամ է ու հումորով։ Ամեն ինչ պարզապես հրաշալի էր, և ես շատ կցանկանայի շարունակել»։
Հրավիրյալ արվեստագետները նույնպես տպավորված էին երեխաների առաջընթացով։ Արա Դաբանջյանը նկատեց. «Նրանք կատարում են հեղինակային երգեր։ Տեսնելով արդյունքը՝ հասկանում ես, թե որքան մեծ աշխատանք են նրանք կատարել սեփական հնարավորությունները գերազանցելու համար»։
Պարուսույց Ժան Աբրահամյանը հավելեց. «Երեխաներն իսկապես մեծ ներուժ ունեն։ Նրանք ընդամենը երկու-երեք օրում սովորեցին մեկուկես րոպեանոց բարդ բեմադրություն՝ իր բոլոր անցումներով, ինչը սովորաբար շատ ավելի երկար ժամանակ է պահանջում»։
Հնչեղ ավարտ, նոր հեռանկարներ
Նախաձեռնությունը եզրափակվեց տարեվերջին. Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում կայացավ «Պատմություններ, որոնք փոխում են աշխարհն ու ապագան» խորագրով մրցանակաբաշխությունը։ Մարզի 11-18 տարեկան պատանիները հնարավորություն ունեցան սեփական պատմությունները ներկայացնելու յոթ անվանակարգում՝ պար, վոկալ, թվային նկարչություն, ձայնային ձևավորում, կերպարվեստ, թատերարվեստ և երաժշտություն:
Մրցութային թեմաները բազմազան էին ու ոգեշնչող՝ Էդիսոնի գյուտերից ու արհեստական բանականությունից մինչև Ֆրիդա Կալոյի, Կոկո Շանելի կերպարներն ու Մայքլ Ջեքսոնի երաժշտությունը: 560 հայտից եզրափակիչ փուլ անցավ և հաղթող ճանաչվեց 89 պատանի։ Հատկանշական է, որ հաղթողները ստացան դրամական պարգևներ։ Սա նպատակային քայլ է՝ ցույց տալու, որ արվեստը ոչ միայն հոբբի է, այլև հեռանկարային ու իրական մասնագիտություն։
Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ղեկավար Սևակ Միքայելյանը նշում է.-«Ծրագիրը շարունակում է մնալ այն առանցքային հարթակը, որտեղ մարզի երիտասարդները բացահայտում են իրենց տաղանդը, ձեռք բերում ինքնավստահություն և արվեստը տեսնում որպես իրենց վաղվա օրվա կարևոր մասնիկ»:
«Վահէ և Լյուսի» հիմնադրամի հետ մենք ձգտում ենք էլ ավելի զորացնել Լոռու ստեղծարար ներուժը՝ լավագույն հնարավորություններն ու փորձը հասանելի դարձնելով երեխաներին ու պատանիներին։




