270,000 ԱՄՆ ԴՈԼԱՐ՝ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ. ՔՈԱՖ-Ը ԴՐԱՄԱՀԱՎԱՔ Է ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ
Նոր նախաձեռնության շնորհիվ որակյալ առողջապահությունը հասանելի կդառնա Արմավիրի համայնքներում բնակվող տասնյակ հազարավոր մարդկանց։
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) հայտարարում է 2026 թ. գարնանային դրամահավաք-արշավի մեկնարկի մասին, որն ուղղված է Արմավիրի մարզում առողջապահական համակարգի զարգացմանը։ Նպատակն է հավաքագրել 270,000 ԱՄՆ դոլար։
Նախաձեռնության շրջանակում մարզի բոլոր մանկապարտեզներում կներդրվի կանխարգելիչ ատամնաբուժական ծրագիր, 25-ից ավելի առողջության կենտրոնում էականորեն կբարելավվի առաջնային բուժօգնության որակը, երիտասարդ մասնագետներին հնարավորություն կընձեռվի գործնականում կիրառելու իրենց գիտելիքները։ Արդյունքում որակյալ առողջապահությունը հասանելի կդառնա համայնքների տասնյակ հազարավոր բնակիչների։
«Այս գարնանը մենք նպատակ ունենք ընդլայնելու մեր ծրագրերը՝ հիմնվելով տարիների հաջողված փորձի վրա, որպեսզի օգնենք է՛լ ավելի շատ երեխաների ու ընտանիքների։ Յուրաքանչյուր նվիրատվություն ներդրում է հանուն ավելի առողջ ու հզոր Հայաստանի»,-ասում է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը:
Երեք ուղղություն, մեկ տեսլական

Այս գարնանը ՔՈԱՖ-ը կընդլայնի իր ազդեցությունը՝ իրականացնելով հետևյալ երեք առանցքային ծրագրերը.
Ատամնաբուժական ծրագրերի ընդլայնում | Արմավիրի բոլոր մանկապարտեզներում կներդրվի կանխարգելիչ ատամնաբուժական ծրագիր, որը կներառի ատամնաբույժի այցեր, ատամների ֆտորացման և այլ ծառայություններ: Ծրագիրը կզուգորդվի երեխաների, ծնողների և դաստիարակների համար նախատեսված կրթական դասընթացներով:
Առաջնային օղակի հզորացում | ՔՈԱՖ-ը կաջակցի 25-ից ավելի առողջության կենտրոնի՝ ներդնելով մանկական բուժօգնության և քրոնիկ հիանդությունների կառավարման լավագույն փորձն ու չափանիշները։ Նույն կենտրոններում նաև կներկայացվի նոր և ժամանակակից կլինիկական գործիքակազմ։
Երիտասարդ մասնագետների հմտությունների զարգացում | ՔՈԱՖ-ը կաջակցի Հայաստանի առողջապահական համակարգի զարգացմանը՝ ստեղծելով մասնագիտական աճի հնարավորություններ երիտասարդ մասնագետների համար։ Ծրագիրը թույլ կտա նրանց գործնականում կիրառելու իրենց հմտությունները համայնքներում առողջապահության որակի բարձրացման նպատակով։
«Ավելի քան քսան տարի ՔՈԱՖ-ը կառուցել է առողջապահական մի մոդել, որի հիմքում համայնքի վստահությունն է և Հայաստանի կարիքներին հարմարեցված լավագույն փորձը»,-նշում է ՔՈԱՖ-ի առողջապահական ծրագրերի թիմի ղեկավար Լորքի Լիբարիդյանը։
Նախաձեռնություն՝ հիմնված հաջողված փորձի վրա
2003 թվականից ի վեր ՔՈԱՖ-ը Հայաստանի գյուղական բնակավայրերում իրականացրել է առողջապահական մի շարք ծրագրեր, որոնք տարեցտարի կատարելագործվել են։ Արդյունքում ձևավորել է ապացուցահեն մի մոդել, որն այսօր պատրաստ է տեղայնացվել Արմավիրի բոլոր համայնքներում։
Առաջնային օղակի հզորացում
ՔՈԱՖ-ը 2024 թ.-ին Լոռու Դսեղ գյուղում հիմնել է համայնքային առողջության գերժամանակակից կենտրոն՝ կատարելով ավելի քան 400 մլն ՀՀ դրամ ներդրում շենքի և ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ մեկնարկած պիլոտային ծրագրի վրա։
Ծրագրի հիմքում Հայաստանում կանխարգելելի մահացության հիմնական պատճառների՝ մասնավորապես սրտանոթային հիվանդությունների վերացումն է։ Այն ցույց է տվել, որ տեղի բուժաշխատողներին վերապատրաստելու, ուղղորդելու և նրանց անհրաժեշտ ռեսուրսներ տրամադրելու դեպքում բուժօգնության որակը նկատելիորեն կբարելավվի. բուժառուներն ավելի ներգրավված կլինեն, հնարավոր կլինի չափել և բարելավել բուժման արդյունքները՝ այսպիսով ունենալով ավելի առողջ հասարակություն ու ավելի ամուր համայնքներ։
Այս նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ ներդրվել է նաև ինտեգրված բժշկության մոդելը, որը մեկտեղում է բժիշկների, սոցիալական աշխատողների և հոգեբանների ջանքերը՝ առողջական խնդիրներին համապարփակ լուծում տալու նպատակով։
Կանխարգելիչ ատամնաբուժական ծրագրերի ընդլայնում
ՔՈԱՖ-ի փորձը փաստում է՝ գյուղական համայնքներում կանխարգելիչ ատամնաբուժությունն առանցքային նշանակություն ունի։ Հիմնադրամի իրականացրած կրթական ու առողջապահական ծրագրերի շնորհիվ չորս տարում կարիեսի (ատամնափուտի) տարածվածությունը շահառու գյուղերում նվազել է ավելի քան 30%-ով։ Այսօր ՔՈԱՖ-ն ընդլայնում է այս ազդեցությունը՝ հաջողված փորձը ներդնելով Արմավիրի մարզի բոլոր մանկապարտեզներում։

ՔՈԱՖ-ն Արմավիրում իր գործունեությունը սկսել է դեռևս 2003 թ.-ին՝ Քարակերտ գյուղից, երբ տնտեսական ճգնաժամը համայնքների համար լուրջ մարտահրավեր էր։ Երկու տասնամյակ անց, ունենալով ավելի քան 120,000 շահառու, հիմնադրամն այսօր գործունեություն է ծավալում Հայաստանի տարբեր մարզերում՝ իրականացնելով կրթական, առողջապահական, հոգեսոցիալական և տնտեսական զարգացման ծրագրեր։ Այս գարնանը ՔՈԱՖ-ը նպատակ ունի ընդլայնելու իր առողջապահական ծրագրերը՝ ընդգրկելով ամբողջ Արմավիրի մարզը։


.jpg)



