
ՔՈԱՖ Կրթաթոշակների և կարիերայի զարգացման ծրագրի ոգևորիչ արդյունքները 2025-ին

ՔՈԱՖ Կրթաթոշակների և կարիերայի զարգացման ծրագիրը, որի հիմնական աջակիցը Յուրեջյան ընտանեկան հիմնադրամն է, վերջին 10 տարիներին դարձել է Հայաստանի զարգացմանն ուղղված ամենաարդյունավետ և կայուն ներդրումներից մեկը։ Այն, ինչ սկսվեց որպես համայնքաբնակ երիտասարդների համար բարձրագույն կրթության հասանելիություն ապահովելու նախաձեռնություն, վերածվեց համապարփակ ծրագրի, որը խթանում է ուսանողների ակադեմիական առաջընթացին, աշխատունակության հմտությունների և առաջնորդության զարգացմանն ու քաղաքացիական ներգրավվածությանը:

338 կրթաթոշակ, 47 համայնք, մեկ նպատակ
2025 թվականին ՔՈԱՖ-ը, Ջեք Յուրեջյանի հովանավորությամբ, 338 կրթաթոշակ է տրամադրել Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի, Շիրակի և Լոռու 47 համայնքի ուսանողներին։
Նրանց ընտրած մասնագիտություններն ընդգրկում են թվով 56 բազմազան ուղղություններ՝ բժշկությունից և տեղեկատվական տեխնոլոգիաներից մինչև տնտեսագիտություն, իրավաբանություն, միջազգային հարաբերություններ, կրթություն, ճարտարապետություն, հոգեբանություն, ավիացիա, խոհարարական արվեստ, լոգոպեդիա, կերպարվեստ և այլն։ Շատ ուսանողների համար այս կրթաթոշակը պարզապես ֆինանսական աջակցություն չէ, այլ կամուրջ՝ տաղանդից դեպի հնարավորություն, որը նրանց թույլ է տալիս վստահ առաջ շարժվել՝ գիտակցելով իրենց պատասխանատվությունը սեփական համայնքի նկատմամբ։

Ավելին, քան պարզապես կրթաթոշակ
2025-ին ՔՈԱՖ Կրթաթոշակների և կարիերայի զարգացման ծրագրի թիմն էլ ավելի ամրապնդեց աշխատունակության հմտությունների զարգացման և անձնային աճի բաղադրիչը։ Առաջին և երկրորդ կուրսերի 138 կրթաթոշակառուի համար անցկացվեց վեց նպատակային դասընթաց՝ ինքնաճանաչման, հուզական գրագիտության և արհեստական բանականության թեմաներով։ Այս դասընթացները նպաստեցին քննական մտածողության, հարմարվողականության և ինքնակառավարման հմտությունների զարգացմանը, որոնք անհրաժեշտ են ժամանակակից աշխատաշուկայում մրցունակ դիրք զբաղեցնելու համար:

Դեպի աշխատաշուկա՝ ավելի մրցունակ ու հմուտ
Հունիսի 13-ին ՔՈԱՖ-ը և Հայաստանի ՄՌ ասոցիացիան համատեղ իրականացրին «Դեպի աշխատաշուկա» աշխատաժողովը 150 ՔՈԱՖ կրթաթոշակառուի համար։ Աշխատարաններ, բանախոսություններ, մարդկային ռեսուրսների «շուկա». մեկօրյա իրադարձությունը հագեցած էր բազմաշերտ ակտիվություններով ու փորձի փոխանակմանն ուղղված ինտերակտիվ քննարկումներով, որոնք վարում էին Հայաստանի 10 առաջատար կազմակերպության մասնագետներ։

Երկխոսության և համայնքի ուժը
Ջեք Յուրեջյանի աջակցությամբ ՔՈԱՖ Կրթաթոշակների և կարիերայի զարգացման ծրագիրը շարունակեց ձևավորել ակտիվ և ներգրավված ուսանողական համայնք՝ ակումբների և արտաուսումնական այլ նախաձեռնությունների միջոցով։ Նախորդ տարիների համեմատ մասնակցությունների թիվը զգալիորեն աճել է։ Տարվա ընթացքում անցկացվել են 22 բանավեճ, 15 «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղ, 4 ՔՈԱՖյան զրույցներ Երևանում և Տավուշում։ Միայն վերջին միջոցառման ընթացքում ունեցել ենք 77 խոսնակ։ Նախորդ տարվա ընթացքում անգլերենի ակումբը նույնպես ընդլայնվել է։ Ուսանողների 12 խումբ (նախորդ տարի եղել է միայն 7-ը) վեց ամիս շարունակ հանդիպել է շաբաթական երկու անգամ՝ բարելավելով լեզվական հմտությունները։ Ակումբի ամփոփոիչ հանդիպումն անցկացվել է պիկնիկի մտերմիկ ձևաչափով։

Ոգեշնչող հանդիպումներ և իրական փորձառություն
Ծրագրի շրջանակում ուսանողներն այս տարի հանդիպեցին NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ, ով ներկայացրեց իր մասնագիտական ուղին և դիտարկումները Հայաստանի ապագայի վերաբերյալ՝ համակարգչային գրաֆիկայի, սիմուլյացիոն տեխնոլոգիաների և առաջիկա Firebird AI տվյալների կենտրոնի համատեքստում։
Միաժամանակ ՔՈԱՖ-ը, Կենտրոնական բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) հետ համագործակցությամբ, կազմակերպեց ֆինանսական գրագիտության դասընթաց, որի արդյունքում ուսանողները հնարավորություն ունեցան գործնականում բացահայտելու ֆինանսատնտեսական ոլորտի առանձնահատկությունները։

Մասնագիտական զարգացման հնարավորությունների ընդլայնում
Շարունակելով նախորդ տարվա հաջող փորձը՝ ՔՈԱՖ-ը և ՀՀ ֆինանսների նախարարությունը ստորագրեցին համագործակցության նոր հուշագիր, որի շրջանակում կրթաթոշակառուները հնարավորություն ստացան երկամսյա փորձնակություն անցնելու նախարարությունում։ Այս ծրագիրը երիտասարդներին հնարավորություն կտա դեռ ուսանող տարիքից ծանոթանալու պետական համակարգի գործունեության առանձնահատկություններին, փորձելու իրենց ուժերն այս ոլորտում՝ միաժամանակ թարմություն և նորամուծություն բերելով պետական համակարգում։

Ձեռք բերած հմտությունները ծառայեցնելով համայնքներին
Անցնող տարում կրթաթոշակառուները իրականացրին 183 համայնքային զարգացման ծրագիր՝ արձագանքելով տեղական կարիքներին և ամրապնդելով քաղաքացիական գիտակցությունը։ Լավագույն ծրագրերը նաև հաղթող ճանաչվեցին հատուկ անվանակարգերում։

Տարվա ամփոփում
ՔՈԱՖ Կրթաթոշակների և կարիերայի զարգացման ծրագրի տարեկան ամփոփիչ միջոցառումը, որին մասնակցում էր 270 ուսանող, բաղկացած էր երկու փուլից։ Միջոցառման առաջին հատվածում մասնակիցները սիմուլյացիոն խաղ խաղացին, որի նպատակն էր զարգացնել քննական մտածությունը, հանրային խոսքը, թիմում աշխատելու և որոշումներ կայացնելու հմտությունները։ Արդեն երկրորդ հատվածում մենք տոնեցինք մեր ձեռքբերումները՝ տարբեր անվանակարգերում մրցանակներ շնորհելով մեր կրթաթոշակառուներին։
Անխախտ հանձնառություն
ՔՈԱՖ Կրթաթոշակների և կարիերայի զարգացման ծրագիրը հնարավոր չէր լինի առանց Ջեք Յուրեջյանի («Յուրեջյան ընտանեկան հիմնադրամ») շարունակական աջակցության ու նվիրումի։ Հենց նրա հավատի շնորհիվ հարյուրավոր ՔՈԱՖ շրջանավարտներ մասնագիտական աճի հնարավորություն են ստանում Հայաստանի ԲՈՒՀ-երում։ Կրթաթոշակների կողքին ուսանողները նաև զարգացնում են իրենց հմտությունները, ձևավորում բարձր արժեքներ և զարգացնում իրենց համայնքները։
Ծրագիրը շարունակում է անկյունաքարային մնալ ՔՈԱՖ-ի ռազմավարության մեջ։ Մեր նպատակն է տեսնել ինչպես են այս երիտասարդները մասնակցում Հայաստանի լուսավոր ապագայի կերտմանը։






