Երբ երիտասարդները առաջնորդում են համայնքի զարգացումը, փոխակերպումն ավելի մեծ նշանակություն է ունենում

*Ce blog a été traduit à l’aide de l’IA
Լյուդմիլա Շիրվանյան
April 1, 2026
Education
Հայացք ներսից․ համայնքային զարգացման ծրագրերը՝ ՔՈԱՖ-ի քաղաքացիական կրթության ծրագրի շրջանակում

Հին հայկական հայտնի ասացվածքն ասում է՝ «Գյուղ կանգնի, գերան կկոտրի», իսկ ՔՈԱՖ-ի Քաղաքացիական կրթության ծրագիրը գործնականում ապացուցում է ասացվածքի ճշմարտացիությունը։

Համայնքի մասին հոգ տանելու համար նախևառաջ կարևոր է ճանաչել համայնքն ու նրա բնակիչներին, քաջատեղյակ լինել առկա խնդիրներին և համայնքային կյանքին մասնակցելու բոլոր հնարավոր ձևերին։ Այս նպատակն է հետապնդում Քաղաքացիական կրթության ծրագիրը, որը 2025-ին արդեն հասցրել է Արմավիրի մարզի ութ համայնքում [Նալբանդյան, Շենիկ, Այգեվան, Լենուղի, Լեռնագոգ, Դալարիկ, Հացիկ, Մյասնիկյան] դառնալ ավելի քան 150 երեխայի ուղեկիցը, մենթորը, նոր մտահորիզոններ գծողն ու սահմաններ ընդարձակողը։

Ինքնաճանաչումից մինչև մեդիագրագիտություն, արհեստական բանականությունից մինչև ժողովրդավարություն․ ծրագիրը ստեղծում է տարածք երիտասարդների համար՝ երազելու, նախաձեռնելու և փոփոխություններ բերելու՝ սկսելով անձնային զարգացումից և հասնելով համայնքի զարգացմանը։ 

Այս ճանապարհորդության ամենադինամիկ և փորձառական հատվածը դրա եզրափակիչ փուլն է՝ համայնքային զարգացման ծրագրերը։ Այստեղ ուսանողները գործնականում կիրառում են իրենց նոր ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները՝ միաժամանակ խորացնելով իրենց կապը այն համայնքների հետ, որոնք նրանք տուն են անվանում։

Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել, ուստի ձեզ ենք ներկայացնում մասնակից խմբերի կողմից իրականացված մի քանի համայնքային ծրագիր, որոնք դարձել են նրանց առաջին գործնական քայլերը համայնքային փոփոխությունների ճանապարհին։

Դեմ գնալ կարծրատիպերին ներառական ու ստեղծագործ ձևով․ Այգեվան

Պատմությունները, որոնցով մեծանում ենք, հաճախ ձևավորում են մեր պատկերացումները դերերի ու հնարավորությունների մասին։ Այգեվանի Քաղաքացիական կրթության ծրագրի մասնակիցները փոխում են «խաղի կանոնները»՝ իրենց հեղինակած հեքիաթների գլխավոր հերոսներին դարձնելով քաջ, խելացի և նախաձեռնող աղջիկներ։

Մասնակիցների ջանքերով ստեղծված հեքիաթները, որոնք նախատեսված են 3-8 տարեկան երեխաների համար, փոխանցում են կարևոր ուղերձներ․ ընտանիքում դերերը կարող են հավասարապես կիսվել, իսկ մասնագիտության ընտրության հարցում սեռը չպետք է որոշիչ գործոն լինի։ Աղջիկը կարող է լինել ճարտարագետ կամ շինարար, ինչպես տղան՝ հրուշակագործ կամ վարսահարդար։

Բայց սա դեռ ամենը չէ։ Պատումների նկարազարդումները ստեղծվել են մանկապարտեզի և դպրոցի տարրական դասարանների սաների ձեռքով, ապա արհեստական բանականության միջոցով վերածվել իրական կերպարների։ Այս գործընթացը մասնակիցների համար առանձնահատուկ փորձառություն էր՝ համագործակցելու համայնքի կրթական հաստատությունների հետ և կիրառելու ժամանակակից գործիքներ գաղափարները կյանքի կոչելու համար։

Կարևորելով համայնքի ավագ բնակիչների փորձառությունը․ Շենիկ

Հաջորդ կանգառը Շենիկն է՝ ՔՈԱՖ-ի վաղեմի շահառու համայնքներից մեկը, որտեղ տարիներ շարունակ իրականացվող ծրագրերի շնորհիվ երիտասարդները շարունակաբար զարգացնում են իրենց կարողությունները։ Շենիկի համայնքային զարգացման ծրագիրը այս անգամ փոխել էր կենտրոնացումը՝ ոսպնյակները ուղղելով ավագ սերնդին։ Կարևորելով նրանց փորձառությունն ու հիշողությունը՝ Քաղաքացիական կրթության ծրագրի մասնակիցները հավաքագրել են նրանց պատմություններն ու հուշերը՝ ստեղծելով յուրահատուկ «շենիկյան շնչով» թերթը։

Նախաձեռնությունը նաև խաղային շարունակություն է ստացել։ Եթե երբևէ խաղացել եք «Այլկերպ»-ը և պատրաստ եք ավելի բարդ տարբերակի, ապա «Շենիկախոսքը» կդառնա ձեր նոր մարտահրավերը։ Այն ծրագրի մասնակիցների կողմից մշակված սեղանի խաղ է, որի միջոցով կարելի է բացահայտել, թե որքանով եք տիրապետում Արմավիրի մարզին բնորոշ տեղական բարբառին։

Առողջ բնակիչ, առողջ համայնք․ Մյասնիկյան և Հացիկ

Ժամանակակից աշխարհում արագ սնունդն ու նստակյաց կենսակերպը հաճախ դառնում են առօրյայի մաս։ Այդ պայմաններում առավել քան կարևոր է շարունակաբար բարձրաձայնել առողջության և առողջ ապրելակերպի թեման, հատկապես՝ դեռահասների շրջանում։

Մյասնիկյանի՝ ծրագրի մասնակից աշակերտները առաջարկում են առողջ ապրելակերպի մասին գիտելիքները ստուգել իրենց ստեղծած համանուն թվային խաղի միջոցով և բացահայտել, թե որքանով եք տիրապետում առողջ սովորությունների ձևավորման հիմնական սկզբունքներին։

Իսկ հարևան Հացիկում ուշադրության կենտրոնում էր մեկ այլ մտահոգիչ երևույթ՝ անչափահասների շրջանում էներգետիկ ըմպելիքների և ծխախոտի օգտագործումը։ Համայնքային զարգացման ծրագրի շրջանակում մասնակիցները այցելել են դպրոցի հարակից խանութներ՝ նպատակ ունենալով իրազեկել էներգետիկ ըմպելիքների բացասական ազդեցությունների մասին և աջակցել դեռահասներին էներգետիկ ըմպելիքների վաճառքի սահմանափակմանը։

Արհեստական բանականությունը՝ գործիք, գրագետ կիրառումը՝ առաջնահերթություն․ Նալբանդյան

Արհեստական բանականությունն արագորեն ներթափանցում է մեր կյանք՝ միաժամանակ հեշտացնելով բազմաթիվ գործընթացներ և առաջ բերելով նոր մարտահրավերներ։ Միայն գրագետ ու քննադատաբար մտածող օգտատերը կարող է որոշել՝ ինչպես և երբ կիրառել ԱԲ գործիքները՝ դրանք ծառայեցնելով սեփական զարգացմանը։ Այդ պատճառով ԱԲ գրագիտության ձևավորումը դառնում է առաջնահերթություն, իսկ դեռահասների իրազեկումն ու ակտիվ ներգրավվածությունը՝ դրա կարևոր բաղադրիչը։ 

Այս նպատակին էր ծառայում Նալբանդյանի թիմի համայնքային զարգացման ծրագիրը․ իրազեկման 5-օրյա արշավ Սնեփչատում*, որը նպատակ ուներ դեռահասներին ներգրավել ոչ միայն որպես լսարան, այլ նաև դարձնել նախաձեռնության ակտիվ մասնակից։ Նախաձեռնությունը, սակայն, չի սահմանափակվել միայն թվային հարթակներով․ այն հասել է նաև համայնքի կրթական ու մշակութային կենտրոններ՝ մշակույթի տուն, գրադարան, դպրոց և բուժկետ՝ ընդգծելու, որ ԱԲ-ն չի փոխարինում մարդուն, այլ աջակցում է ուսմանն ու տեղեկատվության պատասխանատու օգտագործմանը։

«Ես բացահայտեցի իմ համայնքն ու նորովի սիրեցի այն»

Ահա ծրագրի գլխավոր նպատակը՝ մասնակիցների համար վերաիմաստավորել համայնքն ու կարևորել դրա մի մասը լինելը, հոգատարությունը վերածել նախաձեռնության և գործել հանուն համայնքի։ 

*Մուլտիմեդիա հաղորդագրությունների բջջային հավելված, որը լայն կիրառություն ունի դեռահասների շրջանում 

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

April 1, 2026
Կատեգորիա

Երբ երիտասարդները առաջնորդում են համայնքի զարգացումը, փոխակերպումն ավելի մեծ նշանակություն է ունենում

April 1, 2026
Կատեգորիա

Լոռու մարզից մինչև Սյունիք. անգլերեն սովորող 700 աշակերտ սկսում է իր հաջողության ուղին

April 1, 2026
Կատեգորիա

Սովորել՝ կառուցելով. ՍՄԱՐԹ-ի ուսանողները՝ ռոբոտների հաքաթոնում

March 17, 2026
Կատեգորիա

«Հուզական ինտելեկտ» ծրագիր. ՍՄԱՐԹ կրթական մոդելի նոր բաղադրիչը

February 2, 2026
Կատեգորիա

Արփինե Ղազումյան. ՍՄԱՐԹ-ից դեպի օպերային մեծ բեմեր

April 1, 2026
Կատեգորիա

Խրախուսելով ստեղծարարությունը Լոռիում. ՔՈԱՖ-ի և Վահէ և Լյուսի հիմնադրամի համատեղ արվեստի մրցույթի եռամյա ուղին