
Ինչպե՞ս են համայնքների բնակիչները գնահատում առողջապահության որակը Հայաստանում

ՔՈԱՖ-ի առողջապահական թիմը հրապարակել է Հայաստանի գյուղական բնակավայրերում առողջապահության հանրային ընկալման վերաբերյալ առաջին հետազոտությունը:
Ավելի քան երկու տասնամյակ ՔՈԱՖ-ի առողջապահական թիմն աշխատել է գյուղական համայնքներում՝ լսելով բնակիչների կարիքները, մտահոգություններն ու սպասելիքները։ Այսօր այդ բազմամյա փորձն ու կուտակված գիտելիքը կիրառվում են նոր, կարևոր նպատակի համար։
ՔՈԱՖ Առողջապահական ծրագրերի թիմի ղեկավար, բժիշկ Լորքի Լիբարիդյանի, ՔՈԱՖ Առողջապահական ծրագրերի ղեկավար, , բժիշկ Լուսինե Անտոնյանի և այլ հայ հետազոտողների համահեղինակությամբ մշակվել է գիտական նոր հոդված, որը հրապարակվել է հեղինակավոր «BMC Health Services Research» ամսագրում։
Այս հրապարակումը կարևոր ուղենիշ է ոչ միայն ՔՈԱՖ Առողջապահական ծրագրի, այլև Հայաստանի համայնքներում առողջապահության ոլորտի զարգացման համար։ Այն գյուղաբնակ համայնքների իրական փորձը տեղափոխում է միջազգային ճանաչում ունեցող, գիտական հարթակ, որտեղ դրա ազդեցությունը կարող է առանցքային լինել քաղաքականության մշակման, գործնական բժշկության և հետազոտական նոր ուղղությունների համար՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում։
Սա առաջին գիտական հետազոտությունն է, որը պաշտոնապես ուսումնասիրում է, թե ինչպես են մարդիկ Հայաստանի գյուղական բնակավայրերում ընկալում առողջապահական ծառայությունների որակը։ Այն ոչ միայն փաստագրում է իրական փորձառությունը, այլև անդրադառնում է մի կարևոր հարցի, որը նախկինում հազվադեպ է դարձել խորքային հետազոտության առարկա․ ի՞նչ է որակյալ առողջապահությունը հենց այն մարդու համար, որն օգտվում է այդ ծառայությունից։
Նախապատմություն. հասանելիության խոչընդոտները
Հայաստանի առողջապահական համակարգը երկար տարիներ գործել է Սեմաշկոյի մոդելի ազդեցությամբ։ Խորհրդային ժամանակաշրջանի այս մոտեցման հիմքում առողջության առաջնային պահպանման համակարգն ու համընդհանուր հասանելիությունն էին։ Տարիների ընթացքում, սակայն, մոդելի շեշտադրումը փոխվեց դեպի մասնագիտացված բժշկական օգնություն, ինչի հետևանքով գյուղական համայնքները հայտնվեցին առավել խոցելի վիճակում: Այսօր գյուղաբնակների համար հասանելի ծառայությունները սահմանափակ են, նրանք ստիպված են սեփական գրպանից վճարել ահռելի գումարներ և այցելել իրենց բնակավայրից բավական հեռու գտնվող բուժական հաստատություններ։ Արդյունքում առողջապահությունը դառնում է դժվար հասանելի ինչպես ֆինանսական, այնպես էլ ֆիզիկական տեսանկյունից։ Ճիշտ է՝ այս մարտահրավերներից որոշներն առկա են նաև քաղաքային բնակավայրերում, բայց գյուղական համայնքներում դրանք էականորեն ավելի նկատելի են։ Այս տվյալները մինչ այժմ ներկայացված չեն եղել պետական մակարդակի հետազոտություններում և սա գյուղաբնակի ձայնը հասանելի դարձնելու ևս մեկ շարժառիթ էր։
«Երկու տասնամյակ շարունակ Հայաստանի գյուղերում բնակվող մարդկանց փորձառությունն ու կարծիքը եղել են ՔՈԱՖ-ի ծրագրերի հիմքում»,— նշում է ՔՈԱՖ Առողջապահական ծրագրերի ղեկավար, բժիշկ Լորքի Լիբարիդյանը։ «Մենք գիտակցեցինք, որ այս կարևոր տեղեկատվությունը չէր հասնում ՔՈԱՖ-ից դուրս գտնվող այն մարդկանց, որոնք մշակում են քաղաքականություն կամ իրականացնում նմանատիպ նախագծեր։ Ուստի, համայնքների հետ վերջին զրույցի ժամանակ մենք որոշեցինք որդեգրել առավել համակարգված մոտեցում, որի արդյունքում էլ հրապարակեցինք մեր հետազոտությունը»։
Ահա թե ինչ են բացահայտում Լորքին, Լուսինեն և նրանց թիմը։
Լսելի դարձնելով համայնքների ձայնը. 16 ֆոկուս-խումբ՝ 15 գյուղում
Նոր հրապարակված հետազոտության հիմքում համայնքի իրական ձայնն է։ ՔՈԱՖ-ի թիմը Լոռու մարզի 15 գյուղում անցկացրել է 16 ֆոկուս-խմբային քննարկում, որոնց մասնակցել է ավելի քան 100 բնակիչ։ Յուրաքանչյուր քննարկում տևել է միջինը 80 րոպե։
Այս ամենը ժամեր տևած անմիջական զրույցների արդյունք է այն ընտանիքների, ուսուցիչների և համայնքի անդամների հետ, որոնք ամեն օր օգտվում են առողջապահական ծառայություններից։
Ի՞նչ բացահայտեցինք դաշտային աշխատանքի ընթացքում
Հետազոտության նպատակն է աջակցել Հայաստանում առողջության առաջնային պահպանման ու հզորացման ընթացիկ ջանքերին՝ ավելի լավ պատկերացնելով, թե ինչ է ակնկալում բուժառուն համակարգից։
Արդյունքները, որոնք հիմնված են իրական փորձառության վրա, ճշգրտորեն արտացոլում են Հայաստանի գյուղերում բնակվող ընտանիքների վերաբերմունքը առողջապահական ծառայությունների հանդեպ։
Վստահությունն ու հարգանքը նույնքան կարևոր են, որքան բուժումը
Հետազոտության առանցքային ուղերձներից մեկն այն է, որ առողջապահական ծառայությունների որակը սոսկ բուժական միջամտությունը չէ։ Այն սերտորեն շաղկապված է վստահության և հարգանքի հետ։ Մասնակիցներից շատերի համար բուժօգնության որակը որոշվում էր ոչ միայն նշանակված դեղերով կամ իրականացված միջամտություններով, այլև նրանով, թե ինչպես էին բժիշկները հաղորդակցվում, լսում և ցուցաբերում մարդկային վերաբերմունք։
Սեփական անձի հանդեպ արժանապատիվ վերաբերմունքը և լուրջ մոտեցումը հաճախ նույնքան կարևոր են, որքան դեղորայքի նշանակումը կամ հետազոտությունների իրականացումը։
Հաղորդակցությունը՝ բուժման առանցքում
Հարցազրույցների ընտրված ձևաչափը թույլ տվեց ստանալու խորքային և անհատական պատասխաններ, որոնք բացահայտեցին մի կարևոր օրինաչափություն. մարդիկ որակյալ առողջապահությունը նույնացնում են լսված և հասկացված լինելու հետ։
Մասնակիցները հնարավորություն ունեին ամբողջությամբ ներկայացնելու իրենց մտահոգություններն ու սպասելիքները։ Նրանք բազմիցս շեշտել են, որ բուժաշխատողների կողմից տրված հստակ պարզաբանումները (օրինակ՝ հետազոտության արդյունքների վերաբերյալ), համբերատարությունն ու ջերմությունը կարող են բեկումնային լինել։ Նույնիսկ կարճ, բայց հոգատար զրույցը նվազեցրել է վախն ու օգնել բուժառուին ավելի վստահ զգալ իրեն։ Այսպիսով, հաղորդակցությունը ընկալվում է որպես առողջապահության որակի առանցքային բաղադրիչ, այլ ոչ թե լրացուցիչ ծառայություն։
Ավելորդ հետազոտությունները հաճախ սխալմամբ ընկալվում են որպես որակյալ բուժօգնություն
Գյուղերում բնակիչներից շատերը որակը կապում էին մեծաթիվ հետազոտությունների և մասնագետների մոտ ուղեգրումների հետ։ Սա արտացոլում է ոչ միայն նախորդ փորձառությունների հիման վրա ձևավորված սպասելիքները, այլև վստահության պակասը և իրազեկման բացերը։ Երբ բուժառուն անորոշության մեջ է, հավելյալ հետազոտությունը կարող է դիտվել որպես սփոփանք կամ վստահության աղբյուր, այլ ոչ թե իրական անհրաժեշտություն։ Գործնականում սա հաճախ ընտանիքների համար վերածվում է հավելյալ ծախսի՝ ավելացնելով ֆինանսական ծանրաբեռնվածությունն այն տնտեսությունների վրա, որոնք արդեն իսկ ունեն սահմանափակ միջոցներ։ Բացի այդ, անհարկի հետազոտությունները կարող են նաև առողջական վնաս հասցնել։
Այս բացահայտումները փաստում են ապացուցողական բժշկության հանդեպ վստահություն ձևավորելու կարևորությունը։ Անհրաժեշտ է օգնել համայնքներին հասկանալ, թե երբ է հետազոտությունը օգտակար, երբ՝ անհարկի, և ինչպես է բժշկի կշռադատված մասնագիտական եզրակացությունն ինքնին հանդիսանում որակի չափանիշ
Հետազոտություն, որն արտացոլում է ՔՈԱՖ-ի մոտեցումը
Ի տարբերություն Հայաստանում իրականացվող բազմաթիվ այլ հետազոտությունների՝ այս ուսումնասիրությունը նպատակ ուներ լսելի դարձնել նրանց ձայնը, ովքեր հազվադեպ են ներկայացված գիտական հարթակներում։ Այսպիսով, գյուղական համայնքների բնակիչները հնարավորություն ստացան կիսվելու առողջապահության որակի վերաբերյալ իրենց պատկերացումներով՝ հիմնված սեփական փորձառության վրա։
Հետազոտությունն օգնում է լրացնել այդ բացը՝ տրամադրելով որակական փաստարկներ այն մասին, թե ինչպես են մարդիկ ընկալում, վստահում և օգտվում առողջապահական համակարգից իրենց առօրյա կյանքում։
Հետազոտությունից՝ գործողություն
Երեք ամիս տևած այս ուսումնասիրությունը (2022թ․ մարտի 30-հունիսի 29) վեր հանեց գյուղական համայնքների բազմաշերտ կարծիքներն ու մոտեցումները։ Սակայն դրա արժեքը չի սահմանափակվում միայն հրապարակմամբ. այս հետազոտությունը վերջնակետ չէ, այլ գործողությունների ամուր հիմք։
Արդյունքներն անմիջականորեն արտացոլում են պատկերացումներն այն մասին, թե՝
- ինչպիսին պետք է լինի ուժեղ և արձագանքող առաջնային բուժօգնության համակարգը,
- ինչպես պետք է վերապատրաստվեն ոլորտի մասնագետները,
- ինչպես կարելի է կառուցել բուժառուակենտրոն բուժօգնության մոդելներ,
- ինչպիսին պետք է լինի համայնքային կրթությունը իրական ազդեցություն ունենալու համար,
- ինչպես կարելի է ամրապնդել վստահությունը բուժաշխատողի և բուժառուի միջև,
- և ինչպես պետք է հստակեցվեն առողջապահական հաստատությունների, պետական համակարգի ու ՔՈԱՖ-ի նման կազմակերպությունների դերերը։
Այս ուսումնասիրությունը վերահաստատում է ՔՈԱՖ-ի համոզմունքը, որ կայուն առողջապահությունը հիմնված է լավ նախագծված համակարգերի վրա, որոնք բժշկական գիտելիքին ու ենթակառուցվածքներին զուգահեռ կարևորում են նաև վստահությունը, հաղորդակցությունն ու արժանապատվությունը։
Կարևոր հանգրվան ՔՈԱՖ-ի և Հայաստանի համայնքների համար
Հպարտ ենք, որ ՔՈԱՖ-ի կուտակած փորձով և հայ բժիշկների ջանքերով կայացած այս հետազոտությունը հասել է միջազգային ակադեմիական հարթակ։ Այն արտացոլում է ոչ միայն Հայաստանի գյուղերի իրականության կարևորությունը, այլև առողջապահական ոլորտում ՔՈԱՖ-ի իրականացրած աշխատանքի որակը, խորությունն ու լրջությունը։
Սա վկայում է այն մասին, որ տեղական փորձառությունը, երբ ուսումնասիրվում է հոգատարությամբ ու գիտական բարեխղճությամբ, կարող է նշանակալի ավանդ ունենալ համաշխարհային գիտական երկխոսության մեջ և օգնել կառուցել ավելի լավ առողջապահական համակարգեր՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ սահմաններից դուրս։






