
«Առողջ ապրելակերպը՝ սովորություն 2025». հանրային իրազեկման արշավ

ՀՀ առողջապահության նախարարությունը, ՔՈԱՖ-ը և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) համատեղ այս աշնանն իրագործում են «Առողջ ապրելակերպը՝ սովորություն 2025» նախաձեռնությունը՝ հանրային իրազեկման արշավ՝ ուղղված առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը հանրապետության ողջ տարածքում։

Համազգային արշավ
ՀՀ առողջապահության նախարարությունը երեք տարի անընդմեջ իրականացրել է «Առողջ ապրելակերպը սովորություն է» խորագրով հանրային իրազեկման արշավ։ Այս տարի այն իրականացվում է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) անմիջական ներգրավվածությամբ և Պարենի համաշխարհային ծրագրի մասնակցությամբ։ Նախաձեռնությունն ընդգրկում է հանրապետության 10 մարզերն ու մայրաքաղաքը՝ իրազեկելով հազարավոր մարդկանց ու փոխակերպելով նրանց մոտեցումներն առողջ ապրելակերպի վերաբերյալ։

Արշավի բաղադրիչները
11 կանգառից յուրաքանչյուրում արշավի մասնակիցներին սպասվում են.
- Տեղեկատվական պաստառներով քայլերթեր՝ որպես արշավի մեկնարկ
- Միջդպրոցական մարզական խաղեր, որոնք խթանում են թիմային աշխատանքն ու ֆիզիկական ակտիվությունը
- Առողջ սննդի տաղավարներ, որոնք ներկայացնում են «առողջ ափսեի» մոդելը
- Նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերում առողջ ապրելակերպի տեղեկատվական-ինտերակտիվ տաղավարներում (բերանի խոռոչի հիգիենայից մինչև մաքուր ձեռքերի կարևորություն, հոգեկան առողջությունից մինչև քրոնիկ հիվանդությունների սքրինինգ և շատ ավելին)
- Խմբային պարեր ու ելույթներ, որոնք առողջ ապրելակերպի իրազեկումը դարձնում են զվարճալի և հետաքրքիր
Սիսիանից մինչև Ալավերդի, Դիլիջանից մինչև Մասիս՝ «Առողջ ապրելակերպը՝ սովորություն 2025» արշավը հիշեցնում է, որ ամենօրյա պարզ քայլերը կարող են էականորեն բարելավել մարդու առողջությունը։ Ամփոփիչ միջոցառումը տեղի կունենա Երևանում՝ 2025 թ.-ի հոկտեմբերի 9-ին։

Ինչո՞ւ է սա կարևոր
Հանրային իրազեկման արշավի նպատակներն են.
- Ձևավորել առողջ սնվելու սովորություն
- Խրախուսել ֆիզիկական ակտիվությունը
- Զարգացնել հոգեկան առողջության հանդեպ գիտակցված վերաբերմունք
- Բարձրացնել հիգիենայի կարևորության ընկալումը
Առողջ ապրելակերպը վերածելով համայնքային տոնախմբության՝ այս նախաձեռնությունը նպաստում է հիվանդությունների կանխարգելմանը, կյանքի որակի բարձրացմանը և գալիք սերունդների համար ավելի առողջ միջավայրի ձևավորմանը։



