
Անուշ Մկրտչյան. «Տնաշեն»-ի Անուշը

Արմավիր մարզի Շենիկ գյուղից Անուշ Մկրտչյանն այսօր հազար ու մի ծրագրերում է ներգրավված, բայց շատերը շարունակում են նրան հիշել և ներկայացնել որպես «Տնաշենի»-ի Անուշ։
Բայց սկսենք սկզբից։
2000-ականների սկզբին ՔՈԱՖ-ի մուտքը Շենիկ նշանավորվեց վերանորոգված դպրոցով, կրթական, սոցիալական, գյուղատնտեսական ու առողջապահական մի շարք ծրագրերով։
«Մաման ինձ միշտ սպիտակ գուլպաներ էր հագցնում դպրոց ուղարկելիս, տունդարձին դրանք լրիվ սև էին արդեն։ Հատակը հող էր, իսկ ձմռանը փայտի վառարանով էինք տաքանում։ Մինչ ՔՈԱՖ-ը դպրոցը վերանորոգում էր, դասերը մանկապարտեզի շենքում էին անցկացվում»,- հիշում է Անուշն ու հավելում, որ վերանորոգված դպրոցի բացումն իսկական տոն էր գյուղի համար։
Անուշն այն վետերան ՔՈԱՖցիներից է, ով մեծացել է կազմակերպության հետ։ Կրթական ուղին սկսել է թատերական ու ձեռագործության խմբակից, ապա շարունակել աշակերտական խորհրդի, մասնագիտական կողմնորոշման ու անգլերենի «Աքսես» ծրագրերում՝ զուգահեռ ամեն տարի մասնակցելով ամառային ճամբարներին։
«Ժամանակին ճամբարային շապիկների մի ամբողջ հավաքածու ունեի»,- երանությամբ հիշում է Անուշը։
Հետո գյուղի երեխաներով որոշեցին, որ լավ կլինի սեփական անկյունն ունենալ, որտեղ կարող են ֆիլմեր դիտել, քննարկումներ կազմակերպել. մի խոսքով՝ համատեղել հաճելին օգտակարի հետ։ Այդպես հիմնեցին «Տնաշենը», ու այդ օրվանից Անուշը դարձավ՝ «Տնաշեն»-ի Անուշ։
Դպրոցն ավարտելուց հետո էլ Անուշը դարձավ ՔՈԱՖ կրթաթոշակառու, հետո՝ ինկուբատոր ծրագրի մասնակից։
Հայաստանում ստացած միջազգային հարաբերությունների մասնագետի որակավորումը համալսարանական կրթության միայն սկիզբն էր։ Քաղհասարակության թեմայով հետաքրքրվածությունն Անուշին հասցրեց Լեհաստան։ Նա մեկ տարի Կրակովի Յագելոնյան համալսարանում քաղաքացիական կրթության մասին հետազոտական աշխատանք է կատարել՝ համեմատական վերլուծության ենթարկելով Հայաստանում ու Լեհաստանում իրականացվող քաղաքացիական կրթության ծրագրերը։ Աշխատանքը ներառել է նաև ՔՈԱՖ-ի փորձը։
Շարունակ կրթվելուն զուգահեռ՝ Անուշն աշխատում է Feminno հասարակական կազմակերպությունում՝ որպես «Կանանց և աղջիկների կրթության» ծրագրերի համակարգող, քանի որ կարևորում է վերջիններիս ներգրավվածությունը հասարակական տարբեր ոլորտներում։
Ճիշտ է, այսօր Անուշն առաջվա պես չի հասցնում հաճախ լինել Շենիկում, բայց համայնքների հետ կապը շարունակում է պահել Եվրամիության «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» ծրագրի միջոցով, որտեղ ինքը մենթորների համակարգողն է։
«Ես օգնում եմ մեր երիտասարդներին ներգրավվել եվրոպական երիտասարդ դեսպանների ցանկում և աջակցում նրանց համայնքային տարբեր ծրագրերի իրականացմանը»,- բացատրում է Անուշը, ով իր հերթին գտել է համայնքին և ՔՈԱՖ-ին շնորհակալություն հայտնելու իր բանաձևը։
«Ամեն մի ծրագիր ավարտելուց հետո ես հարմար առիթ եմ փնտրում ներկայիս ՔՈԱՖցիների և տարբեր համայնքների երիտասարդների հետ իմ փորձով և գիտելիքով կիսվելու։ ՔՈԱՖ-ի դերը իմ կյանքում մեծ է եղել` սկսած մարդկային կարևոր հատկանիշների ձեւավորումից մինչև մասնագիտական կողմնորոշում։ Ամենաշատը շնորհակալ եմ իմ մտահորիզոնը ընդլայնելու և փոքր ժամանակ ինձ թվացյալ անհասանելի բաները հասանելի դարձնելու համար»։






